Հայկը վստահ էր՝ իրեն բանակ են զորակոչելու ԼՂՀ: 2012-ի հունիսի 25-ին նրան զորակոչեցին բանակ: Հայրն ուզում էր ամեն ինչ անել, որ որդուն շատ հեռու չզորակոչեն, բայց որդին դեմ էր: «Ասում էր` պապ, եթե ուզում ես մի բան արած լինես, պահի, կգամ, ինձ մեքենա կառնես, մեքենա շատ էր սիրում, քանդում էր, հավաքում»,- հեկեկալով պատմում է մայրը՝ Նվարդ Պետրոսյանը՝ հավելելով, որ որդին չափազանց զուսպ էր, հավասարակշռված, որևէ մեկին այսքան ժամանակ նեղացրած չկար:

Հայկ Կալեյանը ԼՂՀ Մարտունիի զորամասերից մեկում ծառայեց երկուսուկես ամիս: 2012-ի սեպտեմբերի 6-ին ծնողներին հաղորդեցին՝ որդին էլ չկա…

Այս դեպքը տեղ չի գտել ՊՆ պաշտոնական որևէ հաղորդագրության մեջ. «Որևէ հեռուստաընկերություն չհաղորդեց լուրը»,- ասաց մայրը՝ չհասկանալով, թե ինչու են որդու մահվան լուրը թաքցրել:

Մայրը պատմեց, որ բանակ զորակոչվելուց հետո որդին զանգել, ասել է, որ հուլիսի 28-ին երդման արարողությունն է: Ծնողները որդուն շատ բարձր տրամադրությամբ են տեսել, շատ լավ ժամանակ անցկացրել, սակայն նկատել են, որ հոնքի շրջանում այտուց կա: Որդին ասել է, թե կռիվ չի եղել, զուգարան գնալու ճանապարհին է ընկել, վնասել այն: Բացի այդ, դժգոհել է ոտքերի ցավից, համագյուղացի ծառայակիցներն էլ պատմել են ընտանիքին, որ Հայկի ոտքերն այնքան են ցավում, որ ճաշարան նրա ձեռքերն ընկած են տանում-բերում: Սակայն երդման արարողության օրը որդին չի դժգոհել ցավից, միայն քրոջը՝ Անիին է ցույց տվել ոտքերի այտուցները: «Ասացի` բալես, կամանդիրին ասա, որ ոտքերդ ցավում են, ասեց՝ մամ ջան, ասում եմ, որ ոտքս ցավում ա, բայց հաշվի առնող չկա»,- հիշեց մայրը որդու խոսքերը:

Բանակում առաջացած ոտքերի խնդիրը մայրը պայմանավորում է յոթ տարեկանում Հայկի գլանների վիրահատությունից հետո մնացած խնդրով. «Հայրն ասաց` Հայկ ջան, ծախեմ մեքենան, քեզ բերեմ մոտ տեղ քցեմ, ասաց՝ պապ ջան, ես չեմ վախենում, կգնամ, կծառայեմ կգամ»: Մահվան նախորդ օրը պետք է քրոջը զանգեր, սակայն չի զանգել, զանգի փոխարեն նրա դին են բերել:

Մինչ այդ` օգոստոսի 18-ին ծնողները որոշում են անակնկալ մատուցել որդուն, այցելում են զորամաս, որդուն դարձյալ բարձր տրամադրության մեջ տեսնում, ոտքերից էլ չի դժգոհում: «Եկա տուն, ասացի՝ ես պետք է շատ ավելի հանգիստ լինեմ, երեխուս տեղը շատ լավ է: Մինչև չորսն անց մնաց մեզ մոտ: Արդեն հանգիստ էի, կարծես որդիս իր տանը լիներ»,- ասաց մայրը:

Սեպտեմբերի 2-ին՝ երեկոյան, Հայկը զանգել է, կես ժամ խոսել ընտանիքի անդամների հետ, եղբորը՝ Հովհաննեսին, նախատել է, թե դասի կգնաս, կլսես պապային, կօգնես: «Կարճ ժամանակում Հայկը փոխվել էր, չաղացել և այդ ամբողջ ընթացքում որևէ դժգոհություն չի ունեցել»,- ասաց մայրը:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Հայկ Կալեյանն իրեն ամրակցված գնդացիրից որովայնի շրջանում 3 կրակոց է արձակել: Ըստ ծնողների ունեցած տեղեկատվության՝ երեք հատ կրակելուց հետո նոր ուղղել է իրեն գնդացիրը: Այս վարկածին ծնողները չեն հավատում: «Չեմ հավատում ինքնասպանության վարկածին, երեխաս շատ համեստ բնավորություն է ունեցել, ինքը շատ խելացի էր, ինքը կռվողների հետ չի եղել, երբևէ կռվի չի մասնակցել»,- ասաց մայրը՝ հավելելով, որ առաջին քննիչը՝ Մարտիկ Ավագյանը, կանչել է ծնողներին Երևան, ասել, որ Հայկն է կրակել իրեն, քանի որ չի ուզել ծառայել: «Կամանդիրն է կողքը եղել, ինքը կրակային է, ինքը թեքում է զենքը կրակի, բա չե՞ն միջամտել, թողել են խփի, ինչպե՞ս են թողել, ինչո՞ւ չեն միջամտել, ինչու այդքան հե՞շտ է մարդ ինքն իրեն սպանում»,- ասաց մայրը:

Ծնողներն ասացին, որ ճշմարտության բացահայտման համար անգամ պատրաստ են հողից հանելու, հանուն ճշմարտության ամեն ինչ կանեն:

«Ղարաբաղի ջրից որդուս ստամոքսն ուռել է, չաղացել է, ասացի` Հայկ ջան, Ղարաբաղի ջուրը լավը չի, մի խմի… այդ օրն էլ Հայկին ասել են` հղի՞ ես, Հայկը վիրավորվել է: Նախօրոք, որ բերել էին գյուղ, ասացին, որ զորքի վրա է պահել զենքը, հետո պտտացրել է, իր վրա պահել»,- պատմեց մայրը՝ հավելելով, որ զինվորը շարք կանգնած ասում է` «հղի՞ ես, էս երեխա՞ ես ունենալու, բա հրամանատա՞րը, կարգուկանոն հաստատողն ո՞վ է»:

Մայրը մեղադրում է հրամանատարին, մինչդեռ միայն չորս զինծառայողի և մեկ ենթասպայի դեմ է քրեական գործ հարուցվել: Բացի այդ, 25 մատնահետքեր կան զենքի վրա:

Մյուս որդին դեռ փոքր է, բայց մայրը զգուշացնում է՝ տղան դառնա 18 տարեկան, կասեն` երեխադ բանակային է, գլուխները կջարդի, չի թողնելու բանակ գնա:

Մայրն, ի դեպ, մի քանի անգամ փորձել է հանդիպել պաշտպանության նախարարին, զինդատախազին չորս անգամ է փորձել հանդիպել` ապարդյուն, մինչդեռ Լյուքս Ստեփանյանի հուղարկավորության արարողության ժամանակ նախարարը նշեց, թե որևէ որդեկորույս մայր չկա, որին ինքն անձամբ հանդիպած չլինի:

Տղայի առաջին ու վերջին նամակը մայրը պահում է ամուր. «Բարև, մամ ջան, պապ ջան, ո՞նց եք, իմ մասին չմտածեք, ծառայությունս լավ է անցնում, բոլորիդ կարոտել եմ, շատ եմ կարոտել: Հովիկ, լավ տիրություն արա տատիկին ու պապիկին, մնացել է երկու տարի, կանցնի-կգնա, խաբար չեք լինի՝ ոնց անցավ: Մամ ջան, իմ մասին մի մտածի, նորմալ է, պապ ջան, մի մտածի, ամեն ինչ նորմալ է: Հովիկ ջան, միշտ պապայի կողքին կլինես, նրա ուզածը կանեք, բոլորիդ բարևում եմ. քո սիրելի Հայկից»:

Հայկ պապը, որը դաժան սպանություն է որակում կատարվածը, վստահ է, որ սիրելի թոռանը տարան սպանեցին, ասում է, որ հիմա գյուղում որևէ մեկը չի ուզում որդի ուղարկել բանակ, քանի որ կա Հայկի օրինակը, բոլորը Հայկին ճանաչում էին որպես հավասարակշռված մարդու, և հիմա համագյուղացիները վաճառում են բնակարաններ, կենդանիներ՝ բանակից որդիներին ազատելու համար…

Հարուցված քրեական գործով Ալեքսանդր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, Սանթուր Դոմբրյանին՝ 359-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով, 358-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Արմեն Երեմյանին` 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Նարեկ Գալստյանին` 359-րդ հոդվածի 1-ին մասով:
1in.am