Որքան էլ դժվար է Հայաստանի տնտեսական վիճակը, հասկացանք, դժվարություններ են և այլն, բայց պատերազմն այդպես է, պատերազմը հաճելի բան չէ: Պիտի լավ չուտենք, պիտի լավ չհագնենք, պիտի դպրոց չգնանք… մեր ամբողջ ուժը դնենք այս պատերազմական գործի մեջ, հաղթենք ու հետո բոլորիս համար լավ կլինի»,- ասում էր Մոնթեն՝ Ավոն. այսօր՝ նոյեմբերի 25-ին, հրամանատարը կդառնար 56 տարեկան:
Ծնվել էր ԱՄՆ-ում՝ Ֆրեզնոյի մոտակայքում գտնվող Վայսելիա ավանում, այնտեղ էլ դպրոց հաճախել: 1969-70-ականներին ծնողների հետ ճամփորդելով 41 երկրով, այցելեց նաև Արևմտյան Հայաստան, որտեղ առաջին անգամ գիտակցեց՝ հայ է: 1978-ին Կալիֆորնիայում ավարտելով Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը մեկնեց Իրան, ապա՝ Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։
1980-ին անդամագրվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ), ռազմական գիտելիքները կատարելագործեց ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում, ապա կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը: 1981 թվականին Ավոյի մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:
1981-ի Ֆրանսիայում Մոնթեին կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով ձերբակալեցին՝ նախ դատապարտելով 4 ամսվա ազատազրկման, ապա որոշեցին վտարել երկրից: 1985-ին նա կրկին կեղծ անձնագրով վերադարձավ Ֆրանսիա, բայց մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով. բանտից դուրս եկավ 1989-ին:
Հայաստան եկավ այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը. արդեն 1991-ի սեպտեմբերին մեկնեց Արցախ: Մի քանի ծանր մարտերից հետո` 1992-ի հունվարին, Մոնթեին հանձնարարում են Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները, Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեցին Քարվաճառը, Օմարի լեռնանցքը:
Մոնթեն և զինվոր էր, և հրամանատար: Մարտական ընկերները պատմում են, որ Մոնթեն խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների հանդեպ: Մարտունեցիները պատմում են, որ նաև հոգատար էր զինվորների նկատմամբ։ Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում՝ ինքը չէր վերցնում ոչինչ։ Հաճախ լվանալ ու կարկատել էր տալիս իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար։
1993-ի հունիսի 12-ին Մոնթեն ընկերների հետ Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝ մոտենում են, պարզվում է՝ ադրբեջանցիներ են: Սկսվում է փոխհրաձգություն, որի արդյունքում Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը, ընկնում են: Հետմահու Մոնթեն արժանացավ Ազգային հերոսի կոչմանը:
PanARMENIAN.Net