Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանից ժամեր առաջ http://hy.wikipedia.org/ առցանց հանրագիտարանում «Գեորգի Կուտոյան» անվամբ մասնակիցը փորձել է հեռացնել նախկին պաշտոնյայի կենսագրությունը։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց առցանց հանրագիտարանի խմբագիրներից Յուրա Մկրտչյանը։
«Հայերեն «Վիքիպեդիա»-ում երևում է, որ Գեորգի Կուտոյանի մասին հոդվածի պատմությամբ երևում է, որ հոդվածից առնվազն երեք անգամ փորձել են տեղեկատվությունը հեռացնել։ Երկու անգամ՝ սույն թվականի հունվարի 3-ին, և մեկ անգամ երեկ՝ հունվարի 16-ին։ Երկու անգամ հոդվածի բովանդակությունը փորձել է հեռացնել «Գեորգի Կուտոյան» անվամբ մասնակիցը, և մեկ անգամ չգրանցված մասնակից` IP հասցեով», – ասաց Մկրտչյանը։
Յուրա Մկրտչյանի խոսքով՝ IP հասցե տեղորոշող ծառայությունները ցույց են տալիս, որ տվյալ IP-ն հայաստանյան է։
«Բայց դեռ հստակ բան ասել չենք կարող, ինչպես չենք կարող ասել, որ տվյալ մասնակիցը՝ «Գեորգի Կուտոյան» գրանցվածը, Կուտոյանն էր, թե ոչ։ Անհասկանալի է այդ պարագայում», – նշեց Մկրտչյանը։
Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել է այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում։
ԱԱԾ նախկին տնօրենի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Նյութի աղբյուր