5-րդ բրիգադը Շահումյանում երբեք չի եղել, իսկ Սամվել Ալեքսանյանը արցախյան ազատամարտին չի մասնակցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 5-րդ բրիգադի  տանկային գումարտակի  հրամանատարի տեղակալ, ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի այն պնդմանը, թե ինքը արցախյան ազատամարտի ժամանակ 5-րդ բրիգադի կազմում կռվել է Շահումյանում։

«5-րդ բրիգադը Շահումյանում չի եղել, 1993թ. հունվարին եղել է Մարտակերտում, այնուհետեւ 1993թ. աշնանը՝ Մանվելի հետ Ֆիզուլիում, հետո 1993թ. աշնանը եւ 1994թ.՝  Մարտակերտում»,- պատմեց ազատամարտիկը։

Նրա խոսքով՝ Սամվել Ալեքսանյանն ընդհանրապես կապ չունի երկրապահի հետ, չհաշված ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապը. «ԵԿՄ-ն Մանվելի սեփականաշնորհած կառույցն է և ազատամարտիկների հետ կապ չունի»։

«Եթե Մանվելը բրիգադի իսկական հրամանատար լիներ, ապա իր բրիգադի զինվորները այդքան վատ վիճակում չէին լինի, եւ դրա ապացույցն այն է, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի շնորհիվ գեներալ դարձածի մարտական ընկերներն Ալեքսանյանի ու Շմայսի նմաններն են»,-ասաց ազատամարտիկը։

Ազատամարտիկի խոսքով՝ 5-րդ բրիգադի ազատամարտիկները Մանվել Գրիգորյանից ոչ մի օգնություն չեն ստացել։

«Բրիգադի հերոսական տղաներից մի քանիսը սոցիալական և բարոյական անտարբերությունից ինքնասպան եղան, որոնցից մեկը Երևանի գումարտակի հրամանատար Արա Ավագյանն էր՝ «Գիժ» մականունով: Նա մի քանի տարի առաջ ձեռքի նռնակով պայթեցրեց իրեն, իսկ նրա վերջին մեղադրանքը հենց Մանվելի հասցեին էր»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարի ժամանակ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ասել էր, որ Սամվել Ալեքսանյանը մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին եւ եղել է 5-րդ բրիգադում։ Ավելի ուշ «Ազատության» լրագրողի հարցին, թե կոնկրետ որ շրջանի մարտերին է մասնակցել Սամվել Ալեքսանյանը, գործարար պատգամավորը պատասխանել էր. «Շահումյանում»։

Մեր զրուցակիցը, ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանը, 1989թ. կազմակերպել է  «Շանթ» մարտական ջոկատը եւ դարձել ջոկատի հրամանատար, որն էլ ընդգրկվել է երկրապահ ջոկատների կազմում։ 1991թ. մեկնել  է Շահումյանի շրջան և մասնակցել  հայկական գյուղերի  ինքնապաշտպանությանը։ 1992թ. վերջերին ընդգրկվել է նորաստեղծ Կամավորական 5-րդ բրիգադում եւ նշանակվում է վաշտի ավագ, իսկ հետագայում՝ տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ: Բրիգադի կազմում մասնակցել  է մարտերին  Հադրութում, Ֆիզուլիում, Մարտակերտում։


Աղբյուր՝ news.am