Նա նշեց, որ այդ օրը Հալաբյան 9 հասցեի շենքի բակում տարեցներով նստած նարդի էին խաղում, զրուցում, հարեւանությամբ երիտասարդների կռվի ձայն է լսվում, աղմուկ, հայհոյանքներ: «Ծեր պապիկները մտածում են, թե երիտասարդները լեզու չեն գտնում, իրար միս են ուտում: Կարճ ժամանակ անց իրենց կողմ է գալիս մի երիտասարդ` քարը ձեռքին, որն ամենակեղտոտ, անբարոյական խոսքերը գոռալով հետապնդում է մեկ այլ երիտասարդի: Հայրս ասում է. «Տղա ջան, բերանդ փակի, թող գնա, այդպիսի բաներ չեն ասում»: Իսկ այդ երիտասարդն ասում է. «Ձենդ կտրի, այ բիձա, քեզ չի վերաբերում»: Շարունակում է ոմն մեկին քարով հետապնդել, հայրս նորից է ասում, թե. «Տղա ջան, ես քեզ ասում եմ ձայնդ կտրի, այդպիսի բաներ չեն ասում, դու ինձ ես վիրավորում», դա էլ, թե. «Այ բիձա, ձենդ կտրի, թե չէ կգամ գլուխդ կջարդեմ»: Հայրս ամբողջ կյանքը թշնամի չունեցող մարդ է, տենց լկտիություն, բեսպրեդելություն չի հանդուրժի, հին երեւանցի է, իր ճշտով ապրել է, բոլորին հարգող, սիրող, հասնող թոշակառու է: Տեսնելով էդ բեսպրեդելը` մոտենում է, ասում է. «Պապուդ տարիքին եմ, թուլա, ես քեզ ասեմ` բերանդ փակի, տենց բաներ մի ասա, հանգստացի, թող գնա ստեղից, դու ինձ սենց բաներ ես ասո՞ւմ», էդ վիժվածքը ասում է. «Արի գողականով խոսենք, աչքիս էսօր վերջդ եկել է»: Հայրս փորձում է դրան կարգի հրավիրել, այնինչ նա արդեն դանակով հարվածած է լինում հորս»,- ասաց նա:

Տուժածն օրերս է դուրս գրվել Հանրապետական հիվանդանոցից, վիրահատվել է: Անչափահասը դանակահարել էր ծեր թոշակառուին` հարվածներ հասցնելով սրտի շրջանում թիկունքից եւ վնասելով մկանային երակները: Դեպքի վայրից Ժ. Ղ.-ին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, վիրահատել, օրերս դուրս է գրվել հիվանդանոցից:

Նրա որդին իր դժգոհությունը հայտնեց իրավապահ մարմիններից, որ միջադեպից 5 օր է անցել, սակայն որեւէ քայլ չեն ձեռնարկում մեղավորին հայտնաբերելու համար, դեռ ֆոտոռոբոտ էլ չեն կազմել: Նա տեղեկացրեց, որ քրեական գործ են հարուցել, հեախուզում են հայտարարել: Տարածքի մարդիկ չեն ճանաչում այդ երիտասարդին, նրան նկարագրել են 15-16 տարեկան միջնահասակ, նիհարակազմ, շեկ մազերով երիտասարդ: Իսկ այն երեխաները, որոնց հետ նա կռիվ էր անում, եւս ասել են, թե չեն ճանաչում վերջինիս: Նա նշեց, որ եթե իրավապահները չգտնեն «այդ լակոտին, ինքը անձամբ կգտնի եւ շանսատակ կանի»:

Աղասի Ղազարյանը շեշտեց, որ այս ամենը զանգվածային բնույթ է կրում, երբ ծնողները իրենց երեխաներին դաստիարակելու փոխարեն հանգստանում են, ուրիշներն են տուժում:

news.am