Մի քանի օր հետո լրանալու էր Վիրաբ Ղազարյանի նկատմամբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատավճռի կայացման վեց ամիսը՝ այն ժամկետը, երբ կարելի է նյութական իրավունքի խախտման փաստով վերաքննիչ բողոք բերել ուժի մեջ մտած դատավճռի դեմ:
Խախտումը նկատել ու բողոքը բերել էր Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունը, որն էլ, ընդ որում ամիսներ առաջ հաստատել էր մեղադրական եզրակացությունը և ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը:
Վիրաբ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել հետևյալ արարքի համար:
25-ամյա Վիրաբ Ղազարյանը, նրա հետ ինտիմ կապի մեջ գտնվող Հեղուշ Հայրապետյանը և Գևորգ Մկրտչյանը Երևանյան լճի մոտից իրենց մեքենան են նստեցրել Իրանի քաղաքացի Ֆարթուս Մոհամադռեզայի Ղորբանուն:
Վերջինս ասել է, թե ուղևորվում է «Բանգլադեշ» թաղամաս: Նրան նստեցրել են հետևի նստատեղին՝ Հեղուշի կողքին: Ըստ Հեղուշի՝ մեքենայի մեջ Ղորբանին իր բջջային հեռախոսով գրել է «15.000» ու ցույց տվել իրեն: Ինքը անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել: Իրանցին գրել է՝ «20.000»: Հեղուշը «հասկացել է», որ Ղորբանին իրեն մարմնավաճառի տեղ է դրել, այդ մասին հայտնել է Վիրաբին ու Գևորգին: Որոշել են կողոպտել իրանցուն՝ մտածելով, թե նրա մոտ գումար կլինի:
«Եռաբլուր» համալիրի մոտից շրջադարձ են կատարել՝ մեքենայի ընթացքի ուղղությունը փոխելով դեպի Նժդեհի հրապարակ: Հեղուշը, որպես ենթադրյալ մարմնավաճառ, սկսել է սակարկել Ղորբանու հետ՝ առաջարկված գնի կապակցությամբ: Միաժամանակ, նա մտքում գնահատել է իրանցու Iphone-ը
Գևորգը մեքենան վարել է դեպի Շիրակի փողոց, հետո թեքվել է դեպի Արարատյան փողոց, Երևան-Մասիս մայրուղուն հասնելով՝ թեքվել դեպի ձախ, անցել երկու կիլոմետր:
Ղորբանին հասկացել է, որ սխալ են ընթանում, այդպես «Բանգլադեշ» չի հասնի, անհանգստացել, պահանջել է կանգնեցնել մեքենան:
Գևորգը մեքենան վարել է Նորաբաց գյուղի ճանապարհով: Ղորբանին մեքենայի լուսամուտից դուրս է նետել իր դրամապանակը: Հեղուշը նկատել է դա, մեքենան կանգնեցրել, դուրս է եկել դրամապանակը վերցնելու: Ըստ Հեղուշի՝ դրամապանակի մեջ եղել են փաստաթղթեր:
Գևորգը «մանի-մանի» ասելով՝ գումար է պահանջել: Ղորբանին տվել է 50 դոլար, 12 հազար դրամ: Կողոպտիչները վերցրել են նաև նրա «Այֆոն» հեռախոսը: Գևորգը շորի կտորներով փակել է մեքենայի պետհամարանիշը, Ղորբանուն իջեցրել են, ցույց տվել դեպի Երևան տանող ճանապարհը, իսկ իրենք մեքենայով հեռացել են:
Հափշտակած գումարը թողել են Գևորգի մոտ, որ պարտքերը մարի, իսկ իրանցու հեռախոսը վաճառել ու գումարը կիսել են Հեղուշն ու Վիրաբը:
Տուժողը կողոպտիչների հեռանալուց հետո մոտ երեսուն րոպե քայլել է, հասել մայրուղի, որտեղից պատահական տաքսիով հասել է Երևան ու ոստիկանությունում հաղորդում տվել կատարվածի մասին:
Հեղուշը բռնվել ու դատապարտվել է:
Հետախուզման մեջ գտնվող Վիրաբ Ղազարյանը հայտնաբերվել է Ռուսաստանում: Տեղափոխվել է Հայաստան:
Ռուսաստանից Ղազարյանին հանձնելու փաստաթղթերում հանձնող կողմը համաձայն է եղել միայն կողոպուտի մեղադրանքին: Բայց նախաքննական մարմինը, այնուամենայնիվ, անտեսելով հանձնող կողմի հետ ունեցած պայմանավորվածությունը, Վիրաբ Ղազարյանին մեղադրանք է առաջադրել ոչ միայն կողոպուտի, այլև մարդու առևանգման համար:
Ընդհանուր իրավասության դատարանն էլ հաստատված է գնահատել երկու մեղադրանքները և Վիրաբ Ղազարյանին մարդու առևանգման համար դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման, կողոպուտի համար՝ 3 տարի 6 ամիս ազատազրկման, վերջին հաշվով՝ 5 տարի 6 ամիս ազատազրկման:
Դատավճիռը չի բողոքարկվել, մտել է ուժի մեջ:
Ու այդ ժամանակ դատախազությունում հայտնաբերել են, որ մարդու առևանգման համար, ըստ հանձնող կողմի հետ ունեցած պայմանավորվածության, Վիրաբ Ղազարյանը չպետք է մեղադրվեր ու չպետք է պատժվեր: Փաստորեն, ոչ ավել, ոչ պակաս՝ խախտվել էր Մինսկի կոնվենցիան: Մեղադրանքի կողմը բողոքարկման վեց ամիսը լրանալուց մի քանի օր առաջ բողոք էր բերել՝ պահանջելով մարդու առևանգման համար դադարեցնել Վիրաբ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Միաժամանակ, վերաքննիչ բողոքով առաջարկվել էր խստացնել կողոպուտի համար նշանակված պատիժը և Ղազարյանին դատապարտել 5 տարի ազատազրկման:
Վերաքննիչ քրեական դատարանը, իհարկե, Մինսկի կոնվենցիայի խախտումը վերացրեց՝ Վիրաբ Ղազարյանին արդարացնելով մարդու առևանգման համար մեղադրանքում:
Դատարանը հաշվի առավ, որ մեղադրանքի ու պաշտպանական կողմերը ժամանակին չէին բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, ասել կուզի՝ համաձայն էին եղել նշանակված պատիժներին: Այնպես որ՝ Վիրաբ Ղազարյանի պատիժը կողոպուտի համար չխստացվեց, այլ մնաց ընդհանուր իրավասության դատարանի կողմից սահմանված՝ 3 տարի 6 ամիս ազատազրկումը:
Ահա այսպես Մինսկի կոնվենցիան թեթևացրեց Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Վիրաբ Ղազարյանի վիճակը:
Կին ու մանկահասակ երեխա ունեցող Վիրաբին մնում էր լայն ժպիտով հեռանալ վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից:
1in.am