«Ինչ վերաբերում է հնարքներին ու հեքիաթներին, ապա վաղ թե ուշ դրանք մերկացվում են, և հետևանքը լինում է այն, որ երեխաներն սկսում են անվստահությամբ վերաբերվել ծնողներին: Հաճախ երեխաներն իրենք են հարցեր տալիս, իսկ եթե ոչ, հարկ է օգտագործել ցանկացած հարմար առիթ, օրինակ, խոսել այդ մասին հագցնելուց, լողացնելուց, կենդանիներին հետեւելու ժամանակ։ Եթե բացատրությունները համապատասխանում են երեխայի ընկալմանը, դրանք չեն կարող վաղաժամ լինել, իսկ այ ուշացումը կարող է շատ բարդացնել դաստիարակման ընթացքը։ Զրույցների նպատակը ոչ միայն երեխաներին տեղեկություն հաղորդելն է եւ ճիշտ վարքականոններ սովորեցնելը, այլեւ հասնելն է այն բանի, որ հետագայում երեխաները բացատրություններ ստանալու համար դիմեն իրենց ծնողներին», – ասում է Վ. Շահրամանյանը։
-Պայմանականորեն սեռական դաստիարակության պրոցեսը կարելի է բաժանել մի քանի տարիքային փուլերի։ Նախադպրոցական տարիքում երեխաների մոտ աստիճանաբար ձեւավորվում է սեռի պատկանելության գիտակցումը, եւ որպես շրջակա աշխարհի բացահայտման բնական պրոցեսի հետեւանք առաջանում են սեռական հարցերի նկատմամբ հետաքրքրության սաղմերը։ Դա արտահայտվում է ծնողներին ուղղված բազմաթիվ հարցերում, որոնք կարող են նաեւ շփոթմունքի մեջ գցել։ Շատ հաճախ երեխաները իրենց հետաքրքրող տեղեկությունները ստանում են տնից դուրս, մեծամասամբ բակում, «լավ տեղեկացված» ավելի մեծ տարիքի երեխաներից։ Մինչդեռ այս ձեւով ստացված ինֆորմացիան կարող է բացասաբար ազդել երեխայի՝ սեռի հանդեպ վերաբերմունքի վրա, նեգատիվ հակազդեցություն ծնել, սխալ պատկերացում առաջացնել սեռերի հարաբերությունների մասին որպես ինչ-որ կեղտոտ բանի ։ Ուստի, սեռական հարցերի վերաբերյալ տեղեկությունները ծնողները պետք է տրամադրեն երեխաներին ժամանակին եւ տարիքին համապատասխան։ Երեխաներին շատ բան կարող է հետաքրքրել. 3-4 տարեկանում նրանք հարցեր են տալիս սեռերի անատոմիական տարբերությունների մասին, հետաքրքրվում են, թե որտեղից են հայտնվում երեխաները, ինչպես են նրանք մայրիկի փորում հայտնվել, եւ ինչպես են հաջողացրել այնտեղից դուրս գալ։ Սովորաբար երեխայի առաջին հարցերը պարզ եւ զվարճալի են, եւ պայմանավորված են ոչ թե սեքսուալ մղումներով, այլ հետաքրքրասիրությամբ։
Սեռական կյանքի մասին իրենց առաջին հարցերը երեխաները շատ վաղ են սկսում տալ: Նախքան պատասխանելը դուք բաց հարց տվեք, պարզելու համար, թե նա ինչ է մտածում այդ մասին: Սովորեք պատասխանել հարցերին շիտակ և առանց այլևայլությունների: Ասացեք միայն ճշմարտությունը, սակայն դա ներկայացրեք երեխայի տարիքին համապատասխան ձևով։
Սովորաբար, ծնողներին տրված ամենաբարդ հարցն է. «որտեղի՞ց են հայտնվում երեխաները»: Այդ կարեւոր զրույցին պատրաստվեք նախապես: Սկզբում պարզեք, թե ինչին է հավատում երեխան: Մի շփոթվեք, եթե նա հարցնի այդ մասին, պատասխանելիս հետևեք ձեր դեմքի արտահայտությանն ու ձայնին: Եթե հարցը տրվել է ոչ հարմար ժամանակ կամ տեղում, ապա ասացեք, որ այդ կարևոր հարցին դուք ուզում եք պատասխանել ավելի ուշ, սակայն անպայման պահեք ձեր տված խոստումը։ Եթե զգում եք, որ չեք կարող գլուխ հանել տրված հարցից, խորհրդակցեք փորձված մանկավարժի, բժշկի կամ կամ էլ գտեք անհրաժեշտ և գրագետ տեղեկատվություն համացանցում, ամսագրերում, հուշաթերթերում, բրոշյուրներում կամ գրքերում: Կրտսեր տարիքի երեխաները բավարարվում են մոր այնպիսի պատասխաններով, ինչպիսիք են՝ «ես քեզ ունեցել եմ ծննդատանը» կամ «դու մեծացել ես իմ փորում»:
Երեխաների հարցերին, եթե անգամ նրանք ծնողների համար անսպասելի են կամ զայրացնող, պետք է պատասխանել հանգիստ միջավայրում, առանց ձայնը բարձրացնելու, եւ երեխաներին չի կարելի պատժել հետաքրքրասիրության համար։ Պետք չէ ասել այն ամենն, ինչ գիտեն մեծերը։ Բայց բացատրությունները պետք է լինեն պարզ եւ երեխայի համար մատչելի, եւ չպետք է խեղաթյուրեն ճշմարտությունը։ «Որտեղի՞ց են երեխաները» հարցին սկզբում կարելի է պատասխանել. «Երեխաներին ծնում են մայրերը։ Ես ծնել եմ քեզ եւ քույրիկին»։ Հետագայում, երբ երեխան մեծանա, այս հարցի պատասխանը պետք է լինի ավելի հանգամանալից եւ բաց»։
Բայց ինչպե՞ս վարվել, եթե երեխան լրացուցիչ հարցեր է տալիս։ Վրեժ Շահրամանյանը NEWS. am Medicine-ի թղթակցի խնդրանքով տալիս է հուշումներ ծնողների համար.
«Լրացուցիչ հարցերը ծագում են ավելի ուշ, 5-6 տարեկանում։ Առավել հետաքրքրասեր երեխաներին կարելի է պատմել, որ մանկիկները աճում են իրենց մայրերի մարմինների ներսում գտնվող մի հատուկ տեղում: Այն հարմարավետ և տաք տեղ է, ստեղծված է հատուկ երեխաներ մեծացնելու համար: Եվ 9 ամիս անց, երբ երեխան լիովին հասունանում է, նա լույս աշխարհ է գալիս հատուկ խողովակի միջոցով: Այդ խողովակի մուտքը գտնվում է մոր ոտքերի արանքում»:
-6-7 տարեկան երեխաները անպայման պատասխան հարց կտան. «Ես հասկացա, ինչպես եմ այնտեղից դուրս եկել, բայց ինչպե՞ս եմ այնտեղ հայտնվել»։ Ի՞նչ պատասխանել երեխային այդ դեպքում։
Մոտավորապես, սա. «Նախքան լույս աշխարհ գալը երեխան իրենից մի փոքրիկ ձվիկ է ներկայացնում, որն առաջանում է նրա մոր որովայնի ներսում: Այն ստեղծվում է երկու փոքրագույն բջիջներից՝ մայրիկի բջջից, որը ձվաբջիջ է կոչվում և հայրիկի բջջից, որը սերմնաբջիջ է կոչվում (թղթի վրա երկու կետ դրեք, որպեսզի ցույց տաք, թե որքան փոքր են նրանք): Ձվաբջիջն աճում է մայրիկի մարմնի ներսում, իսկ սպերմատոզոիդը՝ հայրիկի մարմնի ներսում: Հենց ձվաբջջի հետ սպերմատոզոիդի հպման ժամանակ էլ գոյանում է այն փոքրիկ ձուն, որից էլ աճում է փոքրիկ մարդուկը:
Այս պատմությունը կարող է շատ տարբերակներ ունենալ, որոնք ծնողներին ընտրության հնարավորություն կտան։ Պետք է լավ պատրաստվել, չշփոթվել եւ երեւակայությանը տուրք չտալ։
– Բայց լինենք մինչեւ վերջ հետեւողական, եւ պատասխանենք մեկ այլ տրամաբանորեն ծագող մանկական հարցի. «Իսկ ինչպե՞ս են ձվաբջիջն ու սերմնաբջիջը հանդիպում միմյանց»։
– Այդպիսի հարցերը, որպես կանոն, ավելի մեծ հասակում են տրվում՝ 9-10 տարեկանում, երբ արդեն մոտենում է դեռահասության տարիքը։ Ցանկալի է, որ այդպիսի ուսոցողական զրույցները պարբերական բնույթ ունենան. մայրը խոսի դստեր հետ, հայրը՝ որդու։ Պետք է երեխայի ուշադրությունը հրավիրել այն բանին, որ այս ամենը տեղի է ունենում, երբ տղան եւ աղջիկը հասունանում եւ դառնում են մեծ կին եւ տղամարդ, սիրում են միմյանց, ամուսնանում են եւ ընտանիք կազմում։
Յանա Ավչիյան
http://med.news.am/arm/news/443/inchpes-em-es-haytnvel-mayriki-porikum.html