Մտերիմ ընկերոջդ հետ առանձին զրուցելու, գաղտնիքներ պատմելու մասին իսպառ մոռացել ես: Նախկինի պես հաճախ չեք հանդիպում: Ընկերոջդ սիրելիի անհիմն խանդը կաթիլ առ կաթիլ վերջ է դնում ձեր երկար ու ամուր ընկերությանը: Դե փորձիր ապացուցել, որ դու վտանգավոր մրցակից չես, որ չես ցանկանում բաժանել նրանց ու խանգարել նրանց երջանկությանը:

Cosmo հոգեբան Տաթևիկ Աղաբեկյանը խանդի նման դրսևորումները միանգամայն բնական է համարում. տվյալ աղջիկը չի ցանկանում կիսել իր սիրելիին որևէ այլ մարդու և առավել ևս՝ նրա իգական սեռի ընկերոջ հետ, ով իր սիրելիին ճանաչում է մի փոքր ավելի երկար, քան ինքը և ով, գուցե, գիտի այնպիսի բաներ, որոնց մասին ինքը նույնիսկ պատկերացում չունի:
Նման դեպքերում Cosmo աղջիկը, բնականաբար, դեպքերի ընթացքն իր ձեռքն է վերցնում և սկսում է հարթել ստեղծված իրավիճակը:

Հայտարարիր ժամանակավոր զինադադար: Cosmo հոգեբան Տաթևիկ Աղաբեկյանն առաջարկում է որոշ ժամանակ պասիվ լինել` զույգին բավարար ժամանակ տալով միմյանց ճանաչելու և վստահություն ձեռք բերելու համար: Իմաստն այն է, որ որքան մեծ լինի նրանց` միմյանց հանդեպ վստահությունը, այնքան քեզ համար հեշտ կլինի շահել մտերիմ ընկերոջդ սիրելիի համակրանքն ու պահպանել ձեր վաղեմի ընկերությունը: Հոգեբանորեն պատրաստ եղիր մեկ կամ մի քանի շաբաթ ընդհանրապես չշփվել մտերիմ ընկերոջդ հետ, իսկ ավելի պարզ` որոշ ժամանակով անհետացիր նրանց կյանքից: Հավատա, այդ զոհողությունը վերջում լավ արդյունք է տալու:

Ցույց տուր, որ դու վտանգավոր չես: Շփումը վերսկսելուց հետո քո մյուս քայլը մտերիմ ընկերոջդ սիրելիի վստահությունը շահելն է: Յուրաքանչյուր հնարավորության դեպքում ցույց տուր, որ դու իր սիրելիին ընկալում ես միայն որպես ընկեր, այլ ոչ՝ որպես տղամարդ: Եթե դու էլ «բոյֆրենդ» ունես, ապա անպայման կիսվիր այդ նորությամբ և դա արա ոչ միայն ընկերոջդ սիրելիի, այլև հենց ընկերոջդ մոտ: Դու պետք է նրանց երկուսին ընդունես որպես մեկ ամբողջություն, իսկ եթե շարունակ տարանջատումներ դնես, այդպիսով միայն կհաստատես ընկերոջդ սիրելիի կասկածները:

Մտերմացիր նրա հետ: Cosmo հոգեբան Տաթևիկ Աղաբեկյանն առաջարկում է սառույցը կոտրել նաև հեռակա շփման միջոցով, օրինակ՝ ինտերնետով: Կարելի է սկսել Facebook-ում լուսանկարներ «like» անելով ու աղջկական թեմաների շուրջ զրուցելով: Սակայն խոսակցության ընթացքում ավելի լավ է չանդրադառնալ տղամարդ-կին հարաբերություններին և, ընդհանրապես, սիրուն վերաբերող թեմաներին. նմանատիպ թեմաները կարող են կասկածի նոր ալիք առաջացնել ու քո յուրաքանչյուր հարցի տակ թաքնված ենթատեքստեր փնտրելու պատճառ դառնալ:

Ձեռք բեր նրա վստահությունը: Երբ արդեն վստահության հիմքը դրված է, առիթը բաց մի՛ թող ամրապնդելու արդյունքը: Փորձիր օգտակար լինել, վարվել ճիշտ այնպես, ինչպես կանեին մտերիմ ընկերուհիները: Հիշում ես , որ նա ուզում էր գնել սև ժանեկավոր զգեստ, իսկ այժմ նմանատիպ մոդելը ներկայացված է 70% զեղչով։ Շտապիր հայտնել նրան այդ հաճելի լուրը:

ՊԼԱՆ Բ: Գաղտնիք չէ, որ աշխարհում միլիարդավոր մարդիկ կան, և յուրաքանչյուրն ունի իր աշխարհայացքն ու մտածելակերպը: Եվ, ո՛վ գիտե, գուցե մտերիմ ընկերոջդ սիրելին այդպես էլ չփոխի իր կարծիքն ու չվստահի քեզ: Այդ դեպքում խորհուրդ կտանք չեզոք դիրք ընդունել՝ նախապես իրավիճակը քննարկելով մտերիմ ընկերոջդ հետ: Շարունակիր պահպանել ընկերությունը՝ համատեղ հանդիպումներն ու ժամեր տևող հեռախոսազանգերը հասցնելով մինիմումի:

Հոգեբաններն առանձնացնում են խանդի 4 տեսակ.

1. Բռնակալական. հատուկ է այն մարդկանց, ովքեր չեն ընդունում իրենց զուգընկերոջ անհատականությունը:

2. Հուզական. հատուկ է այն մարդկանց, ովքեր վախենում են կորցնել իրենց սիրելիին և սարսափում են մենակ մնալու մտքից:

3. Կանխատեսելի. հատուկ է այն մարդկանց, ովքեր իրենց սեփական թուլությունը կոծկելու համար մեղքը բարդում են զուգընկերոջ վրա:

4. Կարգավիճակային. խանդի այս տեսակը չի տարածվում ուրիշների նկատմամբ: Այս դեպքում մարդը վախենում է կորցնել հասարակությունում իր դիրքը: Որպես խանդի դրդապատճառ հանդես են գալիս մեկ այլ մարդու հաջողությունները:
cosmo.am