20 տարեկան էի, երբ տատիկս մահացավ: Երևի հիշում եք, որ ասել եմ, որ Հայաստան գալուց հետո տատիկիս հետ էի ապրում: Նրա մահից հետո որոշեցի բնակարանն ամբողջությամբ վերանորոգել, որ ամեն ինչ իմ ուզածով լինի: Ամենածիծաղելին այն էր, թե ինչպես էի ես ընկած բանվոր ման գալիս: Քանի որ ոչ մի համապատասխան ծանոթ չունեի քաղաքում, ստիպված գնացել էի ֆայլաբազար ու ինձ դուր եկած բանվորներից (այսինքն` այն բանվորներից, որոնք քիչ թե շատ մարդկային տեսք ունեին, բացառությամբ մի երիտասարդի) խումբ հավաքել: Բնակարանի վերանորոգումը տևեց 5 ամիս, որի ընթացքում կես մարդ դարձա: Վարձում ես բանվորներ, բայց ստիպված ես ամեն ինչ ինքդ մտածել ու կառավարել:

Պետք է տեսնեիք, թե ինչ վիճակում էր բնակարանը հայտնվել: Քանի որ նախագծում փոփոխություններ էի մտցրել, ստիպված էինք անգամ պատ քանդել և տունը վերածել փոշու բնի: Ամեն դեպքում վերանորոգումն ու դրա հետ կապված հոգսերն օգնեցին արագ հաղթահարել տատիկիս մահը:

Մոտ երեք ամիս տունը կատարյալ քաոսի մեջ էր: Ամենուր ցեմենտի պարկեր էին, փոշի, գործիքներ: Բանվորներն էլ` փնթի ու ծույլ: Եթե մի փոքր խիստ չլինեի նրանց հետ, երևի վերանորոգումը 5 ամսվա փոխարեն կտևեր 5 տարի:
Վերանորոգման թեժ ժամանակն էր: Եղանակն էլ` շոգ ամառ: Երեկոյան ստիպված էի դուրս գալ` հայրս փող էր ուղարկել, որ վճարեմ անբան բանվորներիս: Ժամը 7-ը կլիներ, որ տուն վերադարձա: Բանվորներն օգտվել էին առիթից, որ տանը չեմ ու մի ժամ շուտ էին դուրս եկել` միայնակ թողնելով ամենաերիտասարդին` Արմանին: Երբ տուն մտա, նա փոշու մեջ կորած կանգնել էր պատուհանների մոտ ու «շուշաթղթում» էր դրանք: Հագին միայն ջինսե կարճ տաբատ էր, ինչը մերկացնում էր տղամարդու մարմնի իմ ամենասիրելի հատվածը` բարակ կոճերը: Հագին վերնաշապիկ չկար, ինչը թույլ էր տալիս տեսնել նրա ձիգ ու այրված մկանուտ մեջքը: Պետք է նշեմ, որ Արմանը շատ գեղեցիկ դիմագծեր ուներ` նուրբ և ուղիղ: Դե արի, 20-ամյա Միա ու դիմացի:

-Արմա՞ն, բա ու՞ր են մնացածը,-վերջապես ասացի ես:

Նա շրջվեց ու մի փոքր ամոթխած պատասխանեց.

-Գնացել են, ես էլ ասեցի սպասեմ, մինչև գաս:

-Ահա թե ինչ: Լավ… Կարող ես փոխվել ու գնալ:

-Կարող եմ մի քիչ էլ մնալ, միևնույն է` այսօր տանը մարդ չկա:

Զարմանքից քար կտրեցի:

-Կներե՞ս:

-Դե մեր տանը մարդ չկա, պիտի գնամ տուն, մենակ նստեմ… (փաստորեն նա իրենց տան մասին էր ասում): Այսպես գոնե համ գործ կանեմ, համ կզրուցենք:

-Հաց կուտե՞ս:

-Չէի հրաժարվի ճիշտն ասած:
-Լավ, սպասի գնամ տեսնեմ` ինչ եմ մոգոնում:
Մեջս ինչ-որ անհասկանալի զգացում էր արթնացել: Առաջին անգամ էի մեր տանը մենակ մնում տղամարդու հետ, այն էլ Արմանի նման գեղեցկադեմ ու սեքսուալ մեկի: Չգիտեմ` ինչն ինձ ստիպեց գնալ ննջասենյակ ու հագնել կարճ խալաթս, որ հագնում էի քնելիս: Հագիս թողեցի սպիտակ ժանյակազարդ ներքնազգեստս, որը երևում էր կիսաթափանցիկ խալաթի տակից: Գնացի խոհանոց: Մի առանձնահատուկ գլուխ չէի հանում խոհանոցից, դրա համար որոշեցի ռիսկի չդիմել ու պատրաստել ձվով հաց: Շուտով տաք հացերն ու նարնջի հյութը սկուտեղի վրա դրած մտա հյուրասենյակ:

-Որոշեցի, որ այստեղ ավելի հարմար կլինի: Գնա, ձեռքերդ լվա,-կարգադրեցի Արմանին:

Նա հնազանդորեն գնաց լոգասենյակ ու շուտով վերադարձավ: Մերկ կրծքի վրա փայլում էին սառը ջրի կաթիլները: Նա անչափ սեքսուալ էր: Միասին կերանք պատրաստածս հացերն ու պարզեցինք, որ մոռացել եմ աղ անել: Ինչպես միշտ:

Խոսակցության ընթացքում պարզեցի, որ Արմանը 22 տարեկան է, սովորում է համալսարանում և ամռանը գումար է աշխատում, որ ուսման վարձը մուծի:

-Իսկ ընկերուհի ունե՞ս:

-Նոր ենք բաժանվել:

-Ինչի՞:

-Ինձնից հարուստին գտավ:

-Ահ… Լավ չի…

-Ես կասեի` վատ չի:

-Որովհետև եթե այդպես չլիներ, հիմա քեզ չէի համբուրի…
Այս խոսքերի վրա նա իր հսկայական ձեռքով բռնեց ծնոտս ու քնքշորեն համբուրեց շուրթերս: Ես միանգամից թուլացա ու հպվեցի նրա գեղեցիկ մարմնին: Խալաթիս վերին կոճակներն արձակվեցին, ու բարակ կրծքկալիս տակ պնդացած կուրծքս մատնեց սրտիս արագ աշխատանքը: Արմանն անդադար համբուրում էր ինձ: Նա մերկացրեց ուսերս, ցած իջեցրեց կրծքկալս ու սկսեց համբուրել ուսերս ու կուրծքս: Ես արդեն կորցրել էի ինձ: Նա այնքան նուրբ ու միևնույն ժամանակ կրքոտ էր, որ մենք չհասցրինք գնալ ննջասենյակ: Մենք սիրով զբաղվեցինք հենց հյուրասենյակում` ցեմենտի պարկերի ու փոշու մեջ:

Ամբողջ գիշեր նա սիրում էր ինձ, իսկ առավոտյան արթնացանք իմ անկողնում: Ես ամուր գրկել էի նրան ու հենց այդպես քնել: Շատ կարևոր է, որ սեքսը, եթե անգամ միայն սեքս է, լինի զգայական, այլ ոչ արեցիր-վերջացրեցիր-հաջողություն: Արմանը, չնայած իր երիտասարդ տարիքին, ինձ անմոռանալի պահեր պարգևեց: Այդ օրվանից նա հաճախ էր գիշերում իմ տանը: Այդպես շարունակվեց, մինչև սեպտեմբերին նրա և իմ դասերը սկսվեցին: Ես երևի իսկապես սիրահարվել էի նրան, քանի որ շատ էի կարոտում և մի քանի ամիս դեռ հիշում էի նրան:
http://miaoragir.wordpress.com