Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ: Նրանց դուր են գալիս գրկախառնությունները, համբույրները, գուրգուրանքներն ու քնքուշ խոսքերը, բայց առաջիկա սեռական հարաբերությունը վախով է ընկալվում: Երիտասարդների համառությունը, աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, իսկ երբեմն էլ` բռնությունը կարող են նրան հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է՝ նաեւ ֆիզիկական վնասվածքի, հաճախ լրջորեն վտանգելով ընտանեկան հետագա կայունությունը: Պետք է լինել համբերատար, նրբանկատ եւ ինքնավստահ:
Որոշ ժամանակ (շաբաթներ, ամիսներ) նախքան դեֆլորացիան՝ կուսազրկումը, օգտակար կլինի աստիճանաբար ձգել-թուլացնել կուսաթաղանթը` քնքշանքների ժամանակ մատը հեշտոց մտցնելով եւ շրջանաձեւ շարժումներ անելով (ցավային զգացողությունների դեպքում սեղմումը թուլացնել): Բարակ եւ առաձգական թաղանթի բացվածքն այդ կերպ կարելի է լայնացնել համապատասխան մեծության:
Եթե առնանդամը մտցնելիս, այնուամենայնիվ, դիմադրություն է զգացվում, ապա կարելի է աղջկան գործողությունների ազատություն տալ: Օրինակ` աղջիկը կարող է նստել պառկած տղամարդու վրա` գտնվելով «մեջքով դեպի նա» դիրքում: Ընդ որում, նա կարող է վերահսկել իր շարժումները` կախված զգացողություններից:
Կուսազրկումն անպայման չէ միանգամից իրականացնել: Ուժեղ ցավի դեպքում այդ գործընթացը կարելի է բաժանել մի քանի ժամերի կամ օրերի: Քանի որ կուսաթաղանթը բավական առաձգական է, ապա ամեն փորձի հետ ճեղքվածքն ավելի լայնանում է, միաժամանակ, աստիճանաբար վախի զգացումը ցավի հանդեպ նվազում է: Եթե մի քանի փորձից հետո հնարավոր չի լինում առնանդամը ներհրել, իսկ ցավը չի թուլանում (ինչը սովորաբար լինում է հաստաշերտ, սերտաճած կուսաթաղանթի դեպքում), ապա հարկ է դիմել բժշկի: Հնարավոր է, որ նման կուսաթաղանթը հեռացվի բժշկական եղանակով:
Չի կարելի փորձել լուծել հարցը մեկ ուժեղ սեղմումով. դա կարող է հանգեցնել հեշտոցի պատի ճեղքվածքի, իսկ շատ ուժեղ ցավը, հնարավոր է, տհաճություն եւ ատելություն առաջացնի աղջկա մոտ սեքսի հանդեպ:
Կուսաթաղանթի պատռումից հետո խորհուրդ է տրվում որոշ ժամանակ հրաժարվել սեքսից, որպեսզի վնասված մասերը հասցնեն լավանալ:
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու
Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
NEWS.am STYLE