Նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է մեկ այլ դատավճռով նշանակված 1 տարի ժամկետով ազատազրկում պատժից 3 ամիս ժամկետով ազատազրկում պատիժը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 տարի 3 ամիս ժամկետով:
Պատիժ նշանակելիս դատարանը ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, հանցանքը կատարելու ռեցիդիվը։
Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալն ու տուժողը 2007 թվականից վերջինիս ամուսնու միջոցով ծանոթացել են և գտնվել մտերիմ հարաբերությունների մեջ, իսկ 2010թ. հոկտեմբեր ամսից Հովհաննես Հովհաննիսյանի և տուժողի միջև հաստատվել են ինտիմ հարաբերություններ։
2013 թվականի փետրվարի վերջերին տուժողը խզել է կապերը Հովհաննես Հովհաննիսյանի հետ և պահանջել իրեն այլևս չանհանգստացնել։ Հովհաննես Հովհաննիսյանը, չհամակերպվելով տուժողի որոշման հետ, 2013թ. մարտի 11-ին` ժամը 14:00-ի սահմաններում, տեսնելով փողոցում միայնակ քայլող տուժողին, վերջինիս առևանգելու նպատակով իր տրամադրության տակ գտնվող ավտոմեքենան կտրուկ վարել է վերջինիս ուղղությամբ, արգելակել անմիջապես նրա կողքին, որից հետո պահանջել նստել մեքենան։
Ստանալով տուժողի մերժումը, ավտոմեքենայից վերցնելով պտուտակահանը` իջել է ավտոմեքենայից, այն սեղմելով մեջքին վերջինիս կամքին հակառակ նստեցրել ավտոմեքենան և շարունակելով իր բռնի գործողությունները, ծեծի ենթարկելով և սպառնալիքներ տալով` բացահայտ առևանգել է տուժողին, նրան տեղափոխել շուրջ 5-6 կմ հեռավորության վրա գտնվող ամայի տարածք, որտեղ ավտոմեքենայի սրահում տուժողի կամքին հակառակ, բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որից հետո, երբ տուժողը ցանկացել է դիմել փախուստի, Հովհաննես Հովհաննիսյանը հետապնդել է վերջինիս և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ։
ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 138-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է տվել այն մասին, որ 11.03.2013թ. տուժողին պատահաբար է հանդիպել, նրա հետ վերջինիս ցանկությամբ իր սեփական ավտոմեքենայով գնացել են Նուբարաշենում գտնվող ամայի վայր և ավտոմեքենայի մեջ փոխադարձ համաձայնությամբ՝ սեռական հարաբերություն են ունեցել, որի ընթացքում տուժողն իրեն վատ է զգացել, ուշագնաց է եղել։
Որպեսզի նրան ուշքի բերի, ինքը մի քանի անգամ ապտակել է տուժողին, այդ պատճառով է նա ստացել մարմնական վնասվածքները։ Այնուհետև իր կամքով իր անձնական ավտոմեքենայով տուժողին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` նրան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Ինքը տուժողին չի առևանգել, նրա նկատմամբ որպես գործիք պտուտակահան չի կիրառել, պտուտակահանը մշտապես գտնվել է իր ավտոմեքենայի սրահում` մագնիտոֆոնի անսարքությունները վերացնելու համար, ինքը տուժողին չի բռնաբարել, իրենց միջև սեռական ակտը կատարվել է փոխադարձ համաձայնությամբ։
Դատաքննության ժամանակ 01.08.2013թ. ցուցմունքում տուժողը պնդել է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները` ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանի կողմից պտուտակահանի գործադրմամբ բռնություն գործադրելով իրեն բացահայտ առևանգելու և բռնություն գործադրելով իր կամքին հակառակ և իր անօգնական վիճակն օգտագործելով իրեն բռնաբարելու մասին։
Սակայն հետագայում դատարանին հակասական ցուցմունքներ է տվել այն մասին, որ Հովհաննես Հովհաննիսյանին սիրում է, ցանկանում է նրա հետ ամուսնանալ, իր խղճի վրա նստել է այն, որ Հովհաննես Հովհաննիսյանն արդեն երրորդ անգամ դատվում է իր պատճառով, Հովհաննես Հովհաննիսյանն իրեն չի առևանգել և չի բռնաբարել, այդ ինքն է նրա հետ իր կամքով գնացել Նուբարաշեն, իր կամքով է նրա հետ սեռական հարաբերություն ունեցել, որի ընթացքում ինքը վատացել է և որպեսզի իրեն ուշքի բերի, Հովհաննեսն իրեն ապտակել է, որի ընթացքում էլ ստացել է իր մոտ արձանագրված մարմնական վնասվածքները։
Ինքը նախաքննության ժամանակ սուտ ցուցմունքներ է տվել, ոստիկանության բաժնին իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել, քանի որ իր մոտ են գտնվել իր հարազատները` քույրը, որդին, ամուսնու հարազատները, որից ինքը կաշկանդվել է և իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ ու հաղորդում է տվել։
Քննիչն իրեն ահաբեկել է, որ եթե ինքը Հովհաննեսի դեմ ցուցմունք չտա, ապա կզանգահարի Մոսկվա և իր ամուսնուն այդ մասին տեղյակ կպահի։ Ներկայումս ամուսինն ու իր որդին գնացել են Մոսկվա, այդ պատճառով որոշել է ճշմարտությունը հայտնել։ Դրանից հետո ինքն ամբաստանյալին հանձնուք է տարել ՔԿՀ, ցանկացել է նրան տեսակցել, սակայն մերժում է ստացել։ Ինքն ու Հովհաննեսը ցանկանում են ամուսնանալ։
Տուժողի այս պատճառաբանությունները դատարանը անարժանահավատ է համարել՝ դրանք գնահատելով որպես ամբաստանյալին պատասխանատվությունից և պատժից ազատելուն միտված դիրքորոշում, ամբաստանյալի նկատմամբ ցուցաբերվող խղճահարության դրսևորում։
Հեղինակ: «Փաստինֆո»
Բռնաբարության գործով տուժողը հայտարարել է, որ սիրում է ամբաստանյալին…
Comments are closed.