Հաճախ սեքսուալ կյանքում դժգոհ կանայք նույնիսկ չեն էլ փորձում զուգընկերոջ հետ զրուցել իրենց գաղտնի ցանկությունների մասին` վախենալով նրան վիրավորել կամ բարկացնել: Ինտիմ զրույցը հետաձգում են մի շաբաթով, ամսով, տարով… Եվ իզուր: Որովհետև հոգու խորքում այդ ընթացում կուտակվում են չիրականացված ցանկությունները, թաքնված վիրավորանքները, իսկ այդ ամենը ձեր սիրո աշունը գարուն չի դարձնում:
Սերը ենթադրում է փոխգործակցություն, հետևաբար, հաճույքը պետք է ստանան երկու զուգընկերներն էլ: Եվ եթե քնքուշ հպումները, ամաչկոտ ակնարկներն ու խոսուն հայացքները չեն բավականացնում միմյանց հասկանալու համար, ուրեմն ժամանակն է ամեն ինչի մասին խոսել անկեղծ ու շիտակ` առանց ամաչելու ու շիկնելու:
Ապացուցված գիտական փաստ է` այն կանայք, որոնք չեն ամաչում բացեիբաց ասել զուգընկերոջը իրենց ինտիմ ցանկությունների մասին, ավելի հեշտությամբ են օրգազմի հասնում և միանգամայն գոհ են իրենց սեռական կյանքից: Կարևորը` մտքերդ հստակ արտահայտելն է:
Կնոջ սեքսուալությունը մեծ մասամբ պայմանավորված է նրա խառնվածքով: Այսինքն` սեքսուալության մեջ էական դեր են կատարում գենետիկական, նյարդային և հորմոնալ գործոնները:
Սեռական ֆունկցիան, ի տարբերություն ֆիզիոլոգիական մյուս ֆունկցիաների, որոշվում է տարիքով, այսինքն սեքսուալ դրսևորումներն առաջանում են սեռական հասունացման` արբունքի շրջանում: Որոշակի տարիքի բնորոշ են սեքսուալ դրսևորումների որոշակի առանձնահատկություններ:
Կանանց զգալի մասը սեռական մերձեցման ժամանակ օրգազմ չի ապրում: Սակայն կինը, նույնիսկ հեշտանքի բացակայության դեպքում, կարող է մերձեցումից ստանալ խորը հոգեկան բավարարվածություն: Կնոջ սեքսուալության առանձնահատկության նախապայման է տղամարդու կողմից կնոջ հոգեբանական նախապատրաստումը սեռական հարաբերությանն այնպես, որ կինը կարողանա ստանալ լիակատար սեռական բավարարվածություն: Այդ կապի մեջ չի կարելի թերագնահատել նախնական փաղաքշանքների դերը, հատկապես, եթե կնոջ սեքսուալությունը դեռևս չի արթնացել:
Մեծ նշանակություն ունեն էրոգեն գոտիները, այսինքն` մարմնի այն մասերը, որոնց գրգռումն առաջացնում է սեռական դրդվածություն: Հատկանշական է, որ կնոջ մոտ, ի տարբերություն տղամարդու արտասեռական էրոգեն գոտիները ձեռք են բերում մեծ նշանակություն, երբեմն նույնիսկ գերազանցում են սեռականին:Կանանց մոտ էրոգեն գոտի կարող է լինել մարմնի ցանկացած մասը, ընդ որում, մարմնի որևէ մասի գրգռումը կարող է սեռական գրգռում առաջացնել որոշ կանանց մոտ, իսկ ոմանց էլ նույն մասի գրգռումը կարող է տհաճություն պատճառել: