DC Comics հրատարակչությունը արգելել է իր հերոսուհի Բեթվումենին կնքել միասեռական ամուսնություն: Այս մասին իրենց անձնական բլոգում գրել են կոմիքսի համահեղինակներ Ջեյ Էյչ Ուիլյամսն ու Հեյդեն Բլեքմանը, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Կոմիքսի հեղինակները նաև հայտարարել են, որ դադարեցնում են աշխատանքը կոմիքսի ստեղծման վրա:

«Ցավոք, վերջին ամիսներին DC-ն մեզ ստիպեց փոփոխել կամ ամբողջությամբ հեռացնել շատ սյուժետային գծեր: Մեզ թվում է՝ դա սպառնալիք էր ինչպես կերպարի, այնպես էլ ամբողջ կոմիքսի համար: Շատ խմբագրական փոփոխություններ կատարվել են վերջին պահին՝ մեր աշխատանքը դարձնելով անիմաստ: Մինչդեռ սյուժետային շատ գծեր մենք պլանավորել ենք տարուց ավելի»,- գրել են հեղինակները:

Նրանց խոսքով` DC-ի ցուցումներից մեկը գլխավոր հերոսուհի Քեթի Քեյնի ու նրա ընկերուհու՝ Մեգգիի ամուսնությունը չցուցադրելու պահանջն էր:

«Այնպես որ, երկար մտածելուց հետո մենք որոշում կայացրինք լքել կոմիքսը 26 թողարկումից հետո»,- հավելել են Ուիլյամսն ու Բլեքմանը:

DC-ի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ հրատարակչության առաջարկած փոփոխությունները որևէ կապ չունեն սուպերհերոսի սեքսուալ կողմնորոշման հետ:
http://www.1in.am/arm/more_entertainment_212528.html