Մշակույթի <անմշակ> նախարար-տիկնոջ անդդորը կրկին խաթարված է,չէ՞ որ Հասմիկ Պողոսյանն այդքան հոգնել էր Փակ շուկայի մասին լրագրողների հարցերից եւ բացեիբաց հայտարարում էր այդ մասին ու ցույց տալիս, թե ինքն անզոր է, ինքն իր տեղում եւ մաքառում էր, կռվում ու մարտնչում Փակ շուկան՝ պատմամշակութային երբեմնի հուշակոթողը Սամվել Ալեքսանյանի դուքանը՝ հերթական <Երեւան սիթին> դառնալու ճանապարհին։ Բայց արի ու տես, անգամ ՄԻՊ-ն է արձանագրել, որ

«ՀՀ մշակույթի նախարարությունը բարեխղճորեն չի ապահովել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը, ինչի հետևանքով Երևանի Փակ շուկան կորցրեց իր կերպարային ամբողջականությունը»,- ասված է մշակույթի նախարարության գործունեության ոլորտին վերաբերող Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան՝ 2013թ. զեկույցում:

ՄԻՊ-ն արձանագրում է նաև, որ շուկայում շինարարությունն իրականացվել է կառույցի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի կողմից, որը կատարել է նշված վերանորոգման աշխատանքներն առանց համապատասխան թույլտվության և անհրաժեշտ փաստաթղթերի:

Զեկույցի համաձայն՝ մտահոգիչ է նաև նախարարության դիրքորոշումն առ այն, որ Կենտրոնական ծածկած շուկան, չնայած վերոգրյալ ապօրինի շինարարական աշխատանքների, պահպանել է պատմամշակութային հուշարձանի կարգավիճակը:

Դժվար է վիճարկել անմշակույթ Հասմիկ Պողոսյանի դուքանի չափորոշիչները պատմամշակութային հուշարձանի <կարգավիճակի> վերաբերյալ, այնպես որ այս հարցում Հասմիկ Պողոսյանը կարող է բաց ճակատով վիճարկել թե ՄԻՊ-ի, թե մշակութասեր հասարակության մեղադրանքները։ Ի վերջո, չէ՞ որ հենց Հասմիկ Պողոսյանն էր, ով առանձնակի ոգեւորվել էր Փակ շուկայի տանիքի <տյունինգով> եւ սկսված ապօրինի շինաշխատանքների վերաբերյալ առաջին ահազանգերը անհիմն էր համարում եւ հայտարարում, որ  տանիքը <չռռում> էր եւ մեծն բարերարն ընդամենը կանխում է <չռռոցը> եւ փրկում հուշարձանը հիմահատակ ավերումից։ Իսկ մնացածը այն, ինչ կատարվեց, եղավ բոլորի աչքի առջեւ եւ նախեւառաջ նախարարի, ով ամեն առիթով իր վրայից պատասխանատվությունը հեռացնում եւ փաթաթում էր այլոց պարանոցին։

Այդուհանդերձ,ՄԻՊ-ի կարծիքով՝ <անհրաժեշտ է ձեռնամուխ լինել նաև տվյալ հուշարձանների նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացմանն ու պատասխանատվության միջոցների կիրառմանը, ինչը նախարարության կողմից դեռևս չի իրականացվում>:Այստեղ պարզապես չես կարող չասել՝ <մազալու> Պաշտպան է Կարեն Անդրեասյանը․ինչպե՞ս կարելի է մշակույթի տիկնոջից պահանջել պատասխանատվության հարցի բարձրացում։

Ինչպե՞ս կարելի է կնամեծար եւ գեղեցկությունը գնահատող ու նախարարի մոտ շքեղ ծաղկեփնջերով այցելող Ալեքսանյանի նկատմամբ <վերահսկողական> գործառույթներ կիրառել։ Գուցե այդ ծաղկեփունջն արդեն թոռոմել է, բայց դրա բույրը նախարարը դեռ երկար կվայելի․․․

Անի Սահակյան


Աղբյուր՝ hayeli.am