Սա մի լուռ ընթացող, դանդաղ ու հիմնավոր ներքին բախում է, որը շատ լավ է հասկանում նա, ով երբեւէ առնչվել է այս խնդրին: Եւ մեր՝ հայաստանցի աղջիկների պահվածքը այս հարցում շատ կեղծ է ու մի տեսակ ձեւական. մենք կարծես վախենում ենք մեր հայրենակցուհիների մասին վատ բան ասել, քանի որ շարունակելու ենք ապրել այստեղ, եւ ամեն վայրկյան նրանց ամոթալի արարքները երեսով տալու վտանգ կա, ուստի շարունակում ենք կեղծ ու ձեւական մեր դիրքորոշումը:
Օրինակ վերջերս լիբանանահայ ընտանիքում հարս եկած մի երեւանցի աղջիկ դեռ նորահարսությունը վրան, գողացել էր իր ամուսնու մոր դրամներն ու ոսկեղենը եւ, թողնելով ամուսնուն, փախել մի ուրիշ տղայի հետ: Լուրը կայծակնային արագությամբ տարածվեց հայկական շրջանակներում եւ երկար ժամանակ քննարկման թեմա էր: Մենք այդ աղջկան ճանաչում էինք եւ գիտեինք, որ նա, ամուսնու հետ ծանոթացել է Ինտերնետով, գրեթե մինչեւ ամուսնությունը իրար չէին տեսել, մի տեսակ անորոշ ամուսնություն էր, եւ կանխատեսում էինք, որ լավ ավարտ չէր ունենա: Այդ աղջիկն իհարկե շատ վատ է վարվել, սակայն մենք՝ հայաստանցի հարսներս, սփյուռքահայ շրջանակներում այս թեմայով խոսակցությունների ժամանակ ոչ մի անգամ բարձրաձայն չմեղադրեցինք նրան: Մի տեսակ ե’ւ ամաչում էինք այդ արարքի համար եւ չէինք ուզում, որ «հայաստանցի» անվանումը շահարկվի, որ վատ անվանարկման տակ մենք էլ չընդհանրանանք… Ընդհակառակը, եղան երեւանցի հարսներ, որ նույնիսկ պաշտպանեցին Գ.-ին. իբր լսել են, որ ամուսինը վատ է վարվել նրա հետ, սկեսուրը շատ խիստ ու ժլատ մեկն է եղել, նույնիսկ ոսկի մատանի չի նվիրել, եւ աղջիկը այդ ձեւով վրեժը լուծել է եւ այլն եւ այլն… :
Այս դեպքը դեռ՝ ոչինչ: Բա որ հանկարծ սկսում են խոսել Թուրքիայում եւ Դուբայում մարմնավաճառությամբ զբաղվող հայաստանցի աղջիկների մասին, չգիտենք, թե որտեղից կառչենք՝ մեր մյուս հայ աղջիկների պատիվը պաշտպանելու համար եւ ամոթից չգիտենք, որ անկյունը մտնենք: Իսկ երեւույթը իսկապես կա. մեր գործընկերներից Էդիկ Բաղդասարյանը հրապարակումների մի ամբողջ շարք է պատրասել այդ թեմայով՝ հատկապես Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպելով հայաստանցի մարմնավաճառների ու նրանց կավատներին: Իհարկե նշված եւ այլ երկրներում նաեւ այլ ազգի մարմանաճառներ էլ կան եւ այն էլ՝ մեծ թվով, օրինակ լիբանանցի արաբուհիների հսկայական խմբեր են աշխատում արաբական այլ երկրներում, սակայն սփյուռքահայերը ցավոտ են ընդունում հատկապես հայաստանցի աղջիկների փաստը: Նրանց համար Հայաստանը երազային եւ իդեալական մի բան է, եւ չեն ուզում հայրենիքի հետ կապված որեւէ վատ ու ամոթալի լուր լսել: Մանավանդ՝ հայ կնոջ, հայ աղջկա պատվին առնչվող:
Էմիրաթներից եւ Թուրքիայից բացի, հայաստանցի աղջիկների ազատ վարքի դրսեւորումները կան նաեւ Կիպրոսում եւ մի քանի այլ երկրներում: Կիպրոսի գիշերային մի ակումբում անձամբ եմ հանդիպել պարուհու, երգչուհու, մատուցողուհու մասնագիտությունների տակ թաքնված հայաստանցի աղջիկների:
…Գրեցի Գ.ի մասին: Բայց գիտե՞ք, որ այս դեպքը Լիբանանում բացառիկ երեւույթ է: Մի հատ էլ նմանատիպ դեպք կա կարծեմ, երբ երեւանցի աղջիկը, բաժանվելով իր լիբանանահայ ամուսնուց, ապրում է մի մահմեդական բռնցքամարտիկի հետ: Մարմնավաճառութուն չէ, սակայն դեպքը քննարկումների եւ տհաճ խոսակցությունների առիթ է տալիս, բայց կարծեմ՝ այս մեկ-երկու դեպքն է միայն:
Հատկապես Լիբանանում, հայաստանցի աղջիկների վարքը ընդհանրապես փայլուն է, մարմնավաճառության մասին խոսք չկա: Այստեղ այդ ասպարեզում աշխատելու եկած հայաստանցի աղջիկների անունը այսպես ասած դուրս եկած չէ: Երկար մտածելուց հետո ես ի վերջո հասկացա, որ դրա պատճառներից մեկը նաեւ ՀՅԴ խիստ ներկայությունն է Լիբանանում: Երկրի ամեն մի շրջանում Դաշնակցությունը ունի իր ակումբները, համակիրների եւ ակումբականների խմբերը, իր պահպանողական, ավանդական եւ խիստ ազգային գործունեությունը տարածում է բոլոր հայերի շրջանում եւ այդ մի տեսակ հսկողական վիճակից նշված երեւույթը, ինչպես նաեւ շատ այլ հանրային անընդունելի երեւույթներ, չի զարգանում հայերի շրջանում: Կուսակցությունը ինչ- որ տեղ, եթե չասեմ պետության, ապա ազգային անվտանգության ապահովման դեր է կատարում այս երկրում:
Դուբայում, Թուրքիայում կուսակցությունները որեւէ նշանակալի դեր չունեն , հայկական կյանքը մի տեսակ նույն հսկողության տակ չէ, ինչպես Լիբանանում: Ըստ կինոգետ Արծվի Բախչինեանի, Դաշնակցության սպառնալիքների վախից ժամանակին նույնիսկ Ամերիկայում կինոյի հայ պոռնոաստղ Մելինե Պարտիզպանյանը նույնինքը՝ Քրիստի Քենյոնը, ստիպված է եղել թաքնվել այլ անվան տակ:
Հ.Գ. Այս գրառումը ՀՅԴ-ի գովազդը կամ այլ կուսակցությունների հակագովազդը չէ: Ես կուսակացան չեմ եւ իմ գաղափարներով ոչ մի կուսակցության համակիր չեմ:
Անուշ Թրվանց, Լիբանան
http://blog.banadzev.com/?p=2258