44-ամյա Անահիտ Սարգսյանը 2010 թվականից մինչև 2012 թվականի օգոստոսի 25-ը աշխատել է Գյումրիի «Ղազարյանների Լիբերտա» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիրում՝ որպես ադմինիստրատոր:

Ըստ մեղադրանքի՝ Գերցենի փողոցում գտնվող «Լիբերտայի» ադմինիստրատորը նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն՝ հյուրանոցում իրենց արհեստով զբաղվելու լիակատար «լիբերտա»՝ ազատություն տալով ծանոթ մարմնավաճառներին:

Ադմինիստրատորը պարբերաբար զանգահարել և հյուրանոց է հրավիրել մարմնավաճառուհի Լիլյային: Անծանոթ անձանց հետ սեռական հարաբերություններ ունենալով 5-ից 10 հազար դրամով՝ Լիլյան յուրաքանչյուր հաճախորդի համար ադմինիստրատոր Անահիտին վճարել է 1000 դրամ միջնորդավճար: Դա էլ եղել է ադմինիստրատորի գույքային օգուտը:

«Լիբերտայում» Անահիտի զանգերով ազատորեն հաճախորդների են սպասարկել նաև մարմնավաճառուհիներ Վարդուհին, Նունեն, Հասմիկը, Նաիրան:

Հանրային հաստատություն հանդիսացող հյուրանոցը ծառայեցնելով որպես պոռնկության վայր՝ Անահիտ Սարգսյանը մարմնավաճառներ Գայանեին ու Աիդային պարբերաբար տրամադրել է սենյակներ՝ իրենց հաճախորդների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար:

Նախաքննական մարմինը, այսպիսով, Անահիտ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ աշխատելով որպես ադմինիստրատոր, գույքային օգուտ ստանալու նպատակով, պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար երկու և ավելի անձանց տրամադրել է կացարան:

2012 թվականի սեպտեմբերի 6-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

2012 թվականի դեկտեմբերի 26-ին գործը արագացված ընթացակարգով քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ:

Փաստորեն, հյուրանոցային բարքերի մաքրության համար պայքարում են նաև Շիրակի մարզի իրավապահները:

Ի տարբերություն մինչ այժմ համանման գործերով դատապարտվող կանանց, Անահիտ Սարգսյանն ընդունել է իր մեղքը, իրեն լիովին մեղավոր ճանաչել և զղջացել: Չնայած դատարանը, գործը քննելով արագացված ընթացակարգով, նշել է, որ որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարում անկեղծորեն մեղքը խոստովանելն ու զղջալը, ինչպես նաև բնակության վայրում դրական բնութագրվելն ու վատառողջ լինելը, այնուամենայնիվ սահմանել է նույնպիսի պատիժ՝ ինչ այլ դատարանները սահմանել են մեղքը չընդունող, չզղջացող, քրեական օրենսգրքի նույն հոդվածի նույն մասով ու կետով մեղավոր ճանաչված ադմինիստրատորուհիների ու մաքրուհիների նկատմամբ: Անահիտ Սարգսյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Ավելին: Անահիտ Սարգսյանի նկատմամբ նշանակվել է նաև ուրիշ նմանատիպ կանանց նկատմամբ չնշանակված, բայց տվյալ հոդվածի մասով նախատեսված լրացուցիչ պատիժը՝ Սարգսյանը զրկվել է սպասարկման և ծառայություններ մատուցելու ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 տարի ժամկետով:

Ըստ երևույթին՝ կամ ադմինիստրատորի աշխատանքն է համարվում սպասարկման ոլորտի «ղեկավար» պաշտոն՝ «մինիստր» բաղադրիչի պատճառով, կամ ենթադրվում է, որ եռամյա պատիժը կրելուց հետո Անահիտ Սարգսյանը հենց որ ազատվի կալանավայրից, նրան շուտափույթ առաջ են քաշելու և հյուրանոցային ոլորտում նշանակելու են որևէ ղեկավար պաշտոնի:

Չնայած հյուրանոցային ու բաղնիքային աշխատակցուհիների շարքերը պոռնկությանը նպաստողներից մաքրելու գործընթացը իր տարերքի մեջ է ամբողջ հանրապետությունում, բայց պատժի քաղաքականությունը, ինչպես երևում է, դեռ լավ մշակված չէ, կախված է տարածաշրջանի ու կոնկրետ դատարանի առանձնահատկություններից, դատական պրակտիկան էլ դեռևս ամփոփված և ընդհանրացված չէ:

Անահիտ Սարգսյանն ինքն է վերաքննիչ բողոք բերել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ և խնդրել է իր նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել:
1in.am