Հավատարմություն
Հավատարմությունը կատարյալ հարաբերությունների պարտադիր բաղադրիչն է, որովհետև եթե դավաճանության շարժառիթները բազմազան են (սկսած հաճելի ժամանակ անցկացնելու ձգտումից մինչև վրեժխնդրությունը), ապա հավատարմությունն ունի մեկ-միակ պատճառաբանություն` սերը:
Վստահություն
Առանց փոխադարձ վստահության լավ հարաբերություններ չեն կարող լինել, ուր մնաց` կատարյալ: Օրինակելի զույգի ոսկե օրենքն է` լիարժեք վստահություն բոլոր հարցերում: Եթե իմանաք, որ տուն մտնելուն պես ձեզ սկսելու են «հարցաքննել», թե որտեղ, ում հետ և ինչու էիք հանդիպել, դժվար թե շտապեք այնտեղ գնալ:
Ներդաշնակություն անկողնում
Ամերիկացի սեքսոլոգները պնդում են, որ ամուսնալուծությունների 90 տոկոսի հիմքում սեռական աններդաշնակությունն է: Եվ դա զարմանալի չէ, քանի որ եթե սեռական հարաբերությունները երկուսին կամ զույգից որևէ մեկին չեն բավարարում, ապա ուրիշ ոչնչով դրանք չես կարող փոխարինել:
Անկախություն
Սա վերաբերում է զուգընկերերից յուրաքանչյուրին: Բնավորությունների ընդհանրությունն, ինչ խոսք, լավ է, բայց դա չի նշանակում, որ դուք ամեն ինչում պետք է նման լինեք ձեր զուգընկերոջը: Ընդհանուր հետաքրքություններ ունենալը չի նշանակում, որ դուք չպետք է ունենաք նաև սեփական հետաքրքրություններն ու հակումները: Եվ հենց դրանք են, որ ձեզ զուգընկերոջ ստվերից վերածում են ինքնատիպ ու վառ անհատականության:
Փոխվելու պատրաստակամություն
Հաճախ հարաբերությունների ճգնաժամի պատճառ է դառնում այն, որ զուգընկերները ցանկություն չեն ունենում գնալ զիջումների և որևէ բան փոխել սեփական սովորությունների ու սկզբունքների մեջ: Եվ կատարյալ հարաբերություններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե զույգերը կարողանան հաղթահարել եսասիրությունն ու որոշ հարցերում փոխվեն հանուն սիրելիի. օրինակ` թողնեն ծխելը կամ դադարեն գինարբուքներ կազմակերպել տանը…
Ինքնավստահություն
Ամուր հարաբերություններ ունեցող զույգերը միշտ վստահ են իրենց զգացմունքների կայունության մեջ: Որքան ուժեղ է այդ համոզմունքն ու վստահությունը, այնքան ավելի բնական և ազատ է զույգի պահվածքը հարաբերվելիս:
Լսելու ունակություն
Երջանկություն է, երբ քեզ հասկանում են: Այս մտքի հետ կհամաձայնեն բոլորը: Բայց ոչ բոլորը գիտեն` ինչպես լինել հասկացված: Սա չի վերաբերում կատարյալ զույգերին: Նրանք գիտեն, որ դրա համար պետք է պարզապես լսել իրար ու խորամուխ լինել լսածի մեջ:

Համատեղ ժամանց

Կատարյալ զույգերը չեն հոգնում իրարից, քանի որ նրանց համար միշտ հետաքրքիր ու հաճելի է միասին: Նրանք միասին նախաճաշում են, միասին ընթրում, միասին հանգստանում, միասին կատարում վերանորոգման աշխատանքները և միասին այցելում բարեկամներին: Եվ երբ նրանցից մեկը գործածում է «իմ երկրորդ կես» արտահայտությունը, այն հնչում է ոչ պարզապես փոխաբերական խոսք:
Համբերատարություն
Գուցե պարադոքսալ հնչի, բայց իդեալական հարաբերություններ կարող են հաստատվել միայն այն դեպքում, երբ զուգընկերներից երկուսն էլ գիտակցեն, որ իրենցից ոչ ոք կատարյալ չէ: Եվ արդյունքում նրանցից յուրաքանչյուրը ցուցաբերում է անհրաժեշտ համբերատարություն դիմացինի թուլությունների ու «բզիկների» նկատմամբ: Եվ փոխանակ անիմաստ նյարդեր ու ներուժ ծախսելու զուգընկերոջ թերությունների հետ կապված` նրանք «փակում են աչքերը» դրանց վրա:
Զարմացնելու ունակություն
Կատարյալ հարաբերություններ ունեցող զույգերի համար միշտ հետաքրքիր է միասին, որովհետև նրանք կարողանում են զարմացնել իրար և խուսափում են կարծրատիպային պահվածքից: Հանկարծակի անակնկալները, չպլանավորված ժամադրությունները և շաբլոնների բացակայությունը վարքում թույլ են տալիս երկար ժամանակ պահպանել թարմությունը հարաբերություններում և չձանձրանալ իրարից:
kiss.am