Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք են սկսում ամբիոնի աշխատակցուհի, Նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանին աշխատանքից ազատելու պահանջով:
«Մենք չենք ցանկանում, որ մեր ֆակուլտետն ունենա նման աշխատակից: Ինքը հանդես է եկել կոչերով, որոնց հետ մենք համաձայն չենք: Վերջերս նաև քաղաքական թռուցիկներ է բաժանել ֆակուլտետում: Մենք ամաչում ենք, որ նման մարդ է աշխատում մեր ֆակուլտետում: Դրա համար ստորագրահավաք ենք անցկացնելու, որով ցույց կտանք, որ իր հայտարարությունների հետ համաձայն չենք»,- NEWS.am-ին ասաց ֆակուլտետի ՈւԽ նախագահ Աստղիկ Աբրահամյանը:
Ուսանողները բողոքում են, որ Անի Զախարյանը դասապրոցեսի ժամանակ աղջիկներին ազատ սեռական հարաբերություններ է քարոզում։
«Գալիս նստում է մեր աղջիկների կողքին, ու սկսում է համոզել: Բայց դե ոչ մեկն էլ իրեն չի լսում: Ինքը շիզոֆրենիայով է հիվանդ»,- ասաց ուսանողներից մեկը։
Անի Զախարյանի «շիզոֆրենիան» ապացուցելու համար ուսանողները NEWS.am-ին ուղեկցեցին լաբորատորիա եւ ցույց տվեցին նրա գրասեղանի վերևում փակցված՝ Անի Զախարյանի լուսանկարով օրացույցը։ Լաբորատորիայի աշխատակիցները նույնպես պնդում էին, որ Անի Զախարյանը «հոգեկան հիվանդ է»։
Աղբյուր՝ news.am