Ըստ մեղադրանքի՝ 61-ամյա Լորիս Լամբրիանովը 2011 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի մայիսի 18-ը իր կողմից ղեկավարվող՝ Երևանի Բագրատունյաց փողոցի 47 հասցեում գտնվող «Մուշ» արտադրական կոոպերատիվին պատկանող շոգեբաղնիքը գույքային օգուտ ստանալու նպատակով տրամադրել է մարմնավաճառուհիներ Աննային, Կարինեին, Սիրանուշին և այլոց՝ պոռնկությամբ զբաղվելու համար՝ ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս հատկացնելով պոռնկությամբ զբաղվելու պայմաններ ու պարագաներ: Մարմնավաճառներին տրամադրած առանձնասենյակների մեկ ժամի համար Լամբրիանովը գանձել է 4 հազար դրամ:

Լորիս Լամբրիանովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ընդհանուր իրավասության դատարանում Լորիս Լամբրիանովն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Լամբրիանովը վատառողջ է, նրա խնամքին են չաշխատող կինը և դուստրը:

Ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել, դատապարտել 3 տարի ազատազրկման, ապա կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել 2 տարի փորձաշրջան:

Դատարանի վճռով կոչնչացվեն շոգեբաղնիքում հայտնաբերված, առգրավված ու իրեղեն ապացույց ճանաչված 56 պահպանակները: Եթե դրանք փակ փաթեթավորումով, դեռ կուսական վիճակում գտնվող պահպանակներ են, ապա ոչնչացվելու փոխարեն կարող էին բարեգործական ակցիայի ձևով բաժանվել, ասենք, երիտասարդներին:
1in.am