Հավանաբար մտածում ես, որ քո տղա ընկերներն անկեղծորեն քեզ ամեն ինչ ասում են: Եվ հենց այդ հատկանիշի համար էլ դու գնահատում ես նրանց, այդպես չէ՞։ Քո կարծիքով՝ տղաներն այդքան ուղղամիտ են և երեսիդ ասում են այն ամենը, ինչ մտածո՞ւմ են։ Օրինակ՝ դուր ես գալիս, արդյոք, այն երիտասարդին, որի մասին մտածում ես օրուգիշեր:

Դե իրականում՝ ոչ այնքան…

«Տղամարդիկ գտնում են, որ կին ընկերներն ավելի զգայուն են, հետևաբար՝ փորձում են չասել որևէ բան, որը կարող է նյարդայնացնել կամ հուզել նրանց,- ասում է հոգեբան Թերի Օրբուխը: – Նմանատիպ հետևանքներից խուսափելու համար տղամարդիկ մեղմում են իրավիճակը»: Դա իրականում այնքան էլ լավ չէ. նրանք կարող էին ընդամենը ճիշտ մեկնաբանել իրադրությունը` ասելով, թե ինչ է մտածում հակառակ սեռի ներկայացուցիչը: Ահա այն խորհուրդները, որոնք տղամարդիկ կցանկանային տալ իրենց իգական սեռի ընկերներին:

«Ես ասում եմ՝ այն տղան, որի զանգին սպասում ես, հավանաբար շատ զբաղված է և ծանրաբեռնված, մինչդեռ իրականում նկատի ունեմ, որ դու նրան դուր չես գալիս և պետք է պարզապես հրաժարվես նրանից»

Ջո Թ.

«Ես գիտեմ, որ քեզ հաճելի է իմ ընկերակցությամբ որևէ տեղ գնալը, սակայն եթե մենք բարում միասին լինենք, որևէ մեկը քեզ չի մոտենա, քանի որ կմտածի՝ հանդիպում ենք»:

Սմիթ Ռ.

«Ես գրեթե համոզված եմ, որ քո ընկերը… համասեռամոլ է: Հարցնում ես՝ ինչու եմ այդպես կարծում: Զգացել եմ նրա հայացքներն ինձ վրա»:

Անդրե Ֆ.

«Նոր շրջապատում փորձում ես խորհրդավոր թվալ, քիչ ես խոսում և միայն հպանցիկ հայացքներ ես նետում քեզ շրջապատող տղամարդկանց: Գիտեմ, մտածում ես՝ դա շատ սեքսուալ է, մինչդեռ իրականում անսիրտ մեծամիտի տպավորություն ես թողնում: Եթե ավելի բնական լինես և ժպտաս, ավելի մեծ տպավորություն կգործես»:

Ջոն Ռ.

«Երբ տղամարդու վրա տպավորություն գործելու նպատակով ձևացնում ես, թե պաշտում ես սպորտը, դա ակնհայտորեն զգացվում է: Տղամարդիկ կգերադասեին լսել, որ անտարբեր ես սպորտի նկատմամբ, քան տեսնել, թե ինչպես ես կաշվից դուրս գալիս` իրենց դուր գալու համար»:

Դարեն Ա.

«Այն հանգամանքը, որ միշտ վարդագույն մրգային խմիչքներ ես պատվիրում, ստիպում է տղամարդկանց մտածել, որ բարձր պահանջներ ունես: Նրանք ավելի տպավորված կլինեն, եթե մի քանի անգամ պատվիրես նույն գարեջուրը, ինչ իրենք»:

Թոնի Ի.

«Դու մտածում ես, որ զվարճալի ընկերուհի ունենալը միայն բոնուս է, քանի որ նա շատ հեշտությամբ է շփվում տղաների հետ: Իրականում նա շատ է աղմկում, և նրա հետ ժամանակ անցկացնելը տհաճ է: Եթե իսկապես ցանկանում ես, որ տղաները մոտենան քեզ, խուսափիր նրա ընկերակցությունից»:

Ֆրենկ Ֆ.

«Տղամարդկանց նմանակելն ու անվերջ խոսելը ո՛չ սեքսուալ է, ո՛չ էլ՝ քաղաքավարի: Գուցե այդ պահին արժանանաս ժպիտների, սակայն դա հաստատ նրանց դուր չի գա: Աշխատիր ավելի զուսպ լինել»:

Դենիս Ս.

«Տղաները հաճախ խուսափում են հարաբերություն սկսել կանանց հետ, որովհետև վերջիններս իրենց տղամարդու պես են պահում: Պետք չէ նախաձեռնող լինել. մեզ դուր է գալիս ձեզ մի փոքր հետապնդելը»:

Ջերեմի Ռ.

«Մտածում ես, որ ընկերուհիներիդ հետ պարելով՝ կարող ես գրավել տղամարդկանց ուշադրությունը: Սակայն որևէ տղամարդ չի մտնի կանանց մեծ խմբի մեջ` քեզ հետ խոսակցություն սկսելու համար»:

Լոուրենս Ֆ.

«Ես սարսռում եմ, երբ քո սենյակում ամենուր տեսնում եմ տղամարդուն գրավելու և ճիշտ հարաբերություններ կառուցելու ձեռնարկներ: Կարող եմ պատկերացնել՝ ինչ են մտածում այն տղաները, որոնց հետ հանդիպում ես: Գուցե դրանք տեղավորես դարակներո՞ւմ»։

Ֆոսթեր Դ.

«Երբ հայտարարում ես, թե բոլոր տղամարդիկ վախենում են պարտավորություններ ստանձնելուց, պետք է առարկեմ` ասելով, որ այդպես չէ: Տղամարդիկ պարզապես չեն ցանկանում քո՛ հանդեպ պարտավորություններ ստանձնել, քանի որ դու չափազանց ակտիվ ես: Իսկ նրանք չեն ցանկանում, որ իրենց զուգընկերուհին այդպիսին լինի»։

Դեյվին Ա.

«Ժամադրության գնալիս աշխատիր մազերդ չհավաքել: Լավիկն ես «պոչիկով», բայց այդպես ավելի հարմար է ներկայանալ երրորդ ժամադրությանը: Եթե փորձում ես գրավել տղամարդկանց, բաց թող մազերդ. այդպես ավելի սեքսուալ է»:

Բրայան Ֆ.

«Ինքնաքննադատական կատակներ անելն ամենամեծ սխալն է: Նույնիսկ եթե դրանք զվարճացնում են տղամարդկանց, միևնույն է, դու թողնում ես անինքնավստահ կնոջ տպավորություն»:

Ադամ Փ.

«Երիտասարդը, որին այդքան հավանում ես, մի քանի անգամ առաջարկել է միասին վազելու գնալ, և դու ենթադրել ես, թե դրանք ժամադրություններ են: Իրականում այդպես չէ: Ոչ մի տղա առաջին ժամադրությանն աղջկան վազելու չի հրավիրի: Տղաները նույնպես փառամոլ են և եթե ցանկանում են գրավել կնոջը, ձգտում են ունենալ լավ տեսք, այլ ոչ թե ներկայանալ քրտնաշաղախ»:

Ջո Ս.

«Քո տղամարդկանց 5 հատկանիշով եմ դատում՝ մազեր, քաշ, ոճ, ֆինանսական ապահովվածություն, մկաններ: Եթե միայն որոշ հարցերում գերազանցի ինձ, ոչինչ, բայց եթե երեք կատեգորիաներում ինձանից առաջ անցնի, ես կսկսեմ ատել նրան, և դու երբեք չես իմանա՝ ինչու»:

Նաթան Հ.

«Երբ ինչ-որ տխուր բանի մասին ես խոսում, որքան ուժ ունեմ, գործադրում եմ, որ դեմքս կարեկցող արտահայտություն ստանա. ուզում եմ հավատաս, որ իսկապես ցավում եմ քեզ համար»։

Մարկ Ռ.

«Ես եռապատկում եմ թվերը, երբ խոսում ենք սեռական կյանքից: Մտածում եմ՝ եթե քեզ վրա «մաչոյի» տպավորություն թողնեմ, ինձ հետ սեքսից ավելի շատ կխոսես: Իսկ սա նշանակում է, որ քեզանից կկորզեմ այն ամենը, ինչ հուզում է կանանց անկողնում»:

Էվան Ֆ.

«Երբ ինձ դուր է գալիս քո ընկերուհիներից որևէ մեկը, ասում եմ քեզ, որ նա ինձ փոքր-ինչ տարօրինակ է թվում: Դու սկսում ես ապացուցել ինձ հակառակը` տրամադրելով այն ինֆորմացիան, որի կարիքը ես այդքան ունեի»:

Գայ Ն.

«Այդ փայլփլուն մինի՞ն, որը սիրում ես կրել ժամանցի վայրեր գնալիս: Ես քեզ ասում եմ, որ այն սեքսուալ է, և դա իսկապես այդպես է: Այն, ինչ ես քեզ չեմ ասում, հետևյալն է. այդ կիսաշրջազգեստով դու չափազանց մատչելի ես թվում»:

Ալեն Ռ.

«Եթե շարունակես պայքարել մի տղամարդու համար, ով իրականում հետաքրքրված չէ քեզնով, ի վերջո կողքիդ կլինի մեկը, ով չի գնահատում քեզ ըստ արժանվույն»:
cosmo.am