Ամուսնուն՝ իր նկատմամբ սեռական ոտնձգության մեջ մեղադրող Գայանե Պ-ն դատապարտվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Գործի նյութերի համաձայն՝ 40-ամյա Գայանե Պ.-ն, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինը՝ Տիգրան Պ.-ն, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել: Վերջիններս ունեն նաեւ երկու չափահաս երեխաներ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննելով գործը վճռել է Գայանե Պ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման 6 ամիս ժամկետով: Նրա նկատմամբ դատարանը կիրառել էՀՀ Ազգային ժողովի 2013թ հոկտեմբերի 03-ին «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը եւ նրան ազատել պատժի կրումից:
Աղբյուր՝ news.am