Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Հ-ի մայրը` Նելլի Պողոսյանը:

Մայրը նաեւ պատմեց, որ իրենք չեն հավատում կատարվածին, անգամ Վահագնը ամաչել է հորը պատմել, թե ինչու են իրեն ձերբակալել: Նելլի Պողոսյանը նաեւ պատմեց, որ իր տղան նշանված է, իսկ հարսնացուն Երեւանից է: Նա նշեց, որ իր տղան ոչ ծխում է, ոչ խմում: «Ամբողջ գյուղից, Սեւանի «ռայոն»-ից հարցրեք: Ամբողջ գյուղը շոկի մեջ է: Մտեք գյուղ, հարցրեք: Այնպես չէ, որ ես իմ տղուն գովում եմ: Իսկ Սասունը իմ տղայի դպրոցական ընկերն է: Նա էլ ամուսնացած է եւ կինը նոյեմբերին արդեն կծննդաբերի: Նա եւս նման քայլի չէր գնա»,- ասաց Վահագնի մայրը: Հուզված կինը հավատացրեց, որ այդ անչափահասի մասին ոչ լսել է, ոչ էլ նրան, երբեւեէ տեսել է ու չգիտի որտեղից են նրան ճանաչում, կամ ինչո՞ւ է նրանց հետ գնացել «Տաք ջուր» կոչվող տեղանք: «Ես այդքանը, որ իմանայի իմ տղային ադվակատ կկանգնեի: Վահագնի հետ դեռ չեմ խոսել: Իսկ բերման ենթարկվելու օրը պատրաստվում էր գնալ գործի, եկան, վերցրին, տարան»,- ավելացրեց տիկին Նելլին: Ի դեպ, մոր պատմելով՝ տղան դեպքի օրը տանն է եղել, քանի որ իրենք նոր դուռ են պատվիրել եւ այդ օրը տեղադրել են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 13-ամյա աղջնակին բռնաբարելու գործով ձերբակալվել են Վարսեր գյուղի բնակիչ, Ճանապարհային ոստիկանության աշխատակից 24-ամյա Վահագն Հ.-ն եւ 25-ամյա Սասուն Ա.-ն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր ոստիկանությունից: Գործը փոխանցվել է ՀՔԾ: Վարսեր գյուղի գյուղապետ Զավեն Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե չգիտի իրականում ինչ է կատարվել, բայց դրական էր գնահատել երիտասարդներին: Սեւան քաղաքի մի բնակչուհի, օգոստոսի 4-ին, հաղորդում է տվել ոստիկանության Սեւանի բաժնում, որ դուստրը՝ 13-ամյա Հ.-ն, նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, դուրս է եկել տնից ու չի վերադարձել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ոստիկանության Սեւանի բաժնի եւ ԱԳԲ ծառայողների համատեղ որոնողական գործողությունների շնորհիվ Հ.-ն հայտնաբերվել է Սեւան քաղաքի Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում ու ներկայացվել բաժին, որտեղ հայտնել է, որ այդ ժամանակահատվածում ինքը գտնվել է Կոտայքի մարզի Հանքավան գյուղում: Աղջկա դաստակին առկա էին քերծված վնասվածքներ, ինչի կապակցությամբ նա բանավոր հայտարարել էր, որ ինքն իրեն վնասել է ապակու կտորով, քանի որ վախեցել է մորից:
news.am