Ըստ Գայանե Գալստյանի
Չնայած հայ տղաներից հեռու չէ: Նրանք կարող են լավ տպավորություն թողնելու համար հագնել ընկերոջ բաճկոնը, մեկ օրով վերցնել եղբոր նոր touchscreen հեռախոսն ու իրենց ասպետ երևակայելով` ներկայանալ ժամադրության: Բայց հրեշտակները միայն երկնքում են, ու քո մտքով էլ է շատ հաճախ անցնում, որ Լուսոյի այն պայուսակը շատ կսազեր քո նոր կոշիկի հետ: Մենք էլ ենք շատ հաճախ սխալներ անում ու ընկնում ծիծաղելի իրավիճակների մեջ: Չվախենաս, Cosmo-ն քո կողքին է` ինչպես միշտ պատրաստ օգնելու և հուշելու` ինչ անել և հատկապես ինչ ՉԱՆԵԼ:
Ինչ խորհուրդ չեն տալիս անել տղաներն առաջին հանդիպմանը
«Էն թուփն ինչի՞ ա շարժվում»
Հատկապես ինտերնետով ծանոթանալու դեպքում լինում են նման փայլատակումներ՝ «գնամ, հեռու կանգնեմ, եթե չհավանեմ, չեմ մոտենա»: Զգուշացի՛ր, տղաներն էլ պակաս հնարամիտ չեն: Այնպես չստացվի, որ երկուսդ էլ մի ժամ թփերի միջից միմյանց փնտրեք անցորդների մեջ: Կա ավելի վատ տարբերակ. դու չես ուզում, չէ՞, պատահաբար նրան հանդիպել նույն թփերի մեջ խարխափելիս:
Պետք չէ թաքնվել: Դու գրավիչ ու հետաքրքիր ես, վստահ քայլիր դեպի հանդիպման վայրը. նա վազելով դուրս կգա թաքստոցից:
Առանց հեծելազորի
Պարզվում է՝ հայ աղջիկները հաճախ են առաջին հանդիպմանը գնում ընկերուհու կամ քրոջ հետ: Դա, իհարկե, արդեն ժամադրություն չէ։ Նման դեպքերում լավ կլինի տղային զգուշացնես, այլապես կարող է անհարմար վիճակ ստեղծվել: Պարզապես պատկերացրու՝ գնում ես հանդիպման՝ ռոմանտիկ մտքերով տարված, ու հրապարակի ժամացույցի տակ կանգնած է Մեծն Արքայազնը՝ իր ընկերոջ հետ… No Comment…
«Կներես, հեռախոսիս ժամացույցն էր հետ ընկել»
Աշխատիր չուշանալ առաջին հանդիպմանը: Իհարկե, կարող ես 5-15 րոպե ուշ գալ ու ստիպել նրան ավելի սրտատրոփ սպասել քեզ, բայց չուշանաս 46 րոպե: Նա կարող է ուղղակի թողնել-հեռանալ։ Այդ դեպքում դիմացի այգու թփերում էլ չես գտնի նրան:
Պետք չէ «շինարարություն» սկսել սեփական դեմքի վրա
Եթե դու առաջին հանդիպմանը գնաս շատ վառ make-up-ով, ապա նա կմտածի, որ շատ ես ուզում իրեն դուր գալ: Ցանկալի է թեթև ու աննկատ շպար անել: Պետք չէ, որ նա հենց առաջին հանդիպմանը հասկանա, որ ջանք չես խնայել պատրաստվելիս: Կարող ես շեշտը դնել միայն աչքերի կամ միայն շուրթերի վրա. ամբողջովին վառ make-up-ն այնքան էլ նպատակահարմար չէ. սա քո ավարտական երեկոն չէ: Թող նա զգա, որ սա ընդամենը հանդիպում է քեզ համար, այլ ոչ թե տոն:
Ձուկը լավ կենդանի է, բայց…
Ասում են՝ կինը խորհրդավոր է թվում, երբ քիչ է խոսում: Բայց ամեն ինչ չափի մեջ. պետք չէ լռել ու սպասել, երբ նա կսկսի խոսել: Վտանգ կա խորհրդավորի փոխարեն անհետաքրքիր ու շատ ներամփոփ մարդու տպավորություն թողնել: Ակտիվ զրուցիր նրա հետ, մի՛ թող, որ իրեն անհարմար զգա քեզ հետ: Դժվար թե նա երկրորդ անգամ ցանկանա հանդիպել մի աղջկա հետ, որի հետ խոսելու համար աքցան է հարկավոր:
1-03. ահազանգ
Հետաքրքիր է՝ ի՞նչ պատրվակ էին փնտրում մեր ծնողներն առաջին ժամադրության կեսից փախչելու համար: «Սամ (Լուս), ուղիղ 7-ն անց կես կզանգես։ Հենց ասեմ. «Չէ, չունեմ էդ դիսկը», ուրեմն չեմ հավանել, ու մի բան կասես, որ ես էլ ասեմ. «Վա՜յ, լո՞ւրջ, հեսա վազելով գալիս եմ» ու թռնեմ»: Ինչևէ, եթե հանկարծ ընկերդ մոռանա զանգել, ու սկսես ձևացնել, թե հեռախոսով ես խոսում, համոզված եղիր, որ զանգի ձայնն անջատել ես:
Ուրեմն առանց «թփային» դետեկտիվների, բնական ու ամենակարևորը՝ վստահ, ուղղվիր դեպի հանդիպման վայր ու տրամադրվիր լավատեսորեն. գուցե ամեն ինչ շատ լավ լինի, ու ինքդ անջատես հեռախոսդ՝ չթողնելով, որ ընկերներդ քեզ «փրկեն»:
cosmo.am