Եվ ահա մենք կրկին միասին ենք… Մեր շուրթերը մի պահ հպվեցին, մեր մատները միահյուսվեցին ու մի ակնթարթ զգացի կրքի հոսանքի շիթը, որ պարուրում էր ամբողջ մարմինս եւ… մոռանալով ինձ, հաղթահարելով գիտակցությանս ընդվզումը, սիրով ու աննկարագրելի երանությամբ տրվեցի հոգեկան անհավասարակշռության վայելքներին՝ արտացոլվելով քո մեջ…

Սիրո, գայթակղության ու կրքի այս շիկացած խառնարանում միայն դու ես տիրապետում սիրո կանոններին, չնայած հակառակը պիտի լիներ… Դու ավելի երիտասարդ ես… Դու հասկանում ես մարմնիս լեզուն եւ տիրապետում բոլոր արվեստներին։ Ես անփորձ եմ, եւ դու ուղեկցում ես ինձ։

Քո հպումից մարմնովս սարսուռ է անցնում, եւ զարթնում են նյարդային բոլոր հանգույցներս: Ես զգում եմ մարմնիդ ջերմությունը, որ այրում է ինձ իր նարնջագույն լեզվակներով ու արդեն ցանկանում եմ քեզ… Ես տրվում եմ քեզ մտքով, հոգով, մարմնով…

Մարմինս մի աներեւույթ ձեռքով ազատվում է հագուստների կապանքներից՝ թողնելով միայն մարմնիս կլորությունները գրկող մետաքսյա կարմիրը, որ հրդեհվում է քո հայացքից…

Կարծես միաձուլվել ենք, ներհյուսվել միմյանց մեջ ու տրվել տարերքին… Մեր մարմինների սիմֆոնիան սկսվում է՝ կարմիր կրծքկալն անկողնու վրա հայտնվելու հետ մեկտեղ… Վայելքն այնքան մեղմ է, համընթաց, ներդաշնակ ու մեղմորեն ընթանում է դեպի բուռն ու հախուռն հրաբխի խառնարան, ուր իմ մարմինը սանձող վերջին հագուստն եմ թողնում: Եվ կարծես չկա մի կետ մեր մարմինների վրա, որ չի մասնակցում այդ համանվագին: Եվ կրծքով զգում եմ մարմնիդ փոթորիկը, որ փոխանցվում է բոլոր բջիջներիս… Եվ քո շուրթերն եմ զգում ամենուր…

Րոպեները հոսում են, ժամերը՝ նույնպես: Եվ ամենուր թափանցում է փոթորիկը. դու իմ մեջ ես… Հրաբուխը գալարվում է, մագլցում, տարածվում, ընդգրկում ամբողջ տիրույթը եւ կառավարում, տիրում, ենթարկում իրեն… Ես էքստազի մեջ եմ, իմ մեջ հորդում են տիեզերական ուժերն ու արեւի էներգիան, ես անէանում եմ ու ձուլվում քեզ… Եվ ժայթքում է սիրո ու կրքի լավան…

Ես քոնն եմ՝ հիմա, այսօր, վաղը, տասը տարի անց… Չնայած ութ տարի է արդեն՝ անգամ մեր հայացքները չեն հանդիպել միմյանց, ու հիմա, երբ գրում եմ այս տողերը, կրկին զգում եմ կրքի հրաբուխը, որ պարուրել էր ինձ…

Ա.Ա.»:
news.am