Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գևորգ Թ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

21-ամյա Գևորգին սուտ մատնություն կատարելու համար մեղավոր էր ճանաչել ու դատապարտել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

Գևորգը Կոմայգում, կրելով կանացի հագուստ, սեռական հարաբերություններ ունենալու ծառայություններ է առաջարկել ու մատուցել 2007 թվականից:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը նա եղել է նույն վայրում: Բեյրութի փողոցում նրան է մոտեցել Ավետիս Բ.-ն և նրա ծառայություններից օգտվելու համար նստեցրել իր մեքենան: Ուղևորվել են «Սիլաչի»:

Գևորգը պահանջել է համապատասխան վճարը, սակայն անսթափ «կլիենտը» հրաժարվել է վճարել:

Վիրավորված Գևորգը ձեռքը գրպանն է տարել ու չի գտել իր մոտ եղած գումարը՝ 500 դոլարն ու 40 հազար դրամը: Նա ենթադրել է, թե Ավետիսն է վերցրել փողերը, պահանջել է վերադարձնել: Ավետիսը հայհոյելով՝ Գևորգին հրել, մեքենայի սրահից ցած է գցել ու հեռացել:

Մի քանի օր անց՝ մարտի 5-ին, Գևորգը ոստիկանությունում հաղորդում է տվել, թե Երևանի Արցախի փողոցում իր ծանոթ «Արտոն» այսինչ պետհամարանիշի «Լեքսուս» ավտոմեքենայի սրահում իրենից հափշտակել է 600 դոլար:

Նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել կողոպուտի դեպքի առթիվ:

Նախաքննության ընթացքում Գևորգը խոստովանել է, որ ինքը սուտ մատնություն է կատարել, Ավետիս Բ.-ն իրեն չի հարվածել, իր գումարը չի հափշտակել:

Գևորգը նախկինում դատված չի եղել, սակայն նրա վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից կայացվել են քրեական հետապնդում չիրականացնելու մի քանի որոշումներ:

Ըստ Գևորգի ցուցմունքի՝ մանուկ հասակից հակում է ունեցել տղամարդկանց նկատմամբ, իսկ հասուն տարիքում ապրել է սեռական այլ կողմնորոշմամբ:

Արդեն 5 տարի ճանաչում է Արտո անունով մոտ 50 տարեկան մի տղամարդու, ով ամսական երկու-երեք անգամ օգտվել է իր ծառայություններից, եղել է «մշտական կլիենտ»:

Հենց «Արտոն»՝ իրականում՝ Ավետիս Բ.-ն է դեպքի օրը՝ 2012 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, իր «Լեքսուսով» մոտեցել Գևորգին, մեքենայով գնացել են ամայի տեղ, սեռական հարաբերություններ ունեցել, որոնց համար Ավետիսը հրաժարվել է գումար վճարել:

Վրդովված Գևորգն իր գրպաններում չգտնելով մոտը եղած գումարը՝ այն պահանջել է Ավետիսից, իսկ վերջինս զայրացել է, նրան հրելով դուրս նետել մեքենայից ու հեռացել:

Դատարանում Գևորգը ներկայացրել է, թե ոստիկանությունում հաղորդում տալիս համոզված է եղել, որ Ավետիսն է գողացել իր մոտի գումարը: Սակայն մի քանի օր անց գումարը գտել է իր կրծկալի ներսի կողմի պատռվածքի մեջ:

Գևորգը զղջացել է արարքի համար, ասել, թե Ավետիսին վատություն անել չի ցանկացել:

Ավետիս Բ.-ն ներկայացրել է, թե դեպքի օրն ընկերների հետ խնջույքի է եղել ռեստորանում: Տուն գնալու ճանապարհին՝ Բեյրութի փողոցում նկատել է մի շիկահեր աղջկա, նստեցրել է մեքենան, ուղևորվել Սիլաչի՝ զվարճանալու: Քանի որ խմած է եղել, անմիջապես չի կռահել, որ շիկահերը ոչ թե աղջիկ, այլ տղա է: Երբ հասկացել է, շրջադարձ է կատարել ու վերադարձել այնտեղ, որտեղից նրան վերցրել էր:

Մարմնավաճառը պահանջել է վճարել կորցրած ժամանակի համար: Ինքը հայհոյել է ու մեքենայից դուրս հրել նրան:

Այդ տղայի գումարը չի հափշտակել, նրան չի ծեծել, չի սպառնացել: Նա սուտ մատնություն է կատարել՝ ցանկանալով վրեժխնդիր լինել իրենից՝ չվճարելու համար:

Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Թ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով և սուտ մատնություն կատարելու համար դատապարտել 2 ամիս կալանքի:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրողը և ամբաստանյալը:

Դատախազը պահանջել է Գևորգ Թ.-ին դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Գևորգ Թ.-ն խնդրել է իր նկատմամբ տուգանք սահմանել, ենթարկել ազատազրկման հետ չկապված պատժի:

Վերաքննիչ քրեական դատարանը այլ կերպ վարվեց. բեկանեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, համաներման կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճեց, ամբաստանյալ Գևորգ Թ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց:
Աղբյուր՝ www.1in.am