Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակ Ասատրյանը:

Նա նշեց, որ իրեն ընդհանրապես չի հետաքրքրում ոչինչ, ոչ դատաքննությունը, ոչ էլ սահմանված պատիժը: Նա չի էլ պատրաստվում բողոքարկել:

«Իմ ինչի՞ն ա պետք, որ իմանամ, իրա մեղքը իրա վիզը պետք է լինի: Ես որ ասեմ, կշատացնեն պատիժը, չէ: Իմ տունը արդեն քանդվել է, որ բողոքեմ, կնոջս հե՞տ կբերեմ»,-ասաց Շիրակ Ասատրյանը: Նա նշեց, որ ամեն ինչ նորմալ է, աշխատում է եւ միաժամանակ զբաղվում երեխաների խնամքով:

Հիշեցնենք, որ այս դեպքի մասին ահազանգել էր NEWS.am-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակի Ջրաշեն գյուղից 26-27 շաբաթական հղիությամբ, 4 երեխաների մայր, 43-ամյա Հրածին Մալխասյանը հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ, որտեղ եւ մահացել է: Ըստ շրջանառվող տեղեկությունների` կնոջ մոտ արյունահոսությունը սկսվել է աբորտ անելուց հետո, քանի որ նա 20 շաբաթական հղի է եղել: Իսկ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լեւոն Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել էր, որ նրա մոտ եղել են ցավեր, ինքնուրույն վիժել է, այնուհետեւ սկսվել է արյունահոսությունը: «Հղիությունը նորմալ չի ընթացել, ծանր վիճակում ընդունվել է, վիժել է, որից հետո արյունահոսություն է սկսվել, վիրահատել ենք, այնուհետեւ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնտեղ նորից վիրահատվել է եւ հնարավոր չի եղել կյանքը փրկել»,- նշել էր նա: Քննելով գործը դատարանը վճռել է ամբաստանյալ Վարուժան Լադիկի Մարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառել` դատապարտելով ազատազրկման 2 տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Ամբաստանյալ Վարուժան Լադիկի Մարդանյանին նաեւ զրկել են բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 3 տարի ժամկետով:
news.am