Սեռական հարաբերությունների սովորական դասական տարբերակը երբեմն փոխարինվում է կամ ավելի սուր զգացողություններ ունենալու համար լրացվում այլընտրանքային սեքսով: Թե ինչքանով է այն պարտադիր կամ ցանկալի զույգերի սեռական կյանքում, ինչ կարող է լինել դրա բացակայության կամ մշտապես միայն այդ տարբերակով սեռական բավարարվածություն ստանալու դեպքում’ Ladynews.am-ը փորձեց պարզել ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանից:

«Սեռական կյանքում գոյություն ունի մի հասկացություն, որը կոչվում է սեռական գուրգուրանքների և սեռական մերձեցման թույլատրելիության շրջանակ: Յուրաքանչյուր անհատ ունի իր պատկերացումներն ու մոտեցումները’ պայմանավորված իր սեռական կոնստրուկցիայի տիպով, ինտելեկտուալ աստիճանով, մտահորիզոնով, երևակայությամբ ու ըստ այդմն էլ, յուրաքանչյուրի մոտ ձևավորվում է սեքսուալ մերձեցման թույլատրելիության շրջանակ»,- անդրադառնալով թեմային’ նշեց սեքսապաթոլոգը:

Նրա խոսքով’ հաճախ է ամուսնական զույգերի մոտ աններդաշնակություն առաջանում’ կապված սեռական մերձեցման թույլատրելիության շրջանակի հետ, այսինքն’ հնարավոր է’ զույգերի մոտ առաջանա ցանկությունների և ռեալ իրավիճակի բախում. «Մեկի համար ցանկալի է կամ հաճելի ինտիմ մերձեցման մեկ շրջանակ, մյուսի համար դա ընդունելի չէ: Տեղեկատվական դաշտը հիմա շատ բաց է ու հասանելի, համացանցում մեծ ինֆորմացիա կա, և շատերը, ստանալով սեռական կյանքին առնչվող տարբեր տեսակի տեղեկատվություն, ունենալով տարատեսակ պատկերացումներ, փորձում են դա կիրառել իրենց սեռական կյանքում’ կարծելով, որ դա պարտադիր է կամ չափանիշ. ամենևին’ ոչ»,- ասաց Սևադա Հակոբյանը: Ըստ նրա’ յուրաքանչյուր ամուսնական զույգ ինքը պետք է ընտրի իր համար նախընտրելի, ցանկալի սեռական կյանքի թույլատրելիության շրջանակը, որը երկուսին էլ կպատճառի հոգեսեքսուալ բավարարվածություն. «Չկան ինչ-որ չափանիշներ կամ տարբերակներ, որոնք բոլոր զույգերի մոտ պետք է պարտադիր կիրառելի լինեն, դա խսիտ անհատական է»:

Մասնագետի հավաստիացմամբ’ այլընտրանքային սեքսը որպես պաթոլոգիա է դիտվում, երբ զույգերի սեռական կյանքից առհասարակ դուրս է մղվում սեքսի սովորական դասական տարբերակը: Մնացած դեպքերում զույգն ինքը պետք է որոշի’ ունենա՞լ այլընտրանքային սեք, թե՞ ոչ: «Խորհուրդ է տրվում, որ զույգերն անպայման խոսեն իրար հետ, արտահայտեն իրենց ցանկությունները, պատկերացումները, որպեսզի լռությունն ու հոգեսեքսուալ անբավարարվածությունը չբերի դավաճանության կամ արտաամուսնական կապերի»,- հորդորեց Սևադա Հակոբյանը:

Աղբյուր` LADYNEWS.am