ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Առաքել Մովսիսյանը թեժ վիճեցին: Փաշինյանը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարց ուղղեց Սերժ Սարգսյանի հայտարարության հետ կապված, որ արագաչափերի տեղադրումից հետո ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները 70 տոկոսով նվազել են: Փաշինյանը հայտարարեց. «Վիճակագրությամբ ամեն տարի աճել է: Մի թվի նվազում ունենք: Երթեւեկության կանոնների խախտումների թիվը աճում է, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճում է, տուժածների թիվն աճում է, ամեն ինչ աճում է: Բա ինչի՞ համար են երթեւեկության տեսախցիկները, ուզում եմ հասկանամ: Ուզում եմ հասկանալ, երբ որ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ 70 տոկոսով թվերը նվազել են, ձեր ոչ մի տված թվի մեջ 70 տոկոսով նվազում հնարավոր չի գտնել: Սերժ Սարգսյանն ընդհանրապես կոմպետե՞նտ է, թե՞ կոմպետենտ չէ: Որովհետեւ Ծառուկյանի մասին հայտարարություն է անում, 6 ամիս հետո ասում եք՝ չէ, տենց չի: Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին բան է ասում, ասում եք՝ տենց չի: Կա զուտ կոմպետենտության խնդիր»: Մինչ Արփինե Հովհաննիսյանը կպատասխաներ՝ ՀՀԿ-ականներն անցան հարձակման՝ ի պաշտպանություն նախագահի: Կարեն Ավագյանը սկսեց բղավել՝ «ա՛յ տղա, քո հետ եմ», Առաքել Մովսիսյանը գործի դրեց իր բառապաշարը. «Համբա՛լ, դիշովկա՛»: Փաշինյանը պատասխանեց. «Դիշովկեն դո՛ւ ես արա՛, հերի՛ք եղավ, ո՞վ ես դու, արա՛»: Նիստը վարող Էդուարդ Շարմազանովը փորձեց կրքերը մարել. «Պարոն Փաշինյան, հարց եք տվել, հարցից խոսեք»:

 

Նյութի աղբյուր http://www.aravot.am/2016/03/16/667972/