– Վերջերս հայ երգչուհիների մոտ մոդա է դարձել իրենց երեխաներին արտերկրում ունենալ, քո երեխան նույնպես ծնվել է արտերկրում: Ինչո՞ւ որոշեցիր, որ նա չպիտի Հայաստանում ծնվի:
– Իմ տարբերակը մի փոքր այլ էր: Ես առողջապես վատ էի, մեր երկրում ինձ հույս չէին տալիս: Ես արդեն 5 ամսվա հղիություն ունեի, երբ հասկացա, որ լավ չեմ: Տեղի բժիշկներն ասում էին, որ 75 տոկոս հավանականություն կա, որ ինձ մոտ ամեն բան վատ ավարտ կունենա: Այդ նույն ժամանակահատվածում ես ԱՄՆ-ում երգի ձայնագրում ունեի: Երբ հասա այնտեղ, հասկացա, որ այլևս ի վիճակի չեմ գործերս շարունակելու: Անկողնային ռեժիմով անցկացրի իմ հողիության մնացյալ ժամկետը: 8 ամսականում իմ բալիկը ծնվեց:
– Ինչպիսի՞ն էր՝ մինչ բալիկիդ ծնվելը, «մայր» ասվածի նշանակությունը քեզ համար, և ինչպիսի՞ն է այն հիմա:
– Ասում են, արածներիդ համար պետք չէ ափսոսալ, չարածների համար է պետք ափսոսալ: Երբ մտովի հետ եմ գնում, հասկանում եմ, որ ավելի ճիշտ է վաղ տարիքում բալիկ ունենալը: Դու այդ երեխայի մեծանալն այնքան էլ չես զգում, քեզ մոտ նյարդային վիճակներ չեն լինում, կյանքի վատ իրադարձություններն իրենց դրոշմը քո հոգում թողած չեն լինում: Ամեն բան այդ պարագայում ավելի հեշտ է լինում: Իմ տարիքում (չնայած այն այնքան էլ մեծ չէ, որքան շատերն են կարծում), միգուցե դա գալիս է նրանից, որ վաղ տարիքից եմ երգել, բայց մարդիկ ավելի նյարդային են: Հոգսերն ու խնդիրներն ամեն մեկի վրա անդրադառնում են, բայց ես աշխատում եմ, որ այդ ամենը երեխայի վրա չանդրադառնա:
– Ինչպիսի՞ն է քո բալիկը:
– Շատ շարժուն երեխա է: Նա ինձ անգամ չի թողնում, որ իրենից բացի՝ որևէ այլ բանի մասին մտածեմ: Եթե որևէ սխալ բան է անում, գալիս-ասում է` «կներես, մամա ջան, ես էլ չեմ անի, կներես, հա՞»:
– Բալիկիդ խնամքով միայն դո՞ւ ես զբաղվում:
– Արդեն 3 տարի է` իմ բալիկին ամառային հանգստի ժամանակ ուղարկում եմ ԱՄՆ: Ուզում եմ, որ իր ժամանակը լավ անցնի, հետո էլ` այնտեղ անցնում է անհրաժեշտ բժշկական հետազոտությունները: Հիմա նա այստեղ չէ: 2 ամիս այնտեղ կմնա: Շատ մերվող, շուտ միջավայրին հարմարվող երեխա է:
– Ո՞ւմ մոտ է այնտեղ բալիկդ բնակվում:
– Ընկերուհիս է հոգ տանում իր մասին: Ամեն տարի տանում է իր մոտ: Այնտեղ երեխան մանկապարտեզ է հաճախում, շփվում է երեխաների հետ: Մի խոսքով` օրը շատ հագեցած է անցնում:
– Իսկ առանց նրա ո՞նց ես դիմանում: Դժվար չէ՞:
– Շատ դժվար է: Բայց իմ աշխատանքից երկար ժամանակ չեմ կարող կտրվել: Ես Հայաստանում եմ ապրում, Հայաստանում եմ աշխատում: Ես չեմ կարող իմ գործը երկար ժամանակով թողնել:
– Երբ բալիկդ Հայաստանում է, ո՞վ է քեզ օգնում իր խնամքի հարցում:
– Մայրս է օգնում: Նա գիտի, որ ուտելու և քնելու հարցերը միայն պետք է լուծի մայրս, մնացյալ հարցերով՝ ինձ է դիմում: Կատարել ենք աշխատանքի բաժանում, ամեն մեկս մեր բաժինն ունենք:
– Ո՞նց ընկալեցիր այն փաստը, որ մայր ես դառնալու:
– 30-ից հետո երեխա ունենալն իր օգտակար կողմն ունի: Դու ավելի պատրաստ ես լինում դրան, դու հասուն ես, մտածված, գիտակցված ես դիմում այդ քայլին: Բայց մնացած պարագաներում՝ ավելի լավ է վաղ տարիքում երեխա ունենալ:
– Նոր տեսահոլովակներ չունես, ինչո՞ւ:
– Որովհետև չեմ կարողանում դրանք նկարել: Երևի տեղյակ կլինեք գներից կամ մնացած այլ ծախսերից: Երբ աշխատում ես անգամ մի քանի վայրում, բայց գիտես, որ բալիկ ունես, ում մասին պետք է լավ հոգ տանես, հասկանում ես, որ տեսահոլովակի համար գումար տրամադրել չես կարող:
Բոլոր երեխա ունեցողները կհամաձայնվեն, որ երեխա պահելը ամենածախսատար գործն է: Ամեն տարի ես պատրաստվում եմ ձայներիզս թողարկել կամ այլ աշխատանքներ կատարել, բայց չի ստացվում: Գալիս է երեխայի երկրից գնալու ժամանակը, և ես հավաքած գումարը ծախսում եմ երեխայիս վրա: Իսկապես, երկար ժամանակ է, ինչ ինձ կողքի եմ պահել այս ամենից, բայց հույս ունենամ, որ երկար չի ձգվի:
– Դու բավարարվո՞ւմ ես նրանով, ինչ այսօր ունես:
– Ես բավարարվող չեմ, սակայն պայմաններն այնպես են դասավորվել, որ դու ստիպված բավարարվում ես սրանով: Ժամանակին ես նույնպես անընդհատ աշխատանքներ էի անում: Սա թվով իմ 7-րդ ձայներիզն է, նշանակում է` պարապ նստող երգչուհիներից չեմ:
Բոլորն են տեղյակ, որ կոնկրետ հեռուստատեսություններում գոյություն ունեն մարդիկ, ովքեր իրենք են որոշում՝ դու կլինե՞ս եթերում, թե՞ ոչ: Պատնեշ են շարում քո դիմաց: Սկզբում դու սկսում ես պայքարել, քո գործով փորձում ես ապացուցել, որ քեզ սիրում են, բայց գալիս է մի պահ, որ այդ ամենին այլ կերպ ես նայում: Այդ ամսին ես անգամ եթերով խոսեցի, անգամ մարդիկ, ում հասցեագրված էր խոսքս, հեռվից հեռու փորձեցին ինձ համոզել, որ նման բան չկա: Ես երգում եմ մաքուր էստրադա, ես խոսել գիտեմ, ես ունեմ եթերային արտաքին: Ունեմ ամեն ինչ, ինչ պետք է եթերի մարդուն, բայց երևի ես կխանգարեի նրանց սիրեցյալներին:
10 տարուց ավելի է` այդ խնդիրը կա: Վերջում մի պահ եղավ, որ հասկացա, որ պայքարել չեմ կարող: Որոշեցի բավարարվել այն ամենով, ինչ ունեմ: Սկսեցի մտածել այլ երկրներում հյուրախաղեր ունենալու, հանդես գալու մասին: Իրենք բերեցին-հասցրին այն վիճակին, երբ դու քո երկրի հետ հույսեր կապել չես կարող:
168.am