Նա ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բուժօգնություն ստանալուց հետո Մարտիրոսյանը դուրս է եկել հիվանդանոցից:
Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ ուժ է կիրառվել, ապա բերման են ենթարկել՝ հասարակական կարգը խախտելու և ոստիկաններին չլսելու պատճառաբանությամբ:
Նրա նկատմամբ կիրառված ոստիկանական գործողությունները Արմեն Մարտիրոսյանը բնութագրեց մեկ բառով՝ դաժանություն, ապա ասաց նաև, որ դրան ոչ մի խոսք ու զրույց չէր նախորդել, սկսել են օղակ կազմել և ծեծել իրեն. «Դա նրանց գործելաոճն է, բորենիների և շակալների պես հարձակվեցին վրաս»: Ա. Մարտիրոսյանն ասաց նաև, որ իրեն ծեծի ենթարկող ոստիկաններին ինքը չի ճանաչում. «Ընդեղ ես ինչքան որ հասկացա, մի հատ կարմիր բերետավոր կար, դա էր շատ ակտիվ, հայրենիքը ազատագրում էր աչքիս: Հարվածեցին հետևից ու սկսվեց»:
Ոստիկանությունում Ա. Մարտիրոսյանին պահել են երկու ժամ: Նրան ասել են, որ բերման էին ենթարկել հասարակական կարգը խախտելու և ոստիկանների հրամանները չլսելու համար:
Ա. Մարտիրոսյանի նկատմամբ կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը, ինչը պատժվում է տուգանքով: Միաժամանակ, Ա. Մարտիրոսյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդագրության է ներկայացրել ոստիկանություն` Մարտիրոսյանին ծեծի ենթարկողին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: