Մոնթե Մելքոնայանի անվան թիվ 11 դպրոցի տնօրինուհին, պարզաբանելով դպրոցի դասասենյակներից մեկը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունով կոչելու որոշումը, բացատրում էր, թե Ալեքսանյանը անչափ բարի ու սրտացավ մարդ է, իրենց բարեգործն է, նորոգել է դասասենյակը, շրջանավարտների «Վերջին զանգի» ծախսերն է հոգացել, այդ պատճառով էլ Մոնթե Մելքոնյանի անունը կրող դպրոցում «հոգու ներքին կանչով» որոշել են դասարան բացել՝ Լֆիկի անունով: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույն տիկինը անգամ համոզմունք է հայտնել, թե «Աստված մի արասցե, եթե Սամվել Ալեքսանյանի հետ մի բան պատահի, լրագրողները նրա արձանը կկանգնեցենեն», որովհետև նա փաստորեն, ըստ սույն տնօրինուհու, անչափ հետաքրքիր է լրատվամիջոցներին, քանի որ միշտ անչափ հետաքրքիր թեմաներ է ապահովում լրատվական դաշտի համար: Թեպետ արձան կանգնեցնելու և հետաքրքիր թեմաների առնչությամբ լրագրողների ու դպրոցում Լֆիկի անունով դասասենյակ բացող տնօրենի պատկերացումները հազիվ թե ընդհանրություններ ունենան, սակայն մի հարցում տնօրինուհին թերևս ճիշտ է. Սամվել Ալեքսանյանի «բարեգթություններն ու բերեգործությունները» այնքան օրիգինալ ու բացառիկ են, որ դրանց չանդրադառնալ թերևս հնարավոր չէ: Ահավասիկ դրանցից հերթականը. Hayeli.am-ի խմբագրություն է դիմել Ալեքսանյանի գործունեությունից տուժած հերթական քաղաքացին՝ «Կայզեր» սուպերմարկետի հարևանությամբ, Ֆուչիկի 15 շենքի բնակիչ Ռուբինա Գևորգյանը: Չորս տարի առաջ Ալեքսանյանին պատկանող /դե ֆակտո խանութի տնօրենը Ալեքսանյանի փեսան է/ «Կայզեր» սուպերմարկետի տերերը Ֆուչիկի 15 շենքի անմիջապես կողքը՝ պատուհանների ուղիղ տակը` բարեկարգման պատրվակով քանդում է բնակիչների ուժերով կառուցված այգին. ամբողջությամբ հատվում են ծառերը, սկսում են ասֆալտապատել: Կարճ ժամանակ անց պարզվում է, որ կառուցվում է ոչ թե ընդհանուր օգտագործման այգի, այլ ընդամենը ավտոկայանատեղի՝ «Կայզեր» սուպերմարկետի համար: «Այդպես սկսվեցին մեր տառապանքները. մեր բակի դրախտայաին այգին, որը իմ հոր և շենքի հին հարևանների ուժերով էր հիմնվել, դարձավ բետոնապատ ու ասֆալտապատ մի տարածք, որտեղից անպակաս են ծուխն ու մուրը, մեքենաների դռդռոցն ու ազդանշանները: Առավոտյան 6-ին արթնանում ենք այն վարորդների հետ, ովքեր գալիս ու կարգի են գցում իրենց մեքենաները: Բարձր գոռում են՝ «կլյուչը տուր», «զադնի քաշի» և նման բաներ, դրան գումարած նաև ռաբիս երաժշտությունը: Իսկ գիշերվա մասին` էլ չեմ խոսում. խայտառակություն է, 2-ին, 3-ին վերադառնում են, կանգնեցնում մեքենան, բարձր գոռգոռալով, մի իսկական բարդակ է լինում: Հայհոյանքներով են խոսում միմյանց հետ, գոռալով: Երեք օր իրար հետևից գիշերը 2-ին վեր ենք թռնում, իմ աղջիկը վախենում է այդ ձայներից, արթնանում է ու չի կարղանում քնել: Ձմեռը բոլոր լուսամուտները փակ ենք պահում, բայց ամառը հնարավոր չէ՝ ուզած-չուզած պետք է պատուհանը բացել, որ չխեղդվենք: Ես հնարավորություն չունեմ իմ բնակարանի պատուհանները «եվրո» դնել, դրա համար իմ տունը անընդհատ կամ այդ մեքենաների ծուխն է լցվում, կամ էլ մենք անընդհատ լսում ենք դրանց գոռգոռոցները: Ոնց որ այդ գարաժը քո տանը լինի»,- մեզ հետ զրույցում պատմեց մասնագիտությամբ նկարչուհի Ռուբինա Գևորգյանը: Նրա խոսքով` ժամանակին, երբ <<Կայզերի>> տերերը նոր-նոր էին կառուցում ավտոպարկինգը, բնակիչներին հատուցում են խոստացել, բայց հետո ոչ մի հատուցում էլ չեն տվել: Հարցին, թե ինչ կարգի հատուցման մասին է խոսքը, բնակիչը պատասխանեց. «Թեկուզ, թող բերեն մեր տան պատուհանները «եվրո» դնեն, կոնդիցիոներ դնեն, ես այդ հնարավորությունը չունեմ, բայց իրենց ավտոկայանատեղիի պատճառով չեմ կարողանում բնական օդ շնչել, պատուհան բացել, գոնե արհեստական պայմաններ թող ապահովեն»,- ասաց Ռ. Գևորգյանը: Նրա խոսքով` «Կայզերի» տնօրենը՝ ոմնՊարույր, անձամբ իրեն խոստացել է, որ այդ հարցերը կլուծի, բայց խաբել է ու չի կատարել իր խոստումը. «Կոպիտ ասած` նա մեզ քցեց, մեր այգին վերցրեց ու ոչ մի հատուցում չտվեց, թեպետ ինչ էլ որ աներ, դա իրական հատուցում չէր կարող լինել: Այդ ինչը պիտի փոխարիներ բնական թթվածնին և մեր «միչուրինի» այգուն»: Ասում եմ՝ 4 տարի առաջ օգոստոսին մի գիշերվա մեջ ուղղակի գենոցիդ արեցին: Խոստացան՝ կփոխհատուցենք: Այդ Պարույրն ինձ ասաց նաև, թե մյուս հարևանները իրենց հողատարածքը վաճառել են՝ քառակուսին 150 դրամով, իսկ ինձ պատրաստ էին նույնիսկ 200 տալ: Ես չգիտեմ, մյուս հարևաններին ինչ-որ հատուցում տվել են, թե ոչ, բայց ես ոչինչ չեմ ստացել»,- պատմում է բնակիչը: Բնակիչներն անգամ ոստիկանություն են դիմել՝ աղմուկի հարցով. «Դիմելուց հետո ասացին՝ կանխել ենք աղմուկը: Դրանից հետո գնացի սուպերմարկետ, ինձ ասացին՝ վա~յ, Ռուբինա ջան, դու ես բողոքել, ախր դու մեր հարազատն ես: Ես իրենց ասացի, որ ուզում եմ բնակարանս վաճառել, բայց գինը իրենց սուպերմարկետի պատճառով երկու անգամ ընկել է: Ես գարաժի մեջ եմ ապրում, ոչ թե բակում: Բացի նրանից, որ ծառերը հետ չեք բերելու, այժմ էլ հանգիստ քուն չունենք: Հերթական բողոքից հետո Պարույրը խոստացավ, որ կգան ու պատուհաններս եվրո կդնեն: Բայց էդ խոստումերը էդպես էլ օդում մնացին»,- ասում է Ռուբինա Գևորգյանը: Ահա, թե ինչպիսի բարեգործ է Սամվել Ալեքսանյանը, ում հաշվին է ծաղկում նրա բիզնեսը և ինչպես է նա վաստակում իր միլիոնները:

Դավիթ Մանուկյան


Աղբյուր՝ hayeli.am