Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հունվարի 14-ին, Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի ունեցած ավտովթարի փաստով: Նյութերի նախապատրասատման ընթացքում պարզվել է, որ վարորդը եղել է Երևանի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ծատուրյանը, ով տեղում մահացել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Վ. Ծատուրյանը ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը` հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 34 TՍ 857 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

Ինչպես հայտնել էր Գ. Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել էր, իսկ նրա դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր հատուկ տեխնիկայով մեքենան մասնատելուց հետո նոր կարողացել էին մահացածին դուրս բերել ավտոմեքենայից:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ:

Վթարի վայր էին ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը և ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը, ովքեր վթարի վայրում քննչական աշխատանքներ էին կատարել:

Տեսանյութը` Գագիկ Շամշյանի