Ջոշն ինձ անմիջապես դուր եկավ. նա բավական ինքնավստահ էր: Զրույցի ընթացքում նա նշեց, որ կյանքի ապահովագրություն է վաճառում: Մենք լավ ժամանակ անցկացրինք, իսկ հավաքույթի ավարտին ես նրան տվեցի իմ այցեքարտը: Հաջորդ օրը նրանից էլնամակ ստացա… Մենք շուրջ մեկ ամիս հանդիպում էինք, սակայն երբ առաջին անգամ սիրով զբաղվեցինք, նա ինձ ուղիղ երկու օր չզանգահարեց: Դա շատ անհարգալից էր նրա կողմից. այնպես որ, ես ինքս էլ դադարեցրի նրա հետ շփումը և այդպես էլ չզանգահարեցի նրան:

Այդ դեպքից երկու ամիս անց Ջոշն ինձ հաղորդագրություն ուղարկեց. «Բարև, ինչպե՞ս ես»: Սովորաբար ես չեմ պատասխանում այն տղաներին, որոնց հետ կտրականապես որոշել եմ խզել կապերս, սակայն այդ օրը սարսափելի ընկճված էի, և որոշեցի պատասխանել Ջոշի նամակին… Պայմանավորվեցինք երեկոյան հանդիպել բարում: Երբ տեղ հասա, Ջոշն արդեն այնտեղ էր և, ինչպես միշտ, լավ տեսք ուներ, շատ լավ: Հավանաբար նա աշխատանքից էր գալիս, քանի որ կրում էր կոստյում և կաշվե պորտֆել, ճիշտ այնպիսին, ինչպիսին նա կրում էր մեր առաջին հանդիպման օրը: Ջոշը համբուրեց այտս, և ես անմիջապես ջերմության հոսք զգացի. «Գուցե ես նրան բավարար հնարավորություն չտվեցի նախորդ անգամ»,- մտածեցի ես:

Երեկոյի ընթացքում Ջոշի այն հարցին, թե ուր էի անհետացել, պատասխանեցի. «Կարծում եմ՝ ճիշտ չէ երկու օր սպասել քո զանգին սիրով զբաղվելուց հետո. իմ անտարբերությունը տեղին է և արդարացված»: Նա ներողություն խնդրեց. ինձ թվաց՝ զղջում է…

Երբ արդեն ամեն ինչ պարզել էինք, Ջոշը հետաքրքրվեց իմ աշխատանքով՝ ինչպես է այն ընթանում, քանի հաճախորդ ունեմ, քանի աշխատակից և արդյոք երբևէ մտածել եմ կյանքի ապահովագրություն ձեռք բերելու մասին: Լսելով իմ բացասական պատասխանը՝ նա անմիջապես լրջացավ և ասաց. «Պետք է մտածել այդ ուղղությամբ: Դա շատ կարևոր է փոքր բիզնեսի սեփականատերերի համար»: Տարօրինակ էր, թե որքան ինտենսիվորեն էր նա փորձում համոզել ինձ, բայց, միևնույն ժամանակ, նրա ոգևորությունը վարակիչ էր:

Երբ խնդրեցինք հաշիվը, Ջոշը վճարեց իմ փոխարեն (գեղեցիկ քայլ էր նրա կողմից), և մենք դուրս եկանք բարից: Մեր տունդարձի ճանապարհները տարբեր էին. այնպես որ, նա հրաժեշտ տվեց ինձ և թեթևակի համբուրեց այտս՝ ասելով. «Ուզում եմ նորից տեսնել քեզ»: Ես մետրո նստեցի՝ կրկին ջերմություն զգալով Ջոշի հանդեպ. գուցե նա լավ տղա է, ի վերջո…

Գուցե և ոչ: Հաջորդ օրը նա հաղորդագրություն ուղարկեց ինձ. «Մտածե՞լ ես մեր երեկվա խոսակցության շուրջ»: Ես շփոթված գրեցի. «Ի՞նչ խոսակցություն», որին հետևեց նրա ցնցող պատասխանը. «Կյանքի ապահովագրություն: Կցանկանայի քեզ որոշ առաջարկներ ներկայացնել: Ժամանակ ունե՞ս այս շաբաթ իմ գրասենյակ այցելելու»:

Աստված իմ, հենց այդ պահին միտքս լուսավորվեց. այս ամենը պարզապես վաճառքի քայլ է, նա փորձում էր ժամադրել ինձ և ջերմ վերաբերմունքի միջոցով իր հաճախորդը դարձնել: Ես ցանկություն չունեի ներքաշվել նրա խաղի մեջ և արձագանքել նրա փոքրոգի քայլին, ուստի բացասական պատասխան տվեցի. «Չեմ կարծում, թե հիմա դրա ժամանակն է…»։ Նրա պատասխա՞նը, «Լավ, եթե երբևէ ապահովագրության կարիք ունենաս, գիտես ինչպես գտնել ինձ»:

Դե, կարծում եմ, դժվար չէ գուշակել, որ ես այդպես էլ ապահովագրության կարիք չունեցա… ոչ էլ կրկին Ջոշին տեսնելու կարիք:
www.cosmo.com