«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ արդեն մի քանի օր է՝ շատերը խոսում են այն մասին, որ սիրված հումորիստներ Հայկ Մարությանի (Հայկո) և Մկրտիչ Արզումանյանի (Մկո) նույնքան սիրված դուետը փլուզվել է, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին սերիալ» նախագծի ավարտից հետո այս երկու հումորիստները չեն լինելու նոր նախագծում և ավելին, մեկ ուրիշ նախագծում Էլ նրանք միասին հանդես չեն գալու։ Առաջացած անջրպետի պատճառը համարվում էր Հայկոյի քաղաքացիական ակտիվությունը, ինչը նա իր հարցազրույցներից մեկում հերքել է՝ միևնույն ժամանակ չխոսելով իրական պատճառների մասին։ Խնդրի վերաբերյալ երեկ թերթը փորձեցինք զրուցել Մկրտիչ Արզումանյանի հետ։
– Մկրտի՛չ, ինչո՞ւ բաժանվեցին ձեր ճանապարհները։ Նախաձեռնությունը ձե՞րն էր։
– Արդեն այնքան տարբեր բաներ են ասում։ Երևի թերթերին ինչ-որ նոր թեմա է պետք գրելու։ Ես չեմ ուզում մեկնաբանել ընդհանրապես որևէ բան։ ժամանակը ցույց կտա՝ ով ինչով է զբաղվում, ով ինչով է զբաղվելու ու միասին անելո՞ւ ենք հետագա պրոյեկտներ, թե չէ։ Ես հիմա չեմ ուզում ոչ մի թեմայով մեկնաբանություններ տալ ու ընդհանրապես ոչ մեկին մեկնաբանություն չեմ տալիս։ Ով որ գտնում է՝ ճիշտ է, կամ ուզում է տալ, թող տա, ես զբաղվում եմ իմ գործերով։ Ճիշտն ասած՝ ուրիշ գործով չեմ ուզում զբաղվել։
– Դուք ինքներդ էլ գիտեք, որ հանրության կողմից շատ սիրված եք և մարդկանց հետաքրքրում է ձեր բաժանման պատճառը։ Դրա համար չե՞ք կարծում, որ ճիշտ կլինի՝ մեկնաբանել ստեղծված իրավիճակը։
– Չէ՛, ես չեմ ուզում մեկնաբանել ընդհանրապես ոչ մի բան։ Նորից եմ կրկնում, ժամանակը ցույց կտա, դրանից ելնելով մարդիկ կհասկանան՝ ով ինչ է անելու, և դա օբյեկտի՞վ է, թե՞ ոչ։
– Ամեն դեպքում դո՞ւք եք ցանկացել, որ բաժանվեք։ Հայկոյի հարցազրույցներից մեկում կարդացի… (նա ասել էր, որ կոնֆլիկտի համար երկու կողմ է հարկավոր, իսկ ինքը պատրաստ է Մկոյի հետ համագործակցել)։
– Այնպիսի հարցեր եք տալիս, ես չեմ ուզում ձեր հարցերին պատասխանել։ Չեմ ուզում ընդհանրապես որևէ թեմայով խոսել՝ ո՛չ այդ, ո՛չ ուրիշ։ Ընդհանրապես ոչ մի հարցազրույց չեմ ուզում տալ։
– Նեղացա՞ծ եք ինչ-որ մեկից։
– Ոչ մեկից չեմ նեղացած։ Կարծում եմ՝ իմ իրավունքն է դա՝ ես չեմ ուզում ոչ մեկին հարցազրույց տալ։ Ինձ համար որոշել եմ դա անել ու այդպես էլ անում եմ։ Ես զբաղված եմ իմ գործով, իսկ իմ գործերը շատ են, ես ծանրաբեռնված եմ։
Նյութը՝ «Հայկական ժամանակ» թերթից