Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր բերվել Տիգրան Ասատրյանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության քննիչը միջնորդությամբ դիմել էր դատարան, որպեսզի դատարանը Տ. Ասատրյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, ընտրի 2-ամսյա կալանքը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ բավարարեց քննիչի միջնորդությունը, և Տ. Ասատրյանը 2 ամսով կալանավորվեց:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Տ. Ասատրյանը ձերբակալվել է հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նշված քրեական գործի շրջանակներում է կալանավորվել նաև Իսահակ Սարգսյանը՝ հանրահայտ Իսոն, ով կասկածվում է ոչ թե սպանություն կատարելու կամ պատվիրելու մեջ, այլ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, և տեղեկությունները, որ նա սպանությունը կատարող է կամ պատվիրատուն, այս պահին չեն համապատասխանում իրականությանը:
shamshyan.com