4 երեխաների մայր է 37-ամյա Ինգան: Նրա երեխաները ծնվել են իրար հետևից՝ 1993, 1994, 1995, 1996 թվականներին ու հիմա 17, 18, 19, 20 տարեկան են: Ինգան նրանց ունեցել է 17, 18, 19, 20 տարեկանում:

Այս պարբերությունից հետո դժվարությամբ է գրվում այն, ինչի համար Ինգան մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի հունվարի 26-ին նա ապօրինի մուտք է գործել Պուշկինի փողոցի շենքերից մեկում վարձակալությամբ բնակվող ԻԻՀ քաղաքացի Հեյդար Ղոլամռեզայի Աշրաֆիի բնակարան, ննջարանի զգեստապահարանում կախված բաճկոնի գրպանից գաղտնի հափշտակել է 6500 դոլար և 1200 եվրո:

Ինգան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով:

Հիշյալ բնակարանի դուռն Ինգան բացել է իր մոտ պահվող բանալիով: Նա այդ բնակարան մտնում-դուրս էր գալիս որպես մաքրող:

Դատարանում Ինգան հայտնել է, որ Հեյդարի հոր՝ Ղոլամռեզայի հետ ծանոթացել է 2012 թվականին: Քանի որ ինքը պարսկերեն գիտեր, Ղոլամռեզան առաջարկել է աշխատել իր բնակարանում՝ մաքրել այն:

Որոշ ժամանակ անց, ըստ Ինգայի, ինքն ու Ղոլամռեզան մտերմացել են, ինտիմ կապի մեջ մտել: Հոկտեմբերին արդեն Ղոլամռեզան տվել է բնակարանի բանալին ու ասել, թե Ինգան կարող է ազատ մուտք գործել բնակարան՝ երբ ցանկանա: Նա իրեն ընդունել է որպես դուստր, բայց վերաբերվել է որպես սիրած կնոջ: Նույնիսկ առաջարկել է ամուսնանալ, խոստացել է մեքենա նվիրել: Ամուսնության առաջարկն էլ արել է իր ընկերուհիների ներկայությամբ:

Ինգայի ասելով՝ Ղոլամռեզան թույլատրել է անհրաժեշտության դեպքում գումար վերցնել պահարանում կախված բաճկոնի գրպանից: Նա ինքը շատ անգամ է Ինգային այդ գրպանից գումար տվել, և Ինգան այդ «տարողունակ» գրպանի մասին տեղյակ էր: Գիտեր նաև, որ «հարուստ» բաճկոնը Ղոլամռեզայի որդունն է՝ Հեյդարինը:

Ինգան հայտնել է, թե մինչև Ղոլամռեզայի՝ Իրան մեկնելը ինքը նրան ասել է, որ դստեր նշանադրությունն է լինելու, իրեն գումար է հարկավոր: Ղոլամռեզան էլ ասել է, թե ինչքան փող պետք է՝ կարող է վերցնել պահարանում կախված բաճկոնի գրպանից: Ինքը վերցրել է միայն 6 հազար դոլար: Նախկինում պատահել է, որ առանց Ղոլամռեզային տեղյակ պահելու՝ այնտեղից վերցրել է 5 հազար, 10 հազար դրամ, 100 դոլար:

Այս անգամ վերցրած 6 հազար դոլարից ծախսել է 4500 դոլարը: Մնացածը պահել է, որ Ղոլամռեզայի վերադարձից հետո միասին մեքենա գնեն:

Ինգայի մեկնաբանությամբ՝ Ղոլամռեզան դեպքից հետո հրաժարվել է իրենց մեկ տարվա կապից, որովհետև ամաչել է որդուց և ընտանիքից:

Ղոլամռեզայի ընտանիքը Հայաստանում բիզնես ունի, որն իրականացնում է ՍՊԸ-ի միջոցով: Հիմնադիրն ու տնօրենը հենց Ղոլամռեզան է:

Վերջինս հայտնել է, որ 2013 թվականի հունվարի սկզբին իրենց ընկերության միջոցներից կանխիկացրել են 8 հազար դոլար և 2 հազար եվրո: Այդ գումարներից հունվարի 26-ի դրությամբ մնացել էին 6500 դոլար և 1200 եվրո: Փողը պահված է եղել որդու բաճկոնի գրպանում, իսկ բաճկոնը կախված է եղել ննջասենյակի պահարանում:

Հունվարի 26-ին ինքը մեկնել է Իրան: Հաջորդ օրը որդին զանգահարել ու հարցրել է բաճկոնի գրպաններում եղած գումարների մասին, ասել է, որ դրանք չկան: Ղոլամռեզան կասկածել է միայն Ինգային:

Նա պնդել է, թե ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքի որևէ անդամ բնակարանի դռան բանալին Ինգային չեն տվել: Նրան իրավունք չի տրվել ցանկացած պահի մտնել բնակարան, բացել պահարանները, ինքնագլուխ գումար վերցնել: Ինքը նկատել է, որ պարբերաբար փոքր գումարներ են կորել, բայց չի բարձրաձայնել: Երբևէ Ինգային ամուսնության առաջարկ չի արել, չէր էլ կարող անել, քանի որ նա իր դստեր տարիքին է: Ինքը Ինգայի տուն գնացել է, երբ նրա դստեր ոտքը կոտրվել էր: Մի քանի անգամ էլ Ինգայի հետ սրճարան է գնացել:

Մի անգամ, երբ Ինգան իրենց բնակարանում էր, բնակարանի մուտքի բանալին կորել է: Ինգան 30-40 րոպեով դուրս է եկել, վերադառնալուց հետո էլ ասել, թե բանալին, իբր, խոհանոցում է եղել: Ինքը կասկածում է, թե նա դուրս է եկել, պատվիրել բանալու կրկնօրինակը ու վերադարձել:

Դեպքի օրը Ինգան գիտեր, որ ավագ Աշրաֆին մեկնում է Իրան, որդին գնալու է օդանավակայան՝ հորը ճանապարհելու, և տանը ոչ ոք չի լինելու:

Ինգա Հ.-ն 2009 թվականի սեպտեմբերին արդեն դատապարտվել էր մեկ այլ գողության համար, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել ու սահմանվել մեկ տարի փորձաշրջան:

Մինչև այս գործով դատավճռի կայացումը Ինգան հատուցել է տուժողին՝ Հեյդար Աշրաֆիին պատճառած վնասի մի մասը: Հափշտակված գումարից 1400 դոլար և 90 հազար դրամ էլ հայտնաբերվել է Ինգայի տան խուզարկությամբ ու ճանաչվել որպես իրեղեն ապացույց: Այդ գումարները ևս կհանձնվեն տուժողին:

Ընդհանուր իրավասության դատարանը գողություն կատարելու համար մեղավոր է ճանաչել Ինգա Հ.-ին և վերջին հաշվով դատապարտել 3 տարի 11 ամիս 7 օր ազատազրկման:

Ինգան կալանքի տակ է առնվել դատական նիստերի դահլիճում:
1in.am