1. Երեկոյան հանդիպեցինք ընկերուհուս հետ. սովորական հանդիպում էր, եթե հաշվի չառնենք, որ նա սկսեց պատմել, թե ինչպես իր կոլեգաներից մեկը (տղամարդ) հաճոյախոսություն է արել իր զգեստի հետ կապված: Եթե սառը դատենք, դրա մեջ վատ բան չկա, բայց հաճելի չէր լսել:

Տարոն, 29 տ.

2. Աշխատավայրում ընդմիջում էր, երբ գործընկերուհիներիցս մեկը՝ հուզված ու նեղսրտած տրամադրությամբ, ես էլ չհասկացա, թե ինչու և ինչպես, սկսեց պատմել տանն իր ունեցած խնդիրների մասին, հատկապես, թե ինչ լարված հարաբերությունների մեջ է սկեսրոջ հետ, և ինչպես է դրան նայում իր ամուսինը… Չիմացա՝ ինչ ռեակցիա տամ, ինչ ասեմ, իսկ ամենավատը սկսվեց հետո, երբ մեր կորպորատիվ խնջույքների ժամանակ ստիպված տեսնում էի նրա ամուսնուն ու մտքիցս ցրում լսածս պատմությունները:

Աննա, 35 տ.

3. Մի օր՝ քննարկման ժամանակ, ամուսինս ասաց, որ որպես անձնավորության այդքան էլ չի համակրում ընկերուհուս… Թեև ես գիտակցում էի, որ կարծիքները սուբյեկտիվ են լինում, բայց բավականին ծանր տարա այդ փաստը. ավելի լավ էր` չիմանայի:

Տանյա, 28 տ.

4. Ես գիտեմ, որ ընկերուհիս ինձնից առաջ հանդիպել է երկու այլ տղաների հետ, բայց դա ինձ համար բավական է, երբ որևէ առիթով ընկերուհիս ինչ-որ մանրամասներ է փորձում պատմել անցյալից, ես կտրուկ փոխում եմ թեման:

Վազգեն, 24 տ.

5. Գնացել էի կնոջս տուն բերելու ընկերուհիներով հավաքույթից հետո: Ճանապարհին նա սկսեց պատմել, թե իր ընկերուհին ինչու է բաժանվել ընկերոջից և այլ անհարկի մանրամասներ. չհասկացա ինչու, բայց դուրս չեկավ: Երևի այն պատճառով, որ մտածեցի` հիմա նրանք էլ մեր կյանքն են քննարկում:

Արման, 37 տ.

6. Ընկերուհիս բարձր տրամադրություն ուներ, պատմում էր, թե ինչ լավ օր է ունեցել, նաև մի քանի նոր բաներ էր իր համար գնել: Մեկ էլ պայուսակից հանեց ինչ-որ մարմնագույն սրվակ, թե տես ինչ լավն է, սկսեց ասել բաներ, որ միայն դիմահարդարը կհասկանար: Անտեղի էր:

Սերգեյ, 34 տ.

7. Երբ մենք վիճում ենք կամ որևէ հարցում տարաձայնություն ենք ունենում, որոշ ժամանակ անց կտեսնես՝ Ֆեյսբուքում բավական որոշակի ձևով գրել է դրա մասին ու անկեղծացել 300 ընկերների հետ, ինչն ինձ համար անընդունելի է:

Աննա, 26 տ.

ՀԳ. Անհարկի անկեղծությունն ավելի արագ է փչացնում հարաբերությունները, քան սուտը…

cosmo.am