Նիմֆոմանուհին նույնպես հայտնվում է ոչ այդքան բարենպաստ իրավիճակում: Սեքսի ժամանակ նա կարող է օրգազմ ունենալ, բայց բավարարվածություն չստանալ:

Սեռական անբավարարվածությունը բերում է նրան, որ կինը վեր է ածվում սկանդալների սիրահար հիստերիկի, աղմկոտ տեսարանների խանդոտ սիրահարի: Նա զուգընկերոջ ներկայությամբ սկսում է թատերական դրամաներ խաղալ` փորձելով մանիպուլյացիայի ենթարկել նրան, երբեմն ստիպված է խաբել բոլորին, որպեսզի կարողանա բավարարել իր սեռական պահանջմունքները:

Նիմֆոմանուհին սեքսի անկառավարելի ցանկություն է զգում, պատրաստ է սեռական հարաբերություններ ունենալ ցանկացած զուգընկերոջ հետ` առանց ուշադրություն դարձնելու այնպիսի պայմանականությունների, ինչպիսիք են՝ տարիքը, կարգավիճակը, արտաքինը, իսկ երբեմն էլ ` վայրը:

Նիմֆոմանիան (νύμφη (nymphe) — հարսնացու, μανία (mania) — կիրք, խելագարություն, լատ. nymphomania) կանանց նորմայից ավելի սեքսուալ ակտիվությունն է կամ հիպերսեքսուալությունը: Այս երեւույթը ունի երկու հիմնական պատճառ: Մի դեպքում /ավելի հաճախ/ այն առաջանում է հոգեկան խանգարումների, ինչպես նաեւ կանացի սեռական օրգանների ֆունկցիայի խանգարումների հետեւանքով: Մեկ այլ դեպքում այն կնոջ թերարժեքության բարդույթի պատճառով է տեղի ունենում, այդ թվում նաեւ սեռական անբավարարության:

Ընդ որում` եթե նորմալ մարդիկ կարողանում են կառավարել իրենց սեքսուալ ցանկությունները, ապա նիմֆոմանիայով տառապող կանայք /նիմֆոմանուհի/ դա չեն կարողանում: Արդյունքում պատահական սեռական կապերի թիվը գերազանցում է բոլոր նորմաները: Ավելի հաճախ նման հիվանդություն ունեցող կանանց համար միեւնույնն է, թե ինչ տարիքի, կազմվածքի, արտաքին տվյալների անձնավորություն է նրանց զուգընկերը:

Հիվանդությունը կարող է առաջանալ նաեւ դաշտանային ցիկլի դադարից՝ կլիմաքսից հետո, չնայած այս տարբերակըը շատ հազվադեպ է պատահում եւ թաքնված հոգեկան խանգարումների /շիզոֆրենիա, հիստերիա, փսիխոզ եւ այլն/ արդյունք է:

Նման հիվանդություն գոյություն ունի նաեւ տղամարդկանց մոտ եւ կոչվում է Սատիրիազիզ (հուն. ο Σατιρος — Սատիր — անտառային աստվածներ, պտղաբերության դեւեր, որոնք հայտնի էին ալկոհոլի նկատմամբ հակվածությամբ եւ նորմայից բարձր սեքսուալ ակտիվությամբ: Սովորաբար ուղեկցում էին խաղողի եւ գինու Դիոնիսոս աստծուն): Ընդ որում` սրա մասին ավելի քչերին է հայտնի, քանի որ հաճախ դժվար է տարբերել սատիրիազիսը եւ պրոմիսկուիտետը: Վերջինս անկանոն սեռական կյանքն է բազմաթիվ զուգընկերների հետ, որը կարող է լինել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանաց մոտ: Այդպես անվանել են դեռեւս չզարգացած ցեղախմբերում ընտանիքի եւ բարոյական նորմերի բացակայության պայմաններում ցեղի անդամների միմյանց հետ անկանոն կապերը: Դա հասարակության կողմից չխրախուսվող վարք է, սակայն հիվանդություն չէ:

Իսկ Սատիրիազիսը տղամարդու սեռական անբավարարության, այլ հիվանդությունների (կապված սեռական օրգանների, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների հետ) կամ թերարժեքության բարդույթի հետեւանքով նորմայից ավելի սեքսուալ ակտիվությունն է: Ընդ որում` նման տղամարդիկ, ինչպես եւ նիմֆոմանուհիները, տեւական կապեր չեն ունենում միեւնույն զուգընկերոջ հետ, չեն ամուսնանում կամ ամուսնանում են շատ հաճախ: Չեն կարողանում կառավարել իրենց ցանկությունները: Այս հիվանդությունը նույնպես ուղեկցվում է հոգեկան խանգարումներով: Ինչպես եւ նախորդ դեպքում, այնպես էլ այս, սեռական բավարարվածություն ստանալը դառնում է հիվանդագին նպատակ:

Թե՛ նիմֆոմանիան, թե՛ սատիրիազիսը հնարավոր է բուժել, եթե անձը գիտակցում է իր վիճակը եւ ժամանակին դիմում է բժշկի, սակայն, կախված հիվանդության փուլից, կարող է երկարատեւ բուժում պահանջվել:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,

սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ