Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում գտնվող Երասխ գյուղի բնակիչ 28-ամյա Վալերիկ Դալլաքյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Խուլիգանությունը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:

Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ լրատվամիջոցներից է տեղեկացել, որ իրենց համագյուղացին իրեն վատ է պահել օդանավում եւ շատ զարմացած է:

Թեեւ Վալերիկ Դալլաքյանը հաշվառված է Երասխ գյուղում, բայց 5-6 տարի է՝ նա ընտանիքի հետ միասին ապրում է Փոքր Վեդի գյուղում: «Ամուսնացած է, երկու երեխայատեր, նորմալ, աշխատող մարդիկ, խոպան էր գնում, գալիս: Շատ լավ երեխա է, չեմ կարող ասել՝ ինչ է եղել իր հետ, ինքը հաստատ էդ մարդը չէր, որ իրեն էդպես պահեր»,- ասաց գյուղապետը:

Նրա տեղեկություններով՝ Վալերիկ Դալլաքյանը սովորել է ԵՊՀ-ի Ֆիզմաթ ֆակուլտետում, որդի եւ դուստր ունի, մեծը 3 տարեկան է:

Վալերիկ Դալլաքյանը երկու եղբայր եւ մեկ քույր ունի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում նոյեմբերի 19-ին բռնաբարության փորձ է կատարվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ օրը, 17:30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայաններից մեկից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում անկարգ ուղեւոր կա: Իրավապահները ոստիկանության բաժին բերման են ենթարկել Երասխ գյուղի բնակիչ 28-ամյա Վալերիկ Դալլաքյանին: Նա օդանավում ցանկացել էր խախտել հասարակական կարգը, փորձել էր ծխել զուգարանում, անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել օդանավի անձնակազմի նկատմամբ:

Բացի այդ, պարզվել է, որ Դալլաքյանը հետեւել է նույն չվերթի ուղեւորուհիներից մեկին եւ զուգարան մտնելիս սեռական ցանկությունները բավարարելու նպատակով անպարկեշտ հպվել էր աղջկան, քաշքշել նրան: Նա նույնպիսի փորձ էր կատարել նաեւ օդանավի բորտուղեկցորդուհու նկատմամբ:

Նախապատրաստված նյութերն օգտագործվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք: Քննությունը շարունակվում է:
news.am