Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը:

Եթե պարզվի, որ Աշոտ Սուքիասյանը հարեւան երկրում որեւէ հանցագործություն է կատարել, ապա այնտեղ քննություն կտարվի, կդատեն, այնուհետեւ նրան կարտահանձնեն Հայաստանին: Իսկ եթե պարզվի, որ գործարարը որեւէ հանցագործություն չի կատարել Վրաստանում, նրան կարտահանձնեն Հայաստանին եւ այստեղ նա կմասնակցի օֆշորային գործով քննությանը եւ ամեն ինչ կպարզվի: Նա լրատվամիջոցներից տեղեկացել է, որ Աշոտ Սուքիասյանը հրաժարվել է փաստաբաններից եւ չի ցանկանում, որ իրեն արտահանձնեն Հայաստանին:

Փայլակ Հայրապետյանը տեղեկացրեց, որ Աշոտ Սուքիասյանի կինը՝ նրա տեղակալն էր, գործընկերը, ինչ գործողություն կատարել են, միասին են կատարել, իսկ թե ինչու նրան չեն կալանավորել, Փայլակ Հայրապետյանը դա բացատրեց վարչապետի մտերիմ լինելու հանգամանքով: «Քանի որ վարչապետը իրենց ընկերն է, դրա համար էլ կնոջը մեղադրանք չեն առաջադրել: Բայց հիմա որ Աշոտին բռնել են, ամեն ինչ իր տեղը կընկնի, մինչեւ հիմա քննությունը չէր կատարվում, որովհետեւ ինքը չկար: Էս վարչապետը ինչքան էլ որ վեր-վեր թռնի, մեկ է՝ էս երկիրը պետություն է՝ ստեղծված իր օրենքներով, իր միլիցայով, դատախազությունով, քանի անգամ ենք տեսել, որ գեներալին հանել են, դատել են»,- ասաց գործարարը: Փայլակ Հայրապետյանը իր սնանկացման մեջ հիմնական մեղավորը համարում է բանկին, ոչ թե Աշոտ Սուքիասյանին՝ հավելելով, որ նա շատ վախկոտ մարդ է եւ ուղղակի խաբեբա է:

Նշենք, որ օֆշորային սկանդալում ներգրաված գործարար Աշոտ Սուքիասյանը բռնվել է: Նրան հայտնաբերել են Թբիլիսիում, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, ինչպես նաեւ Վրաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում: Այժմ քննարկվում է Աշոտ Սուքիասյանի Հայաստանին արտահանձնման հարցը:

Ավելի վաղ հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ պատճենը՝ «Հետքին»: Հինգ էջանոց նամակն Աշոտ Սուքիասյանն ավարտում է այսպես. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»:

Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:
news.am