Սիրելի հավատավոր ժողովուրդ ի Հայրենիս, Արցախ և ի Սփյուռս.

Քրիստոսի` մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր մեր ցնծագին գոհաբանությունն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք մեր Փրկչին` Բեթղեհեմում ծնված մանուկ Հիսուսին: Սուրբ Ծննդյան օրհնյալ օրը երկիրը երկինք դարձավ, և նրանում ծագեց Արդարության արեգակը` ճշմարտության լույսով լուսավորելու համար մարդկային հոգիները, որպեսզի ճանաչեն, տեսնեն ու գտնեն իրենց փրկությունը:

Աստծո Որդին խոնարհվեց երկնային բարձունքներից, մարդացավ ու աշխարհ եկավ` բանսարկուի խաբեությամբ դրախտից վտարված մարդուն ազատելու մեղքից և մեղք սերմանող սատանայի իշխանությունից: Եկավ, պատվիրանազանցությամբ Աստծո դեմ ելած նախաստեղծ մարդու կորուսյալ սերունդներին վերստին երկնքի արքայություն վերադարձնելու և Աստծո որդեգիրները դարձնելու: «Ցո՛յց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ, քանզի դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս» (Սաղմ. ՃԽԲ 8), ի պատասխան մարդկության այս աղերսի, որ սաղմոսերգուի շուրթերով երկինք էր բարձրանում` հնչեց մեր Փրկչի ձայնը. «Ես եմ ճանապարհը և ճշմարտութիւնը և կեանքը»:

Ճշմարտությունը և կյանքը Իր անձի հետ նույնացնելով` մեր Տերը ճշմարտությունը հավասար արժեք հռչակեց կյանքին: Նա ճշմարտության ճառագայթներով ցրեց մարդկային մոլորությունների ու մեղսագործությունների խավարը և պարգևեց մարդկանց Ճշմարտության Սուրբ Հոգին (Յովհ. ԺԴ 17), որպեսզի մարդկության ընթացքը հաստատվի խաղաղության ու արդարության, միմյանց հանդեպ սիրո և ազնվության վրա հիմնված կյանքի մեջ:

Տիրոջ փրկագործությամբ պարտություն կրած չարն այսօր էլ մոլեգնությամբ պատերազմում է մարդկային հոգիների համար, փորձելով մշուշով պատել Քրիստոսի բերած ճշմարտության լույսը« որպեսզի մարդիկ չտեսնեն դեպի երկինք տանող ճանապարհը և խաբեության որոգայթներում մոլորվելով` զրկվեն երկնային արքայության հավիտենական կյանքից: Չարը դադար չունի, գործում է օրնիբուն և գործում է մարդկանց միջոցով: Չարը ճանապարհ է հարթում, երբ կյանքում պակասում է նախանձախնդրությունը ճշմարտության հանդեպ, և սուտը գտնում է իր համակիրներին: Չարի խաբեպատիր ընթացքները զորանում են, երբ մարդը հեռանում է Քրիստոսի ուսուցանած սկզբունքներից` կյանքը լցնելով կեղծիքներով ու խեղաթյուրումներով: Այսպես է, որ իրողությունների ներկայացումը ձևափոխվում է բանսարկության և անճիշտ գնահատականների, կրոնի ընկալման մեջ կամայական ու շահախնդիր մեկնաբանությունները ծնունդ են տալիս աղանդների, մարդու իրավունքի պաշտպանության պահանջով պարտադրվում են երբեմն նաև հասարակության մտածելակերպին ու արժեհամակարգին անհարիր բարքեր: Այսպես է« որ աշխարհում բարոյականությունը տեղի է տալիս ապաբարոյականության առջև, խոսքի ազատությունը վերածվում է խոսքի սանձարձակության, վկայությունը` ճշմարտության խեղումի: Ճշմարտությունը նենգափոխելով քաղաքական շահերը հաճախ հակադրվում են արդարությանն ու խաղաղությանը, նյութականի մոլուցքը, եսակենտրոն ձգտումները` գթությանն ու մարդասիրությանը` աշխարհում բազմացնելով հակամարտությունները, վիշտը, կարիքն ու նեղությունները:

Կյանքն ալեկոծող այսպիսի իրողություններից աշխարհը կձերբազատվի, երբ մարդիկ ընդունեն Քրիստոսի ճշմարտությունը, երբ իրենց հավատավոր գործերով վկայեն Տիրոջ ներկայությունը և առաքյալի պես բարձրաձայնեն. «Իմ մէջ կայ Քրիստոսի Ճշմարտութիւնը» (Բ Կորնթ. ԺԱ 10): Ճշմարտությունը կրելով միայն, մարդկությունը կարող է ապահովել կյանքի առաջընթաց, բարեփոխում, բարի արդյունք ու զարգացում, քանզի ոչինչ մնայուն չի կառուցվում խաբեության վրա, ոչ մարդկային հարաբերություններ, ոչ բարվոք հասարակական կյանք ու պետականություն: Երբ ճշմարտությունը մարդկանց մեջ չէ, արժեզուրկ են նվիրում, արդարություն, եղբայրսիրություն, բայց ճշմարտությամբ առնում են զորություն և գործի վերածվելու ուժականություն:

Մեր իրականության մեջ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, նույնպես, ցավոք, տեղ են գտնում վատաբանությունն ու բանսարկությունը, անտարբերությունը երկրի ընդհանուր բարիքի նկատմամբ: Նահանջ են ապրում ընտանեկան ավանդական արժեքները, դժվարությունների առջև` հանձնառության ոգին: Պատասխանատվությունը ստորադասվում է իրավունքին, անզուսպ պահվածքն ու վիրավորանքը ընկալվում է որպես քաջություն: Սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը հաճախ ի չարս է գործադրվում ճշմարտությունն աղավաղելու, կողմնակալ տեսակետներ տարածելու համար: Այսպիսի մտայնությանց մեջ սուտը քողարկվում է ճշմարտության դիմակով, բանավեճը դառնում է վիճաբանություն, քննարկումը վերածվում քամահրանքի ու դատապարտության խոսքի, որոնցից հեռանում է Աստծո ճշմարտության Հոգին, Աստծո իմաստությունը, և մենք դժվարանում ենք, այո, նույնիսկ դադարում ենք տեսնել բարին, արդարը, ու մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը և գալիքի հույսն ու լավատեսությունը:

Բեթղեհեմում ծնված Մանուկն է, սիրելի հավատավոր ժողովուրդ, ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Նրան պիտի ապավինենք, մեր սրտերում Նրա ճշմարտությունը կրենք, որ վերափոխվի մեր կյանքը, լցվի աներկյուղ վստահությամբ, դժվարությունները հաղթահարելու և ամեն բան Աստծո բարերար կամքով ուղղելու զորությամբ: Ճշմարտությունն ազատարար է: «Եւ կճանաչէք ճշմարտութիւնը« և ճշմարտութիւնը կազատի ձեզ» (Յովհ. Ը 32),- ասում է մեր Տերը: Ապրենք ու գործենք Քրիստոսի ճշմարտությամբ, Նրա խոսքն ու պատգամները դարձնենք մեր կյանքի խավարացիր լույսը, մեր հանդեպ Նրա սերն ու ողորմությունը` մեզ միավորող ուժը, ազգի միասնությունը կերտող զորությունը: Անխախտ ու ամուր պահենք մեր միաբանությունը, համերաշխության ոգին, խնամք տանենք և հոգանք միմյանց համար, մեր երկրի, հոգևոր և ազգային մեր կյանքի վերելքի համար: Միայն այսպես, միմիայն այսպես պիտի կերտենք շեն ու բարօր մեր Հայրենիքը: Միայն այսպես կարող պիտի լինենք Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը դարձնել մեր արդար դատի հաղթանակի հանգրվան և բարվոք, արդար լուծման առաջնորդել արցախյան հիմնախնդիրը: Այսպես կենսունակ պիտի պահենք Սփյուռքը, հույս ու ապավեն դառնանք և նեցուկ լինենք հակամարտության դժվարությունները կրող սիրիահայ մեր եղբայրներին ու քույրերին: Եվ թող մեր բոլոր գործերը Տիրոջով լինեն:

Այս մաղթանքով, Սուրբ Ծննդյան ավետիսով Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, Հայ Եկեղեցու ուխտապահ ու նվիրյալ ողջ հոգևոր դասին, մեր քույր Եկեղեցիների շնորհազարդ հոգևոր Պետերին:

Հայրապետական օրհնությամբ և Սուրբ Ծննդյան շնորհների հայցով ողջունում ենք Սուրբ Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին և առաջին տիկնոջը: Մեր ողջույնն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին£

Աստվածակառույց Սուրբ Էջմիածնից, մեր Տիրոջ և Փրկչի Իջման Սուրբ Սեղանից Սուրբ Ծննդյան ավետիսով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ի սփյուռս աշխարհի հավատավոր համայն մեր ժողովրդին:

Այս բերկրալի օրը հայցենք, որ Փրկչի Ծննդյան շնորհները մշտասփյուռ լինեն աշխարհում, և մարգարեի մաղթանքով` ճշմարտությունը և ողորմությունը հանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը համբուրվեն (Սաղմ. ՁԴ 11):

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան լուսազարդյալ շողերը պայծառացնեն մեր Սուրբ Եկեղեցին, մեր Մայր Հայրենիքը, աշխարհասփյուռ հայ կյանքը, որ այն լինի փառաբանություն Բարձրյալն Աստծուն և պարգևի ազգիս մշտապես հոգևոր անհուն ուրախություն, և մենք այսօր և միշտ խնդությամբ ավետենք.

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
ձեզ և մեզ մեծ աւետիս:
lurer.com