«Մի բան ասեմ գնացեք արեք, էտ տղեն, որ ինվալիդ ա, Կարեն Մկրտչյան, ես փողը տամ, օգնեք»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով երկու օր ԱԺ նիստերին բացակայելուց հետո, գալով խորհրդարան, որոշեց օգտվելով առիթից, ոչ թե պատասխանել լրագրողների հարցերին, այլ՝ անուղակի տեղեկացնել, որ պատրաստվում է օգնել դերասանին։

Ի դեպ, լրագրողների հարցերից խուսափելու համար Ս. Ալեքսանյանը ապաստան էր գտել պատգամավոր Առաքել Մովսիսյանի սենյակում։

Լրագրողների առաջարկին, որ Ալեքսանյանն ինքնուրույն այդ գումարը փոխանցի Մկրտչյանին, պատգամավորն ասաց.  «Ես որտե՞ղ իրան գտնեմ։ Հասցեն տվեք, օգնենք իրան։ Շուկայի դեմը հավաքում էին, ես տեսա»:

Հարցին, թե ինչո՞ւ է որոշել օգնել հենց այդ դերասանին, չէ որ բազմաթիվ այլ կարիքավորներ կան, Ալեքսանյանը պատասխանեց. «էդ տղեն դերասան էր, եւ ես հավանում էր իրան։ Մենք մարդկանց էլ ենք օգնում»։

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ Փակ շուկայի տարածքում մրգավաճառներին հատկացված տեղերը փակվում են, ապա Ալեքսանյանը դա հերքեց. «Ո՞վ ա ասում, որ փակվում ա։ Իրանք խնդրել են տնօրինությանը, որ տեղափոխվեն մյուս կողմ, որովհետեւ էդտեղ առեւտուր չէր լինում։ Շատ տարբերություն կա, էն կողմն անկյունում էին ու առեւտուր չէր լինում։ Իրանք միրգը մինչեւ վեցն են վաճառում, իսկ սուպերմարկետում «կռուգլասուտկա»»։

Ալեքսանյանը նաեւ տեղեկացրեց, որ Փակ շուկայի տարածքում մրգավաճառները առ այսօր տեղի վարձ չեն վճարում. «Հիմա գնացեք հարցրեք, իրանք վճարում են, թե՝ չէ»։ Միաժամանակ Ս. Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդոք իր ընտանիքին պատկանող բիզնեսներում աշխատողներից պահել են կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգով սահմանված գումարը։

Իսկ երբ լրագրողները հարցրեցին, թե արդյոք պատրաստ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ երկիրը դուրս հանել ճգնաժամից, Ալեքսանյանը պարզապես դուրս եկավ սենյակից. «Չէ, չէ, ես հարցերի չեմ պատասխանում, գնացեք»:


Աղբյուր՝ news.am