Սոցիոլոգների համոզմամբ՝ և՛ միլիարդատերը, և՛ նրա գործարանի հետին մասնաճյուղում աշխատող հասարակ բանվորը հավասարապես տառապում են փողի պակասից։ Այս պարադոքսի բացատրությունն այն է, որ երկուսն էլ «ստիպված են» ապրել հարևաններից լավ։ Եթե շարունակենք նույն ոգով, կարող ենք տալ առաջին խորհուրդը՝ փողի պակասը փարատելու լավագույն միջոցը՝ «ճիշտ» հարևանների ընտրությունն է։
Այս խորհուրդներին պետք է հետևել բացառապես այն ժամանակ, երբ փողը չի բավականացնում անգամ առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելուն։ Իսկ գոբսեկյան մոլուցքով տառապող մարդկանց ասենք, որ առանց կարիքի ամեն մի լուման հաշվելը խիստ բացասաբար է ազդում ոչ միայն մարդու վարկանիշի, այլև առողջության վրա, քայքայում է նյարդերը, ստեղծում ավելորդ լարվածություն։
Եղեք առողջ ու շռայլ՝ ձեր հնարավորությունների սահմաններում։
Տնտեսավարման բազմադարյան փորձը ցույց է տալիս, որ սուղ միջոցներով հնարավորինս լավ ապրելու համար անհրաժեշտ է տանը պահել տետրակ։ Տետրակում հարկավոր է մանրամասն նշել փողերի շարժը՝ ընտանեկան բյուջեի եկամուտը, ծախսը (կետ առ կետ՝ ուտելիքի, հագուստի, պարտադիր վարձերի և այլն), ենթադրվող գնումները, ներդրված գումարները, անձեռնմխելի ֆոնդը։ Հաշվարկելով այս ամենը, արդեն մեկ ամիս հետո նկատելի կլինեն «նեղ տեղերը», ևս մեկ ամիս՝ եւ արդեն կարելի է հստակ պատկերացնել հետագա ծախսերը։
Պլանավորեք և կշահեք։
Հաշվարկը կօգնի հատկապես տանտիրուհիներին՝ ընտանիքի ճաշատեսականու հարցը լուծելիս։ Ո՞ր տանտիկինը չգիտե, որ ուտելիքի կերակրային արժեքը և դրա գինը հաճախ չեն համընկնում։ Միշտ չէ, որ «լավ» ապրանքն ամենասննդարարն է։ Հատկապես կարելի է խնայել երկար պահվող սնունդ գնելիս։
Մեծածախ առևտուրը տալիս է նման հնարավորություն։ Կարելի է հավաքվել հարևաններով և գնել արկղերով ու պարկերով, այլ ոչ՝ կիլոգրամներով, ինչն ավելի թանկ է։ Այսպես կարելի է վարվել նաև տոնական օրերին՝ նոր տարի, զատիկ, ուսումնական տարվա ավարտ և այլն։
Երբ փող չկա…Ամենասնանկացնող գործոններից է «ձեռքի փողը» ծախսելը։
Աշխատավայրում կամ փողոցում մանր-մանր ծախսած փողը հաճախ չի երևում, բայց արդյունքում, ի մի բերելիս, ստացվում է մի կլորիկ գումար, որը վեր է ձեր հնարավորություններից։ Եթե հասկանում եք, որ չեք կարող ձեզ զսպել՝ տնից դուրս գալիս հետներդ փող մի վերցրեք (խիստ անհրաժեշտ քանակից ավելի)։ Հաշվեք միայն տրանսպորտի, եթե այլ ճար չկա՝ նաև ընդմիջմանը սնվելու գումարի չափը, ավելին ձեզ հարկավոր չէ։ Իհարկե, ավելի լավ կլինի, եթե սնունդը վերցնեք տնից։
erkusov.com