Լավ է, եթե նա սեռական հարաբերություն է ունենում միայն մեկ կնոջ հետ, ինչը քիչ հավանական է: Իսկ ի՞նչ ասել այն դեպքում, երբ տղամարդը պատահական կապերի կողմնակից է: Այդ տղամարդիկ չեն մտահոգվում անթիվ վտանգների, հիվանդությունների ու վարակների մասին: Հաճախ նրանք պատճառ ունեն դրա համար: Հենց դրանց մասին էլ NEWS.am STYLE – ի թղթակցին պատմել է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Համալսարանական կլինիկայի սեքսոպաթոլոգիայի ծառայության ղեկավար Սեւադա Հակոբյանը.

«Պահպանակը սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ու անցանկալի հղիության դեմ պաշտպանվելու դեռեւս ամենաանվտանգ մեթոդներից մեկն է: Այն ճիշտ օգտագործելու դեպքում պաշտպանվածության արդյունքը բավականին բարձր է (գիտությունը դեռեւս ավելի անվտանգ միջոց չի ստեղծել): Տարբեր տեսակի պահպանակները նաեւ բուժման միջոց են: Օրինակ, վաղ սերմնահոսության ժամանակ տղամարդկանց խորհուրդ է տրվում անդամի գլխիկի զգայնությունը նվազեցնող պահպանակ օգտագործել, որը նաեւ երկարաձգում է սեռական ակտը:

Սեքսոլոգիայի պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքերի, երբ տղամարդը կտրականպես հրաժարվում է պահպանակից: Զարմանալի է, բայց ոմանք այն ընկալում են որպես սրբապղծություն, անհարգալից կամ վիրավորական քայլ իրենց երկրորդ կեսի հանդեպ: Հաճախ պահպանակ չօգտագործելը տղամարդիկ մեկնաբանում են սեռական ակտի ժամանակ զգացողութունների թույլ արտահայտվածությամբ: Համաձայն չեմ, քանի որ գոյություն ունեն սիլիկոնային սքուկով լատեքսային պահպանակներ, որոնք ամբողջությամբ փոխանցում են բնական զգացողությունները: Տղամարդիկ նշում են նաեւ, որ երբեմն պահպանակ չեն օգտագործում՝ իրավիճակից դրդված:

Պետք է նշել, որ պահպանակ չօգտագործելը կամ այն օգտագործելու տեխնիկան չիմանալը պայմանավորված չէ մասնագիտությամբ, մտածելակերպով կամ անձի ինտելեկտի մակարդակով: Բացի այդ, շատ հաճախ պահպանակ չօգտագործելու պատճառով անցանկալի հղիության եւ վարակի դեպքեր գրանցվում են հենց բարձրագույն կրթությամբ մարդկանց մոտ: Ըստ իս, պատճառն այն է, որ նրանք հիմնականում հարաբեություն են ունենում իրենց կարծիքով վստահելի եւ լուրջ կնոջ հետ, եւ պահպանակն ավելորդ են համարում (իսկ թեթեւաբարո կանանց հետ կենակցելիս նրանք անպայման կպաշտպանվեին):

Պետք է հիշել, որ, թեկուզեւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներն այսօր բուժվում են, բայց հիվանդությունները խորանալու միտում ունեն: Այդ պատճառով պետք չէ վտանգի ենթարկել առողջությունը: Այն շատ դժվար է վերականգնել»։

Գրի առավ Լաուրա Բալայանը