Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Արմավիրի բաժնի աշխատակիցները կճշտեին որոշ հանգամանքներ, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում, վթարի ենթարկված BMW մակնիշի ավտոմեքենա կա, որի վարորդն էլ վնասվածքներով ընկած է ավտոմեքենայի մոտ գտնվող հողամասում:

Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:

ՃՈ աշխատակիցներն ու գյուղացիները վիրավորին տեղափոխում են Մեծամորի բժշկական կենտրոն: Պարզվում է, որ նշված BMW -ն առևանգված այն ավտոմեքենան է, որը փնտրվում էր Արմավիրի ոստիկանների կողմից: Իսկ հիվանդանոց տեղափոխված անձը այն առևանգող, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 24-ամյա Հայկ Մադաթյանն է, ով, ըստ տեղեկությունների, որպես հոգեկան հիվանդ հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում և բուժում է ստանում Արմավիրի բժշկական կենտրոնի հոգեբույժ Ռ. Ալեքսանյանի մոտ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան առևանգելու ժամանակ այնտեղ եղել է ոչ միայն Ռ. Ալեքսանյանը, այլ նաև բժշկական կենտրոնի 2 քույրեր:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում և ավտոմեքենայի առևանգում կատարելու հատկանիշներով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com