Գլենդելի բնակիչն, ում դաժան ծեծի էին ենթարկել ու կրակել վրան, որոշ ժամանակով կարողացել էր փախչել հարձակվողներից ու մեքենա կանգնեցնել: Այդ մասին դատական գործընթացում հայտարարել են դետեկտիվները՝ հավելելով, որ նա բղավում էր, օգնության կանչում, քանի որ վախենում էր, որ իրեն կսպանեն:

Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, ապրիլի 24-ին, սպանությունից մի քանի վայրկյան առաջ անցնող կին վարորդը կոչ է արել վերջ տալ հարձակմանը, սակայն չի կանգնել, քանի որ շատ վախեցած է եղել: Շուտով նրա մեքենայի կողքով «Mercedes» է սլացել, տեսել է երկու կրակոցները:

Դիահերձումը ցույց է տվել, որ փամփուշտներից մեկը դիպել է սրտին: Սպանվածը տարբեր վնասվածքներ ունի կոկորդի հատվածում, աջ ոտքը կոտրած է եղել:

Հովհաննես Մասկովյանի խոսքով՝ ինքը նստել է Ուեսթի «Mercedes» մակնիշի մեքենան,  փորձել է օգնել նրան: Սակայն պնդում է, որ կորցրել է մեքենայի վերահսկողությունն ու հարվածել Ուեսթին: Նրա խոսքով՝ փորձել է կանգնեցնել եղբորը, երբ վերջինս բռունցքներով հարվածել է Ուեսթին:

Բայամջյանը պատմել է քննիչներին, երբ Ուեսթը վազել է անցնող մեքենայի հետեւից, Խաչիկ Մասկովյանը հանել է ատրճանակն ու ասել, որ պատրաստվում է կրակել: Հովհաննես Մասկովյանը պնդում է, որ եղբայրը հրամայել է չխոսել միջադեպի մասին, այլապես ինքն էլ կսպանվի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Քալիֆորնիական Գլենդել քաղաքից հայը, նրա եղբայրն ու ընկերը, որոնց մեղադրում են իր նախկին ընկերոջ սպանության մեջ՝ կյանքի ապահովագրման պոլիսից փոխհատուցում ստանալու նպատակով, կանգնել են դատարանի առաջ՝ սպանության մեղադրանքին պատասխանելու համար: Լոս-Անջելեսի շրջանային առաջին ատյանի գլխավոր դատարանի դատավոր Հայդեն Զաքին որոշել է, որ երեքօրյա նախնական դատական լսումների ընթացքում բավականաչափ ապացույցներ են ներկայացվել 34-ամյա Հովհաննես Մասկովյանի, նրա 29-ամյա եղբայր Խաչիկ Մասկովյանի եւ 20-ամյա Նազարեթ Բայամջյանի նկատմամբ՝ Գլենդելի 33-ամյա բնակիչ Ջոշուա Ուեսթի սպանության գործով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոս-Անջելեսի շրջանային առաջին ատյանի գլխավոր դատարանում առեւանգման փորձի ու սպանութայն մեղադրանք էր ներկայացվել 34-ամյա գլենդելահայ Հովհաննես Մասկովյանին, որ ծրագրել էր իր նախկին նույնասեռական ընկերոջ դաժան սպանությունը՝ կյանքի ապահովագրման դիմաց ապահովագրական վճար ստանալու նպատակով: Նախապես դատախազները 29-ամյա Խաչիկ Մասկովյանին էին մեղադրում ծանրացուցիչ հանգամանքներում Ուեսթի սպանության գործում: Ըստ նրանց վերջինս Ուեսթին առեւանգել եւ սպանել էր, քանի որ նա եղել է համասեռամոլ: Սակայն շրջանային դատախազի գրասենյակը փոխեց մեղադրանքը` հերքելով ատելության հողի վրա կատարված հանցագործության փաստը:


Աղբյուր՝ news.am