«Ընկերոջիցս բաժանվեցի հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերից հրաժարվելուց երկու ամիս անց: Նրա հանդեպ զգացմունքներս ամբողջովին փոխվել էին, չնայած այն հանգամանքին, որ մեր հարաբերություններում որևէ փոփոխություն տեղի չէր ունեցել: Կասկած չունեմ, որ հորմոններն այստեղ որոշակի ազդեցություն ունեին»: Այս մեկնաբանությունն իր տեսակի մեջ միակը չէ. նմանատիպ մեկնաբանություններ սկսեցին ավելի հաճախ հնչել, երբ հրապարակվեց հակաբեղմնավորիչ հաբերի մասին ուսումնասիրությունը:
Որքան էլ տարօրինակ է, փորձագետները պնդում են, որ հակաբեղմնավորիչները (հաբեր, հորմոնալ հակաբեղմնավորիչներ, ներարգանդային պարույրներ, ներարկումներ) կարող են «ապակողմնորոշել» քեզ։ Արդյունքում՝ դու կընտրես զուգընկեր, ով, հնարավոր է, քեզ չբավարարի:
Ուսումնասիրության առաջատար փորձագետ Քրեյգ Ռոբերտսը (Շոտլանդիայի Ստիրլինգ համալսարան) հավատացած է, որ հորմոնալ հակաբեղմնավորիչները հավելյալ կիրք ու ցանկություն են առաջացնում և կանանց առաջարկում է ամուսնությունից մի քանի ամիս առաջ հրաժարվել դրանցից: Նա պնդում է, որ այս կերպ դու կկարողանաս հասկանալ` արդյոք դեռ տենչում ես ընկերոջդ «բնական» վիճակում: Համաձայնեք՝ բավական համարձակ ու խենթ հայտարարություն է, որը հիմնավորման կարիք ունի: Եվ Cosmo-ն, ինչպես միշտ, ստանձնում է այդ գործը:
Թվերը չեն ստում
Սկսենք վիճակագրական տվյալներից։ Ռոբերտսն ու իր յոթ գործընկերները ուսումնասիրության շրջանակում հարցումներ են անցկացրել առնվազն մեկ երեխա ունեցող 2519 կանանց շրջանում: Հարցումներն ընդգրկել են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չեխիան, Բրիտանիան և Կանադան: Այս կանանցից 1005-ը ամուսնանալուց առաջ հակաբեղմնավորիչ հաբեր են օգտագործել, իսկ 1514-ը` ոչ: Այնուհետև երկու խմբին էլ խնդրել են գնահատել իրենց հարաբերությունները ընդհանուր բավարարվածության, սեռական հաճույքի, ինչպես նաև՝ իրենց զուգընկերոջ գրավչության տեսակետից:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանայք, ովքեր հորմոնալ հակաբեղմնավորիչներ են օգտագործել հարաբերությունների սկզբնական շրջանում, իսկ հետո դադարեցրել են, որպեսզի հղիանան, «միտված էին իրենց զուգընկերներին համարել ոչ այնքան գրավիչ, սեռական կյանքում պասիվ և ավելի հավանական էին համարում մոտալուտ բաժանումը»: Սակայն փոխարենը նրանք իրենց զուգընկերներին գնահատել են որպես լավ հայրեր: Փաստորեն, երբ խոսքը չի վերաբերում սեռական կյանքին, նրանք ավելի գոհ են իրենց հարաբերություններից, քան մյուս խմբի հարցված կանայք:
Հակաբեղմնավորիչները և ուղեղը
Շարունակենք ծանոթանալ ուսումնասիրության արդյունքներին. երբ կինը հակաբեղմնավորիչներ չի օգտագործում, նրա բնական հորմոնները փոխում են ամսվա ընթացքը: Այս տատանումները ցույց են տալիս, որ ցիկլի որոշակի օրերի ավելի հավանական է, որ կինը հակված լինի ալֆա տղամարդկանց, իսկ այլ օրերի` տղամարդկանց հոգատար, վստահելի տեսակին, ովքեր այդքան էլ գրավիչ չեն, բայց որպես կանոն, լավ հայրեր են:
Հակաբեղմնավորիչ հաբը կայունացնում է այս հորմոնալ տատանումները, և որպես արդյունք այս վստահելի, սակայն ոչ այնքան հրապուրիչ երիտասարդները շատ ավելի հրապուրիչ ու գրավիչ են թվում:
Սակայն մի պահ սպասեք. դեռ զենքերը վայր դնելու ժամանակը չէ: Մինչ Ռոբերտսը համառորեն պնդում է, որ կանայք պետք է ժամանակավորապես դադարեցնեն հաբերի ընդունումը, եթե ցանկանում են համոզվել, որ իրենց գրավում է հենց այդ տղամարդը, մյուս փորձագետներն այլ կարծիքի են:
«Հակաբեղմնավորիչներին յուրաքանչյուր օրգանիզմ տարբեր կերպ է արձագանքում. դա անհատական է,- ասում է Կարեն Բոյլը՝ Բալթիմորի Ուրոլոգիայի ասոցիացիայի հեղինակավոր փորձագետներից մեկը: – Որոշ կանանց մոտ լինում են տրամադրության տատանումներ, իսկ ոմանք հավաստիացնում են, որ հորմոնալ հակաբեղմնավորիչները կայունացնում են իրենց տրամադրությունը. ահա` ինչու չենք կարող հաստատապես ասել, որ բոլոր կանանց վրա դրանք նույն կերպ են ազդում»:
Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտսի անցկացրած հարցմանը, որի ժամանակ կանայք նշել էին, թե իրենք սեռական ցանկության անկում են ապրել հակաբեղմնավորիչների ընդունումը դադարեցնելուց հետո (հիշեցնենք, որ այդ խմբում ընդգրկված կանայք ունեին 1 երեխա և անցել էին թե՛ հակաբեղմնավորիչների ընդունման և թե՛ դրանց դադարեցման փուլը), Բոյլի համախոհները համոզված են, որ պատճառը պետք է փնտրել երեխաների մեջ: Ըստ նրանց՝ այս փոքրիկ, պաշտելի էակները կարող են սպանել սեռական ցանկությունը: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաները կարող են բացասական կերպով ազդել կանանց լիբիդոյի վրա,- ասում է դոկտոր Ուայդերը: – Ահա սա է պատճառը, որ հարցվող կանայք ասել են, թե սեռական ցանկության անկում և անբավարարվածության զգացում են ունենում»:
Եվ վերջապես, փորձագետը նշում է, որ բոլորը, անկախ նրանից, օգտագործում են հակաբեղմնավորիչներ, թե ոչ (այդ թվում և՝ տղամարդիկ), ենթարկվում են հորմոնալ տատանումների: Ուստի երբ գտնում ես ճիշտ մարդու, ձեր հարաբերությունները պետք է բավականաչափ կայուն լինեն`այդ տատանումներին դիմակայելու համար:
COSMO.am