Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Դարբինյանը: Ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը:

Պարոն Դարբինյան, հաշվի առնելով, որ մեզ հետ ձեր նախորդ զրույցներում պատմել էիք պատերազմում ունեցած ներդրման մասին, կցանկանայի իմանալ՝ դուք ԵԿՄ անդամ եք, թե ոչ եւ վարչության կազմում ընդգրկված եք, թե ոչ:

Ես Երկրապահի անդամ եմ, բայց ոչ խորհրդի, ուղղակի անդամ եմ:

Վերջերս  բազմաթիվ անձինք դարձան ԵԿՄ վարչության անդամ, օրինակ՝ Սամվել Ալեքսանյան, Սուրեն Խաչատրյան, Արմեն Ղուլարյան, Տարոն Մարգարյան, ինչո՞ւ դուք էլ չդարձաք:

Որովհետեւ ես Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ եմ:

Բայց դա իրար չի հակասում չէ՞, ԵԿՄ վարչության նոր անդամները եւս ՀՀԿ-ական են:

Դա իրար չի հակասում, բայց ես այնտեղ եմ: Ամեն տեղ անդամագրվելով, նաեւ քաղաքապետի աշխատանքների հետ չեմ կարող ակտիվ աշխատել: Ժողովրդական ասացվածք կա չէ՞՝ եթե ամեն տեղ լինում ես ու ոչ մի տեղ ոչ մի բան չես անում, դա չի գնահատվում:

Բայց ԵԿՄ վարչության անդամները եւս բազմազբաղ են, վիրավորված չե՞ք, որ նույնիսկ բանակում չծառայած եւ ազատամարտին չմասնակցած անձանց ԵԿՄ վարչության անդամ են դարձրել:

Իսկ ո՞վ է ասում, որ իրենք վատ են աշխատում, իրենք էլ են լավ աշխատում: Դա ես չեմ որոշում, եթե մարդիկ որոշել են, ուրեմն՝ արժանիքներ ունեն, որոշողները իրենք են ընտրում՝ ով կարող է  դառնալ վարչության անդամ, ով՝ ոչ»:

Հիմա դուք վիրավորված չե՞ք, որ չընդգրկվեցիք ԵԿՄ վարչության կազմում:

Ոչ, ոչ, ես վիրավորված չեմ, ընդհակառակը՝ ողջունում եմ, իրենք են որոշում, թե ով կարող է դառնալ վարչության անդամ:

Իսկ ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավա՞րն եք:

Ես Վանաձորի ՀՀԿ կուսակցության խորհրդի նախագահն եմ եւ Երկրապահ կամավորական ընկերության անդամ:

Չե՞ք ցանկանում Մանվել Գրիգորյանի հետ խոսել այդ թեմայով:

Չէ, չէ, ես ԵԿՄ անդամ եմ, իսկ վարչության անդամի խիստ կրիտերիաներ կան, որոնց միգուցե ես չեմ համընկել, որ չեն ընտրել:

Իսկ դուք ինչո՞վ եք վատը Սամվել Ալեքսանյանից:

Իսկ ո՞վ է ասում, որ ես վատն եմ կամ նա ավելի լավն է, եթե ընտրվել են վարչության անդամ, նշանակում է՝ կամ լավն են, կամ վատն են, ոչ: Պարզապես այնտեղ խնդիրներ կան, որ իրենց պետք է եղել, որ էդ մարդը վարչության անդամ ընտրվի եւ ընտրվել է, իսկ ես ԵԿՄ անդամ եմ:

Իսկ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, ինչո՞ւ պետք է ուզեին, որ նրանք ԵԿՄ-ական դառնային:

Դա իրենք են ընտրում, այդ հարցերը իրենց կտաք:

Ի դեպ, նախորդ անգամ երբ մեզ հետ հարցազրույցում պատմել էիք ձեր պատերազմում ունեցած ներդրման մասին, գնդապետ Կամո Հովհաննիսյանը ասել էր «Ամոթ է»:

Ես պատերազմին մասնակցել եմ ոչ թե որպես զինվոր, այլ պատերազմում գործող զինվորներին օգնել եմ: Ամոթը թող իրեն ըլնի, ինքը ինձ չի կարա ամոթ ասի: Ես նորից եմ կրկնում, ես պատերազմին օգնել եմ, չեմ մասնակցել որպես զնվոր: Քո ասած մարդը պիտի օգնելը եւ պատերազմին մասնակցելը պետք է իրարից տարբերվի:

Դուք ի՞նչ կարծիքի եք՝ օգնելով՝ դուք մասնակցե՞լ եք պատերազմին, թե՞ ոչ:

Նայած ով ոնց է դա ակնկալում, ես եւ նաեւ յուրաքանչյուր հայ մարդ, պատրավոր էր պատերամզի ժամանակ օգնել իր երկրի զինվորին:

Հիշեցնենք, որ ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարին վարչության անդամ են ընտրվել մի շարք անձինք, որոնք ոչ միայն չեն մասնակցել պատերազմին, այլեւ նույնիսկ բանակում չեն ծառայել: ԵԿՄ վարչության անդամներից են պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը՝ «Լֆիկ Սամոն», Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը», Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը


Աղբյուր՝ news.am