Ըստ Լուսինե Խուրշուդյանի

Սե՜ր… L’amour… Բոլոր լեզուներով սա այնքան գեղեցիկ է հնչում… Ինչպե՞ս կարող ես ասել, որ դու այլևս չես սիրի: Իհարկե, հնարավոր է սիրել կրկին: Եթե երբևէ սիրել ես, ու ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվել, դա չպետք է քեզ համար դառնա ճակատագրական: Կյանքի ընթացքում մենք փոխվում ենք, փոխվում են նաև մեր չափանիշերն ու պահանջները, և բնական է, որ քո նախկին սերն ու դրա ավարտը ևս քեզ փոխել են: Իսկ նոր սերը չի սպասի քո քայլերին, ինքն իր ոտքով կայցելի քեզ: Կարևոր է, որ դու բաց լինես իր համար, իսկ այս հարցում պետք է չմոռանաս ճիշտ մոտեցման մասին:

Հոգեբան Տաթևիկ Աղաբեկյանն ասում է. «Եթե նախկին հարաբերությունները նոր են ավարտվել, բնական է, որ քեզ դեռ մեկ-երկու շաբաթ խոսելու ու զգացմունքներդ արտահայտելու հնարավորություն է հարկավոր: Ինչից հետո պետք է նայես շուջդ ու տարբեր մարդկանց օրինակներով տեսնես, որ բոլորն էլ հայտնվում են նման իրավիճակներում ու հաղթահարում դրանք, կարող ես նույնիսկ նման սյուժեով ֆիլմեր դիտել, ինչից հետո խոսիր քեզ հարազատ մարդկանց հետ, ովքեր ազատ կխոսեն քեզ հետ խնդրի մասին ու կսթափեցնեն քեզ վերջնականապես»:

Պետք չէ ակնկալել, որ նոր սերը նման կլինի նախորդին, չէ՞ որ սա այլ և նոր պատմություն է, նոր մարդու մասնակցությամբ… Եթե նախկինում դու մի բանի կարիք ունեիր, այժմ գուցե քեզ լիովին այլ բան է պետք (նաև նկատի ունենալով քո նախկին փորձը): Ու հիմա, հնարավոր է` շատ բաներ այլ կերպ կանես, քան նախկինում: Հնարավոր է` առաջինը եղել է ավելի բուռն և կրքոտ, իսկ այս մեկը ավելի զուսպ ու ռոմանտիկ լինի կամ էլ` հակառակը: Ու հավատա` սա շատ լավ է, նոր հաճելի զգացողությունները միշտ ոգևորում են: Հետևաբար, այս մեկը ևս անկրկնելի է:
cosmo.am