Հեշտոցն ունի ավելի շատ մականուն, քան կնոջ մարմնի ցանկացած այլ հատված: Այն կարող է պատճառել քեզ թե՛ անսահման հաճույք, թե՛ մեծ ցավ, առավել ևս՝ եթե պատրաստվում ես մայրանալ:
Cosmo-ն պարզել է, որ կանանց ու աղջիկների շուրջ 60%-ը համարյա ոչինչ չգիտի հեշտոցի մասին, մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարմնի այդ հատվածի մասին մանրամասն տեղեկություններ ունեցող կանայք ավելի հաճախ են օրգազմ ունենում: Մենք կազմել ենք 15 կետից բաղկացած ցուցակ, որը թույլ կտա քեզ ավելի լավ ճանաչել քո V գոտին: Սրանք կարևոր փաստեր են քո հեշտոցի, նրա կառուցվածքի, հիգիենայի և խնամքի մասին:
1. Այն ընդամենը քո մարմնի մի մասն է
Շատերը, հեշտոց ասելով, հասկանում են մարմնի ինտիմ մասերն առհասարակ: Սակայն հեշտոցն ընդամենը կանացի արտաքին սեռական օրգաններից (արտաքին և ներքին սեռական շուրթեր, ծլիկ և շեք) դեպի արգանդի ստորին մասը` վզիկը, տանող նեղ փողն է:
2. Հեշտոցները միանման տեսք ունեն
Ներսից նրանք միանման են, տարբերվում են միայն արտաքին կանացի սեռական օրգանները: Ծլիկի երկարությունը մոտ 2.5-3 սմ է, արտաքին սեռական շուրթերը կարող են հազիվ նշմարվել կամ ունենալ մի քանի սանտիմետր երկարություն, իսկ ներքին շուրթերը, որոնք թիթեռի թևեր են հիշեցնում, կարող են թաքնված լինել արտաքին շուրթերի հետևում: Կանանց մեծ մասի մոտ սեռական շուրթերը սիմետրիկ չեն` հիմնականում մի կողմը մյուսից ավելի մեծ է:
3. Հեշտոցի մոտի մաշկը կարող է ուրիշ գույն ունենալ
Այդ մասում մաշկի երանգը կարող է տարբերվել քո մարմնի գույնից: Բաց մաշկով կանայք կարող են ունենալ շագանակագույն կամ բոսորագույն սեռական շուրթեր, իսկ թուխ աղջիկներն, ընդհակառակը` ավելի բաց գույնի արտաքին սեռական օրգաններ: Շուրթերը կարող են լինել մուգ, իսկ շեքը` բաց վարդագույն:
4. Հեշտոցի պատերը խորդուբորդ են
Առհասարակ, հեշտոցի պատերն անհարթ են և ամուր իրար սեղմված, սակայն անհրաժեշտության դեպքում, օրինակ` տամպոն մտցնելիս կամ սեքսի ժամանակ, պատերն իրարից բաժանվում են ու լայնանում, բացվում են անձրևանոցի պես: Հեշտոցը կարող է լայնանալ մինչև 5 սմ և ավելի. ի վերջո, երեխան ևս այդ ճանապարհով է լույս աշխարհ գալիս:
5. Մի՛ անհանգստացիր. «խոշոր» բարեմասնություններից այն չի լայնանա
Ինչպես արդեն նշվեց, հեշտոցը շատ առաձգական է և կարող է տեղավորել անգամ հսկայական չափի առնանդամ: Իսկ սեքսից հետո այն կվերադառնա իր սովորական տեսքին: Ծննդաբերությունից հետո հնարավոր է մկանների որոշ թուլացում, ինչը կարելի է ուղղել կոնկրետ վարժությունների շնորհիվ (տե՛ս կետ 7):
6. Երկար սեռական դադարը չի կարող կուսաթաղանթի վերականգնման պատճառ դառնալ
Ասում են, թե սեռական կյանքի երկարատև բացակայության պատճառով քո հեշտոցը կարող է այնքան ձգվել, որ սեքսը ցավ կպատճառի՝ ինչպես առաջին անգամ՝ կուսությունը կորցնելիս: Սա անհեթեթություն է: Իհարկե, սկզբում մկանները կլինեն մի փոքր լարված, սակայն առնանդամի մուտքը հեշտոց ցավոտ չի լինի:
7. Վարժություններն օգտակար են
Ինչպես ֆիզիկական մարզանքն ամրապնդում է մարմինը, այնպես էլ այդ մասի մկաններն աշխատեցնելը բարենպաստ ազդեցություն է ունենում հեշտոցի վրա: Վարժությունները կհեշտացնեն նաև ապագայում կլիմաքսի շրջանի հաղթահարումը: Ահա շատ օգտակար մարզանք քո V գոտու համար. պինդ սեղմիր հեշտոցային մկանները, պահիր այդպես մոտ 10 վայրկյան և թուլացրու: Կրկնիր 10-20 անգամ: Կատարիր այս վարժությունն ամեն օր և մոտ մեկ ամսից դրական փոփոխություններ կզգաս:
8. Այնտեղ վխտում են բակտերիաներ
Ժամանակից շուտ մի՛ վախեցիր. այդ բակտերիաներն օգտակար են. նրանք խոչընդոտում են տարբեր վարակների ներթափանցումը: Օգտակար բակտերիաների թվին են պատկանում լակտոբացիլները, որոնք կան նաև յոգուրտների բաղադրության մեջ: Ի դեպ, որոշ գինեկոլոգներ մի շարք սնկային հիվանդությունների բուժման համար խորհուրդ են տալիս մոտ մեկ ճաշի գդալ յոգուրտ մտցնել հեշտոցի մեջ (կարող ես դնել տամպոնի վրա ու հրել ներս):
9. Այն ինքնամաքրվում է
Հեշտոցը ներսից լվանալու կարիք չկա. այն ինքնամաքրվում է արտադրության շնորհիվ: Դա նրա յուրահատկությունն է: Լվանալ պետք է միայն շուրթային ծալքերի ու շեքի հատվածը: Դրա համար օգտագործիր փափուկ, հոտ չունեցող օճառ:
10. Շրջապատող մազերն ամենևին պարտադիր չեն
Քարե դարում խիտ մազափունջը պաշտպանում էր հեշտոցը բակտերիաներից, իսկ դրա հոտը գրավում էր տղամարդկանց: Մեր օրերում պաշտպանական դեր կատարում է հագուստը, իսկ յուրահատուկ հոտը գրավելու փոխարեն կարող է վանել տղաներին: Ավելին՝ նրանցից շատերին հարթ, մազերից զուրկ V գոտին մեծապես գրգռում է:
11. Դաշտանային ցիկլի ընթացքում հեշտոցի հոտն ավելի է ուժեղանում
Ամեն հեշտոց իր յուրահատուկ հոտն ունի, որն ավելի սուր ու թթվային է դառնում ցիկլից առաջ: Հոտը կարող է ավելի արտահայտիչ դառնալ նաև ֆիզիկական վարժություններից հետո` քրտնագեղձերի աշխատանքի պատճառով, և սեքսի ժամանակ` օրգանիզմի արտադրած բնական յուղանյութի շնորհիվ:
12. Սեքսն օգտակար է հեշտոցի համար
Սեքսը դրական ազդեցություն ունի հեշտոցի վրա. անկախ նրանից՝ կհասնես օրգազմի թե ոչ, այն նպաստում է դրական հորմոնների արտադրմանը: Մի շարք գինեկոլոգներ ասում են, որ օրգազմը թուլացնում է նյարդային լարվածությունը. շատ հարմար առիթ է ընկերոջդ հետ առանձնանալու համար:
13. Չափից ավելի սեքսը կարող է վնասակար լինել
Եթե կայուն սեքսը ոչ միայն հաճելի է, այլև՝ օգտակար, ապա կարճ ժամանակահատվածում սեքսի չարաշահումը կարող է գրգռվածության, հարվելու և անգամ միզուղիների վարակի պատճառ դառնալ: Այդպիսի հիվանդություններով վարակվելու վտանգն առավել մեծ է, երբ դու «վերևից» ես կամ «միսիոներական» դիրքում, քանի որ այդ ժամանակ տղայի առնանդամն առավել մոտ է քո միզածորանին, և վտանգավոր բակտերիաները կարող են հեշտությամբ ներս թափանցել: Ինչևէ, այդ դիրքերից բոլորովին հրաժարվելու կարիք չկա. պարզապես պետք է հարաբերությունից հետո միզել, և հիվանդածին բակտերիաներն օրգանիզմից դուրս կգան:
14. Հեշտոցային արտադրությունը փոփոխական է
Ձվազատման շրջանում հեշտոցային արտադրությունը շատ բաց գույնի է և կազմում է մոտ 2 թեյի գդալ օրվա ընթացքում: Իսկ դաշտանից առաջ այն կրեմանման է և ավելի թանձր: Սակայն, եթե այն տհաճ հոտ ունի կամ բաղադրությամբ հիշեցնում է կաթնաշոռ, անհապաղ դիմիր բժշկին:
15. Այնտեղ ոչինչ չի կարող կորչել
Քո հեշտոցը Բերմուդյան եռանկյունի չէ. նրա մեջ ոչինչ չի կարող կորչել կամ անցնել արգանդ. վզիկը փակում է մուտքը: Բայց, օրինակ, տամպոնը կարող է չափազանց խոր թափանցել և դուրս հանելու ժամանակ բարդություններ առաջացնել: Եթե ինքնուրույն արդյունքի չհասնես, դիմիր գինեկոլոգի օգնությանը. նա հեշտությամբ կհանի տամպոնը: Ի դեպ, խուսափիր սիրային խաղերի ժամանակ այդ մասերին շոկոլադե օշարակ կամ հարած սերուցք քսելուց. շաքարը կարող է վարակի պատճառ դառնալ:
Հարցի «ցավոտ» կողմը
Այս երկու խնդիրները հազվադեպ են հանդիպում և քիչ են ուսումնասիրված բժշկության մեջ. մինչդեռ դրանք կարող են մեծ անհարմարություն և անգամ ցավ պատճառել կնոջը:
Վագինիզմ: Սա հեշտոցային մկանների ինքնաբերական սեղմման երևույթն է, որի պատճառով շատ ցավոտ, անգամ՝ անհնարին են դառնում սեքսը, տամպոն տեղադրելը և նույնիսկ գինեկոլոգի մոտ ստուգվելը: Այս հիվանդությունը հնարավոր է բուժել թերապևտիկ միջոցներով կամ հոգեբանի օգնությամբ: Ցավոք, նման խնդիր ունեցող կանայք բավական ուշ են դիմում մասնագետի օգնությանը և վերապրում են շատ բարդ սթրեսային շրջան` փորձելով ինքնուրույն հասկանալ ցավի ու լարվածության պատճառները:
Վուլվոդինիա: Արտահայտվում է արտաքին սեռական օրգանների գերզգայունությամբ. անգամ թեթև հպումը ցավ է պատճառում: Վուլվոդինիան կոնկրետ ախտանիշներ չունի և հիմնականում զարգանում է լուրջ սնկային հիվանդությունների բուժումից հետո: Տվյալ դեպքում ցավը կարելի է թեթևացնել հակադեպրեսանտների միջոցով:
Անհրաժեշտությո՞ւն, թե՞ քմահաճույք
Ասում են՝ հեշտոցային վիրաբուժությունը կարող է մեծացնել սեքսից ստացած հաճույքն ու բարելավել այդ մասի արտաքին տեսքը: Մեր կարծիքով՝ մարմնի այդ մասը որևէ բարելավման կարիք չունի: Բացի այդ, նման միջամտությունները շատ հազվադեպ են արդարացված բժշկական տեսանկյունից և խիստ ծախսատար են:
Ահա դրանցից մի քանիսը.
Հեշտոցի երիտասարդացում: Մի շարք կանայք բողոքում են, որ հեշտոցի մկանների թուլացման պատճառով սեքսի ժամանակ նվազում է սեռական հաճույքը: Այս վիրահատությունն ամրապնդում է հեշտոցային մկանները: Իրականում որևէ ապացույց չկա, որ «թարմացած» հեշտոցով կանայք սեքսից ավելի մեծ հաճույք են ստանում:
Լաբիապլաստիկա: Այս վիրահատությունը կրճատում է ներքին և արտաքին սեռական շուրթերի չափսը և ուղղում դրանց անհարթությունն ու ասիմետրիկությունը: Մինչդեռ ոչ սիմետրիկ և անհարթ սեռական շուրթերը բշժկության մեջ համարվում են նորմա:
G կետի ակտիվացում: G կետի տարածքն ընդլայնվում է կոլագենային կամ այլ կոսմետիկ ներարկումների միջոցով: Ենթադրվում է, որ դրա շնորհիվ էապես մեծանում է զգայունությունը:
Կուսաթաղանթի վերականգնում: Այս վիրահատությունը վերականգնում է կուսաթաղանթը` կնոջը տալով կուսությունից զրկվելու փորձառությունը կրկնելու հնարավորություն: Ինչևէ, ցավ, արյուն, լարվածություն … լավ մտածիր. մի՞թե այդ ամենը քեզ անհրաժեշտ է:
cosmo.am